Միլերովոյի ռազմական օդակայանում այրված ՍՈՒ-30-ի մասին տեղեկությունը ճիշտ է․ WarGonzo-ն կրկին կեղծիք է տարածում․ FIP.am

Ռուսական լրատվական կայքերում այսօր տեղեկություն տարածվեց, որ Ռոստովի մարզի Միլերովո քաղաքի մոտակայքում լսվել է պայթյունի ձայն։ Ըստ աղբյուրի, պայթյունը տեղի է ունեցել ժամը 6-ի մոտակայքում։ Նյութում ասվում է, որ պայթյունի ժամանակ հրդեհ է բռնկվել և կան տուժածներ։ 

Այնուհետև WarGonzo-ն տելեգրամյան ալիքում հաղորդագրություն տարածեց, ըստ որի, պայթյունի պահին բոլոր ինքնաթիռներն օդում են եղել և կատարել են մարտական առաջադրանք, հետևաբար, որևէ ինքնաթիռ այդ պայթյունից չի տուժել։ 

Ժամեր անց ուկրաինական Unian տելեգրամ ալիքը գրեց, որ հարվածի արդյունքում ոչնչացվել է մի քանի ժամանակակից ինքնաթիռ, որին կից տեղադրեց լուսանկար։ Ըստ ալիքի պնդման՝ լուսանկարում այրվում է ռուսական ՍՈՒ-30 կործանիչ ինքնաթիռը։ 

Unian տելեգրամ ալիքի հրապարակած լուսանկարում ակնհայտ երևում է, որ այրվողն ինքնաթիռի դիմացի հատվածն է, ընդ որում, այրվում է հենց ՍՈւ-30։

ՍՈւ-30 կործանիչը

Բացի այդ, «Փաստերի ստուգման հարթակը» տեղորոշել է լուսանկարի վայրը, ինչն էլ ապացուցում է, որ տարածվող լուսանկարներն ու տեսանյութերը հենց Միլերովո քաղաքի ռազմական օդանավակայանից են։

Ավիահարվածից հետո արված հետևյալ լուսանկարում կարող ենք տեսնել  օդանավակայանի ճյուղավորման երեք ուղղությունները (կարմիր գույնով), աջ կողմում նշմարվող ճանապարհը (կանաչ գույնով) և այդ ճանապարհի վերջում երևացող շինությունը (դեղին գույնով)։ 

Հաջորդ լուսանկարում տեսնում ենք նույն կողմնորոշիչները Google Earth-ի արբանյակային լուսանկարում։ Հրդեհի մոտավոր վայրն այս կոորդինատային հասցեում է:

Ինչ վերաբերում է ուկրաինական լրատվամիջոցի այն պնդմանը, թե ոչնչացվել է մի քանի ռազմական ժամանակակից ինքնաթիռ, ապա կարող ենք առնվազն փաստել, որ տարածված տեսանյութերից մեկում երևում են հրդեհի մի քանի օջախներ։

Այսպիսով, ըստ փաստական տվյալների, ուկրաինական հրթիռի հարվածից Միլերովո քաղաքի ռազմական օդանավակայանում այրվել է առնվազն մեկ ՍՈւ-30 ինքնաթիռ, իսկ WarGonzo տելեգրամ ալիքը կրկին կեղծիք է տարածում՝ պնդելով, թե հարվածի պահին բոլոր ինքնաթիռներն օդում են եղել։

Փաստերի ստուգման հարթակ