Ահաբեկիչ վարձկանները օգտագործվում են որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի, որպես առաջին շարքի մեր բնագծերը, պատնեշները հաղթահարելու միջոց․ Հովհաննիսյան

Ահաբեկչական հրոսակախմբերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից օգտագործվում են որպես թնդանոթի միս։ Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ նման եզրահանգման եկել են հատկապես վերջին օրերին, քանի որ առաջին շարքերում հենց վարձկան ահաբեկիչներն են։ «Նրանք օգտագործվում են որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի, որպես առաջին շարքի մեր բնագծերը, պատնեշները հաղթահարելու միջոց», -նշեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով պատերազմական գործողությունների բնույթին, Հովհաննիսյանն ասաց, որ պատերազմը իր սաստկությունը կորցրել է, բայց եթե առանձին տեղերում բախումներ լինում են, ապա լինում են նույն հրետանու, նույն օդուժի և այլ միջոցների կիրառությամբ։

«Հիմնականում քիչ է կիրառվում զրահատեխնիկա, որովհետև մեր հրետանային և հակատանկային միջոցները գրեթե ամեն մի խոշոր թիրախ անմիջապես ոչնչացնում են», -նշեց Հովհաննիսյանը։

Հարցին, թե արդյոք այսօր գերի ընկած սիրիացի վարձկան ահաբեկիչը միակն է, թե էլի կան այդպիսիք, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց, որ գերեվարված ահաբեկիչների թիվ չի կարող նշել։

«Եթե անհրաժեշտություն լինի, ՊՆ-ն կներկայացնի։ Եվ կարող են լինել մարդիկ, որոնց չեն կարող ցուցադրել», -հավելեց նա։