«Պետք է նրանց ասենք՝ դուք առաջին հանրապետության ժառանգորդն եք, գնացեք նստեք ձեր տեղը». ըստ քարտեզագետի՝ մինչև 1932 թվականը անկլավ գոյություն չի ունեցել

Քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը անընդունելի է համարում այսպես կոչված ադրբեջանական անկլավների մասին ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունները:

«Եթե Ադրբեջանը պահանջում է, որ անկլավները իրենց վերադարձվեն, ապա պետք է նրանց հիշեցնել՝ իրենք պաշտոնապես հայտարարել են, որ 1918-1920 թթ. Ադրբեջանի Հանրապետության ժառանգորդն են և չեն ընդունում Սոցիալիստական Ադրբեջանը, նրանց Սահմանադրության մեջ է այդպես նշված: Մինչև 1932 թվականը որևէ տեղ անկլավ գոյություն չի ունեցել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ադրբեջանցի պաշտոնյաներին արձագանքում է Ռուբեն Գալիչյանը:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը երեկ խոսել էր Ղազախի շրջանի 7 գյուղերի և Տիգրանաշենի (Քյարքի) հնարավոր վերադարձի մասին՝ նշելով, որ գործընթացն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան։ «Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ տարածքները Ադրբեջանի տարածքը չեն։ Դրանք Ադրբեջանի տարածքն են։ Քանի որ այդ տարածքների վերադարձն Ադրբեջանին պահանջում է սահմանազատման գործընթաց, հարցը կդիտարկվի հենց այս շրջանակներում։ Կքննարկվի Ադրբեջանին այդ տարածքների վերադարձը, և լուծում կգտնվի»,- նշել էր ադրբեջանցի պաշտոնյան։

Գալիչյանը պնդում է՝ ինքն ունի մինչև 1932 թվականի քարտեզներ, որոնցից պարզ է՝ Ադրբեջանը Հայաստանում անկլավ չի ունեցել: Ինչ վերաբերում է Տիգրանաշենին, ապա այդ բնակավայրը ավելի ուշ՝ 1940-ին է տրվել նրանց:

«Իրենց ասածն օդի մեջ է, որևէ հիմք չունի: Հենց իրենք են հայտարարել, որ առաջին հանրապետության ժառանգորդն են: Բացի այդ, այդ ժամանակաընթացքում Նախիջևանն էլ Հայաստանի տարածքում էր: Այդ դեպքում պետք է Նախիջևանը անմիջապես վերադարձնել Հայաստանին և հետո նոր սկսել բանակցել»,- ընդգծում է մասնագետը:

Նրա պնդմամբ՝ հայկական կողմը անկլավների հետ կապված բանակցություններում անպայման պետք է ներկայացնի այդ հակափաստարկը. «Մենք պետք է նրանց ասենք՝ դուք առաջին հանրապետության ժառանգորդն եք, համեցեք, գնացեք ձեր տեղը նստեք»:

Հարցին, թե հնարավո՞ր է նման փաստական հանգամանքները մատնանշելով բանակցություններում հաջողության հասնել, Գալիչյանն արձագանքում է. «Եթե հաջողության չհասնեն, կա միջազգային դատարան: Դա հո ես չեմ ասում, իրենց Սահմանադրությունն է ասում, որ այդ երկիրը 1918-1920 թվականների ժառանգորդն է: Ի՞նչ է իրենց ուզածը, որտեղ ձեռնտու է՝ դիմում են 18 թվի քարտեզին, որտեղ ձեռնտու չէ՝ դիմում են 1970-ականների սովետական քարտեզին: Երկակի ստանդարտներ չպետք է լինեն: Նույնն անում են իրենց ազգության վերաբերյալ. երբ բանակցում են եվրոպացիների հետ, ասում են՝ մենք քրիստոնյա աղվանների շառավիղներն ենք, հետո, երբ Թուրքիայի հետ են բանակցում, ասում են՝ մենք նույն թուրք ժողովուրդն ենք՝ բաժանված երկու երկրների միջև: Որտեղ հարմար է՝ էնտեղ են խցկվում»:

Ըստ մասնագետի՝ Ադրբեջանն ապօրինի գործողությունների է դիմել՝ 1920-30-ական թվականներին Հայաստանից վերցրել են տարածքներ Կարմիր Քրդստան գավառը հիմնելու պատրվակով, բայց չեն հիմնել: «Խորհրդային Միությունը որոշեց Հայաստանից արոտավայրեր, դաշտեր տալ Ադրբեջանին՝ Կարմիր Քրդստան գավառը հիմնելու համար: Այդ գավառը պետք է լիներ Արցախի և Հայաստանի միջև՝ Քարվաճառ-Լաչին հատվածում, բայց 1932 թվականին այդ որոշումը չեղյալ համարեցին, իսկ էդ հողերը հետ չտվեցին: Դա ապօրինի գործողություն է. որոշումը չկատարվեց, դրանք պետք է վերադարձվեին տիրոջը»,- ասում է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծման մասին կողմերն արդեն ունեն համաձայնություն: Երեկ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ համաձայնություն կա՝ դրանց նախագահները կլինեն փոխվարչապետները:

Ոռւբեն Գալիչյանն ասում է՝ իրեն չի առաջարկվել ընդգրկվել հանձնաժողովի կազմում: Հարցին՝ դեմ չէ՞, որ լինի, արձագանքում է. «Եթե կարիքը կա, կարող եմ որպես խորհրդատու լինել»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am