«Համատեղ հայտարարությունը քայլ էր դեպի միութենական պետություն, որը փաթեթավորեցին՝ որպես խնդիրների լուծում». Արեգ Քոչինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը

– Պարո՛ն Քոչինյան, երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպե՞ս եք գնահատում այցն ու երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը։ Ի՞նչ կարևոր արձանագրումներ կան հայտարարության կետերում։

 – Առանձին կետերի մասին դեռ վաղ է խոսել, որովհետև դրանք, հույս ունեմ, դեռ կբացվեն։ Հանդիպումը, ընդհանուր առմամբ, բացասական եմ գնահատում, որովհետև այն խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են ու որոնք մեծացնում են ռուսական ազդեցությունը Հայաստանում, չեն անհետացել, իրենք չեն զբաղվել այդ խնդիրների լուծմամբ մինչև այս հանդիպմանը գնալը, և, որպես դրա հետևանք, այս հանդիպումը ևս մեկ քայլ էր դեպի Ռուսաստանի հետ ինտեգրացիա, ընդ որում՝ հարցերի շուրջ, որոնց մասով աշխարհում էլ ոչ մեկը Ռուսաստանի հետ չի խոսում, իսկ մենք մեր ինտեգրացիան Ռուսաստանի հետ խորացնում ենք։

Ի տարբերություն շատ ու շատ գործիչների, ես ոչ թե սրտնեղած եմ կամ խնդիր եմ տեսնում բուն հանդիպման մեջ, որովհետև հանդիպման ժամանակ տեղի ունեցածը ընդամենը հետևանք է այն տնային աշխատանքը չանելուն, որը մենք չենք արել, իսկ դա Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման աշխատանքն է։

Տասնամյակներ է՝ սա չենք անում, հետո գնում ենք Ռուսաստան, ավելի ենք կախվածության մեջ ընկնում, ասում ենք՝ էս ինչ վատ բան եղավ, մենք ռուսներից ավելի կախված դարձանք։ Ու այս միտումը, ի վերջո, բերելու է մեր պետականության կորստին, ա՛յ հենց այսպես ենք պետությունը կորցնելու՝ Ռուսաստանի հետ անընդհատ խորացնելով մեր ինտեգրացիան։

– Ճի՞շտ հասկացա ձեզ, նկատի ունեք, որ Հայաստանն ու Ռուսաստանը այս պահի կարևորագույն հարցերին չեն անդրադառնում, փոխարենը այլ հարցերի լուծմա՞մբ են զբաղված։

– Չէ՛, կարևորագույն խնդիրները, որոնք Հայաստանի առջև ծառացած են, դրանց լուծումները Ռուսաստանում չեն, դրանց ակունքներն են այնտեղ, և փորձել գնալ դրանց լուծումները Ռուսաստանում գտնելու՝ նման է ինքնասպանության։ Միևնույն ժամանակ՝ ասում եմ, որ չենք փորձում այդ խնդիրները լուծել։

– Չե՞նք կարողանում լուծել, թե՞ ցանկություն չկա, պարո՛ն Քոչինյան։

– Չենք էլ փորձում։ Կարծում եմ, որ մեր իշխանությունները մի անգամ ընդամենը հայտարարություն արեցին խորհրդարանում (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված ելույթները նախորդ շաբաթ.- խմբ.), համարեցին, որ դա բավարար էր, մինչդեռ պետք էր ոչ թե ամբիոնից իշմարներով խոսել ժողովրդի հետ, այլ գործել ու գնալ հարաբերությունների կարգավորման։ Ռուսաստանից բերածը չի լինելու հարաբերությունների կարգավորում, լինելու է լրիվ ուրիշ բան։

– Օրինակ՝ ի՞նչ։

– Լավագույն դեպքում դա լինելու է խնդիրների առկախում, որի դիմաց մենք վճարելու ենք մեր ինքնիշխանությամբ։

– Կարծում եք, որ այս հայտարարությամբ Հայաստանը հիմք է դնում միութենական պետությանն անդամակցելո՞ւն։

– Հայաստանն այդ հիմքերը վաղուց է դրել, սա ընդամենը հերթական քայլն է այդ ուղղությամբ։ Խնդիրն ուղղակի այն է, որ մեր ժամանակն ու ռեսուրսներն են ավարտվում, ու ամեն հաջորդ քայլ ավելի ու ավելի ճակատագրական է դառնում մեզ համար։ Հիմա սա քայլ էր այդ ուղղությամբ, բայց փորձեցին փաթեթավորել՝ որպես խնդիրների լուծում, իսկ լուծումը, արդեն ասացի, Ռուսաստանում չէ, խնդիրն է այնտեղ։

– Պարո՛ն Քոչինյան, կարծում եք՝ Հայաստանի կողմից սխա՞լ է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության միջնորդությանը համաձայնում է, այսինքն՝ պետք է գործընթացներին գնալ երկկողմ ձևաչափո՞վ։

– Միանշանակ սխալ է։ Երբ ասում են, որ Ռուսաստանը կարող է միջնորդ լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ապա նման բան կարող են ասել կա՛մ քաղաքականությունից ոչինչ չհասկացողները, կա՛մ մարդիկ, որոնք կոնկրետ սպասարկում են Ռուսաստանի շահերը, որովհետև Ռուսաստանի համար անփոխարինելի մեծություն է այն, որ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կարգավորվեն, դա Ռուսաստանի՝ տարածաշրջանում ու Հայաստանում ազդեցության գլխավոր խարիսխներից մեկն է։

– Այդ դեպքում Հայաստանի իշխանությունն ինչո՞ւ է գնում այդ ճանապարհով։

– Որովհետև Հայաստանի իշխանությունն իր մեջ բավականաչափ ուժ, ինտելեկտ, պոտենցիա չի գտնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գնալու, որն այնպես է ստացվել, որ այս 44-օրյա պատերազմի հետևանքով շատ ցավալի է: Բայց եթե հիմա չենք գնում այդ ցավալի լուծումներին, այլ գնում ենք Ռուսաստան, ինքնախաբեությամբ ենք զբաղվում, մենք հետագայում ավելի բարձր գին ենք վճարելու։

– Այսինքն՝ ձեզ համար որևէ դրական բան չկա՞ այդ հայտարարության մեջ։

– Բացարձակապես ու չէր էլ կարող լինել։

– Իսկ իշխանությունը կշարունակի՞ Ռուսաստանի հետ իր հարաբերությունների ինտեգրացիան։

– Մինչև հիմա հակառակը փաստող բան չեմ տեսել։ Իշխանությունը շարունակում է նույն ինքնախաբեությամբ զբաղվել, որով զբաղվում են ընդդիմությունը, հասարակության մեծ մասը։

– Ու այդ, ինչպես ասում եք՝ ինքնախաբեությունը բերելու է Հայաստանի պետականության ու ինքնիշխանության անկմա՞նը, պարո՛ն Քոչինյան։

– Ինքնախաբեությունը տանելու է մեզ Ռուսաստանի գիրկը, այո՛, տանելու է դեպի պետականության կորուստ։ Սեղանին վաղուց արցախյան հարց դրված չէ, սեղանին Հայաստանի հարցն է դրված։

– Նկատի ունեք, որ արցախյան հարցը Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծե՞լ են, թե՞ դեռ իրենք էլ այդ հարցում չլուծված խնդիրներ ունեն։

– Այո՛, այո՛, երբ ընդդիմությունը հիմա փողոցում հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանն ուզում է Արցախը տալ, բայց Արցախը Նիկոլ Փաշինյանի՞նն է, որ կարողանա տալ։ Արցախը մենք տվել ենք 44-օրյա պատերազմի հետևանքով՝ կեսը թուրքերին, կեսը՝ ռուսներին, հիմա ի՞նչ պետք է տանք կամ չտանք, դա ինքնախաբեություն է։ Դու կարող ես տալ կամ չտալ այն, ինչը վերահսկում ես, քոնն է, մենք հիմա Արցա՞խ ենք վերահսկում։

Բայց դեռ իրենք էլ չլուծված հարցեր ունեն, կարծում եմ՝ բայց այդ ամենի մեջ մեր ասելիքն աննշան է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am