Նորաստեղծ կուսակցությունները կոչ են անում նախագահին ստորագրել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը

Հայաստանում վերջերս ստեղծված մի քանի կուսակցություններ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ՀՀ նախագահին ստորագրել վերջերս խորհրդարանի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հայտարարության մեջ նշվում է.

«2021 թվականի ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է վերացնել «ռեյտինգային» ընտրակարգը և գալիք արտահերթ ընտրություններն անցկացնել սովորական համամասնական ընտրակարգով:

Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, ունենալով բազում տարաձայնություններ, համակարծիք ենք, որ «ռեյտինգային» ընտրակարգը աղավաղում էր ընտրությունների քաղաքական մրցակցության տրամաբանությունը, և այդ ընտրակարգից հրաժարումը բխում է հանրային կարծիքից ու հանրային շահից:

Այս հարցը, թերևս, վերջին տարիներին ամենաշատը քննարկված օրենսդրական փոփոխություններից մեկն է:Ավելին, հարկ ենք համարում արձանագրել, որ «ռեյտինգային» ընտրակարգը նաև շեղվում էր Սահմանադրությամբ ամրագրված համամասնական ընտրակարգի տրամաբանությունից, ինչը արձանագրել են թե՜ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի բազմաթիվ դերակատարներ, թե՜ փորձագետներ և թե՜ Վենետիկի հանձնաժողովը՝ դեռևս սկսված 2016 թվականից:Թեև ներքոստորագրյալ կուսակցություններն ունեն տարբեր կարծիքներ կապված ընտրությունների կազմակերպման հետ, սակայն փաստում ենք, որ այս փոփոխությունը դրական կանդրադառնա ընտրությունների որակի վրա:

Միաժամանակ, համարում ենք, որ մարտ ամսին շրջանառված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում առկա են մի շարք այլ կարևորագույն առաջարկներ, որոնց ընդունումը ևս կխթանի առաջիկա ընտրությունների ժամանակ մրցակցության քաղաքական բաղադրիչի աճը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ համարում ենք, որ

1. Հանրապետության նախագահը պետք է օր առաջ ստորագրի ապրիլի 1-ին խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը՝ որպես Սահմանադրությամբ ամրագրված ընտրակարգի վերականգնում,

2. Ազգային ժողովը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է ընդունի Ընտրական օրենսգրքի ընտրական բարեփոխումների մնացած հատվածը (այդ թվում՝ ընտրական հանցագործությունների խստացումը)՝ ապահովելու ընտրությունների անցկացումը առավել քաղաքական մրցակցության մթնոլորտում»:

Սույն հայտարարությունը ստորագրում են հետևյալ քաղաքական ուժերը․

«Արդար Հայաստան» կուսակցություն

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

«Հանրապետություն» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» կուսակցություն

Միավորված Աշխատանքային կուսակցություն

2021 թվականի ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է…

Posted by «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն on Monday, April 12, 2021