Հաջորդ ռազմական գործողությունները լինելու են «անկլավների» վերադարձի պահանջով կամ պատրվակով. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ հարձակման։ Սա նշանակում է, որ պատերազմի հավանականությունն առավել քան մե՞ծ է, երբ այդ մասին բացահայտ հայտարարում է երկրի վարչապետը։

– Այո՛, այդ պատերազմը խիստ հավանական է, որովհետև Ադրբեջանը նախ՝ չի փոխում իր հռետորաբանությունը, շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել և երկրորդ՝ ակտիվորեն զինվում է, անընդհատ նորանոր զենք ձեռք բերելու պայմանագրեր է կնքում։ Մենք տեսնում ենք, որ նաև այսպես կոչված ութ «անկլավների» հարցն են ակտիվ պահում օրակարգում, և, կարծում եմ, որ հաջորդ ռազմական գործողությունները լինելու են այս հողի վրա։

– Այսինքն՝ «անկլավների» վերադարձի պահանջո՞վ։

– Այդ պատրվակով կամ պահանջով, այո՛։ 

– Պարո՛ն Վարդանյան, հավանական պատերազմին որքանո՞վ ենք պատրաստ։

– Հիմա ավելի շատ ենք պատրաստ, քան մեկ տարի առաջ, էլ ավելի շատ, քան երկու տարի առաջ և վերջին երկու տարիներին բավականին լավ զինվել ենք, ամրապնդել ենք մեր անվտանգության մակարդակը։

– Դիվանագիտական ոլորտում հայկական կողմը կկարողանա՞ այնպես անել, որ կանխի այդ հնարավոր պատերազմը։

– Կարծում եմ, որ կարող է, բայց երբ ես ասում եմ պատերազմ, նկատի չունեմ լայնածավալ պատերազմ, դրա հավանականությունն ավելի քիչ է, բայց սահմանային բախումներից երբեք էլ ապահովագրված չենք։

– Այսօր Հայաստանին՝ որպես այդպիսին աջակցող, դաշնակից պետությունները որո՞նք են։ 

– Միանշանակ հավաքական Արևմուտքն է ու նաև, ինչու ոչ, Իրանը, որոնք դիվանագիտական ու արդեն ռազմական ճանապարհով (խոսքը Ֆրանսիայի մասին է) օգնություն են ցուցաբերում Հայաստանին։ Ռուսաստանը, իհարկե, որևէ ձևով մեզ չի աջակցում, ավելին՝ թիկունքից հարվածում է մեզ, շատ դեպքերում հենց ինքն է Ադրբեջանի միջոցով պատերազմ հրահրում այստեղ, ու Ռուսաստանի վրա այլևս չպետք է հույս դնենք՝ որպես դաշնակցի։ 

– ՀԱՊԿ-ի մասով Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունից հետո Ռուսաստանի գործողությունները ինչպիսի՞ք կլինեն, ու ինչո՞ւ Հայաստանը չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ կառույցը լքելու համար, եթե նման հայտարարություն է արվում։

– ՀԱՊԿ-ի մասով Փաշինյանն իրականում որևէ նոր բան չի ասել, կարծում եմ՝ կոնտեքստն է մի քիչ սխալ թարգմանված․ Հայաստանը ոչ թե ՀԱՊԿ-ին իր անդամակցությունն է սառեցնում, այլ ՀԱՊԿ-ի տարբեր միջոցառումներին չի մասնակցում, միտքը սա էր, ու որևէ նոր բան չկա։ 

Ֆորմալ առումով՝ Հայաստանն իր անդամակցությունը սառեցնելու հայտ չի ներկայացրել ու, կարծում եմ, չի էլ ներկայացնելու մոտ ապագայում։ Այլ բան է, որ Հայաստանի իշխանությունը կշարունակի բոյկոտել ՀԱՊԿ-ի նիստերը, զորավարժությունները, ու այստեղ որևէ նոր բան չկա, տևական ժամանակ այս գործելաոճը շարունակվում է։ 

– Պարո՛ն Վարդանյան, նույն այդ հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխադարձ վստահություն չկա, ըստ ձեզ՝ այդ անվստահությունը նո՞ր է ի հայտ եկել, որովհետև նախորդ տարի նույն իշխանությունը հույս էր հայտնում, որ մինչև տարեվերջ կկնքվի խաղաղության պայմանագիր։

– Այդ անվստահությունը միշտ էլ եղել է, ու դրա վերացման համար ես որևէ հիմք չեմ տեսնում, այդ անվստահությունը շարունակելու է խորանալ։ Ադրբեջանն իրականում իրեն այնպես է պահում, որ մեզ մոտ այդ անվստահության հիմքերն ավելի են խորանում, և մոտ ապագայում չկան որևէ իրական հիմքեր, որ կողմերը կարող են գնալ խաղաղության պայմանագիր կնքելուն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am