Պեսկովը վերահաստատում է՝ Երևանը ծանուցումներ չի ուղարկել ՀԱՊԿ-ին՝ անդամակցության սառեցման վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերահաստատել է՝ Հայաստանը պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել ՀԱՊԿ-ին՝ անդամակցության սառեցման վերաբերյալ։

«Զվեզդա» հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում Պեսկովը, մասնավորապես, ասել է․ – «Հայկական կողմն այս առումով պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել, մենք մտադիր ենք մեր գործընկերների հետ կապի մեջ մտնել և պարզաբանել այդ հայտարարությունների իմաստը: Հուսանք, որ մեր հայ ընկերները մեզ ամեն ինչ կբացատրեն»,- ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում, France 24-ի հետ զրույցում, պատասխանելով ՀԱՊԿ-ը լքելու մասին հարցին, ասել է, որ Հայաստանն, ըստ էության, սառեցրել է անդամակցությունը ռազմական այդ դաշինքին՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»: