Վերաբացվում են դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող կանոնավոր թռիչքները․ ՔԱԿ

Նախկինում դեպի Հայաստան կանոնավոր չվերթներ իրականացնելու համար թույլտվություն ստացած բոլոր ավիաընկերությունները սեպտեմբերի 12-ից սկսած կարող են կրկին սկսել թռիչքներ կատարել։ Այդ մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած հայտարարությունում։

«Սույն թվականի սեպտեմբերի 11-ից ժամը 17:00 ից (Երևանի ժամանակով) վերաբացվելու են դեպի Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից իրականացվող կանոնավոր թռիչքները: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ թռիչքների վերսկսման, հաճախականությունների և ուղղությունների հետ կապված որոշումները կայացվում են տվյալ ավիաընկերությունների կողմից: Տեղեկացնում ենք նաև, որ Հայաստանից մեկնող ուղևորների այլ երկիր մուտք գործելու պայմանները և սահամանափակումները, կանոնակարգվում են համաձայն տվյալ երկրի սահմանած կարգերի:

Ավելի մանրամասն տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ է դիմել տվյալ ավիաընկերությանը կամ նրա հայաստանյան ներկայացուցչությանը: Չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով:

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից», -նշվում է ՔԱԿ հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1020169321758637&id=118681645240747