Խաղաղության դարաշրջան, բայց միայն հարուստների համար

Երկու օր առաջ հասարակությանը ներկայացվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այն պայթած ռումբի ազդեցություն ունեցավ հասարակության համար և իրավամբ վերջին տասնամյակի ամենախնդրահարույց օրենսդրականան կարգավորումներից մեկն է:

Օրենքի նախագիծն ունի այնքան խնդիրներ, այնքան բացեր ու իշխանության այլ գործողությունների հետ այնքան հակասություններ, որ չենք կարողանա դրանցից յուրաքանչյուրի շուրջ ծավալվել, բայց ամփոփ կանդրադառնանք մի քանիսին:

Միևնույն ժամանակ նշեմ՝ բանակը սրբազան կով չէ, որ դրա խնդիրների մասին խոսելու տաբու լինի, չենք խոսել, որ այս օրին ենք հասել:

Նախագիծը դիրքավորվում է որպես պրոֆեսիոնալ-պայմանագային համակարգին անցման առաջին քայլ: Կարող են հայտարարություններ հնչել, թե սա մեծ ռազմավարության առաջին փուլն է միայն, և որ չպետք է միանգամից գնահատականներ տալ, բայց բոլորս ենք տեսել թե՛ այս իշխանության, թե՛ Հայաստանում պետական կառավարման կողմից իրականացվող ընդհանրապես որևէ մեծ ռազմավարության իրականացման «հաջողությունները», այն էլ այսպիսի անակնկալ, փակ կաբինետներում մշակված ու վատ հաշվարկված առաջին քայլերով մեկնարկող: 

Խնդիրը առաջին քայլի տրամաբանականությունն է: Եթե խնդիր է դրված նվազեցնել ժամկետային զինծառայողների թիվը՝ կրճատելով որոշ զինծառայողների ժամկետը և փոխարենը ավելացնել պայմանագրայինների թիվը, ապա ինչու կրճատել ընտրյալների, այլ ոչ բոլորի ժամկետը՝ թեկուզև չհասցնելով 4,5 ամսվա, այլ, ասենք 6, 12 կամ թեկուզ 18 ամսվա: Կրճատել ժամկետները, բայց համաչափ ու բոլորի համար: 

Կարող են պնդել, թե ընտրյալների համար անելով նշված ժամկետային կրճատումը ու ստանալով նշված գումարը՝ 60000 դոլար (որ նախատեսվում է վերցնել յուրաքանչյուր զինծառայողից, որը կցանկանա զորացրվել առաջին 4,5 ամսից հետո), այն պետք է օգտագործեն հավելյալ լավ պատրաստված ու պրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողների ներգրավելու համար, բայց այստեղ նույնպես խնդիրներ կան: 

Առաջին՝ չկա ապացույց, որ պայմանագրային, այն էլ՝ Հայաստանի ԶՈՒ-ի հիմնականում «վայ պայմանագրային» զինծառայողներն ավելի արդյունավետ են, քան ժամկետայինները, ավելին՝ 44-օրյա պատերազմը ավելի շատ հակառակի մասին էր:

Այն պարզ պատճառով, որ Հայաստանում կիրառվող պայմանագրային ծառայության մոդելը բացարձակապես կապ չունի պրոֆեսիոնալ զինծառայության հետ: ՀՀ ԶՈՒ պայմանագրայինները մեծ մասամբ պրոֆեսիոնալ զինվորական չեն, այլ ժամանակ սպանող, ՊՆ-ից ձեռի հետ փող քերող, այլ զբաղվածություններ ունեցող: 

Երկրորդ՝ վարչապետը, Անվտանգության խորհրդի քարտուղարը և մի շարք այլ պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում են, թե երկիրը գումարի խնդիր չունի, թե երկրում գումար կա, խնդիր կա միայն արդյունավետ ծախսելու այդ գումարը, և, ուրեմն, պայմանագրայինների համար գումար կա, պարզապես պաշտոնյաները որոշել են չօգտագործել այն և ստանալ այդ գումարն այսպիսի կասկածելի մեթոդներով: 

Սրանք կասկածելի մեթոդներ են մի քանի պատճառով: Նախ՝ իրավիճակը ցավալիորեն նման է կոռուպցիայի օրինականացման, ասել է թե՝ բանակից ազատվելու փողը միանգամից պետությանն է վճարվում:

Բացի այդ, քաղաքացուն իր օրինական պարտականությունը կատարելուց գումարով ազատելը որակապես նույնն է, ինչ որոշակի գումարի դիմաց թույլատրել բռնաբարությունը, մարդագողությունը կամ սպանությունը, այո՛, տարբերությունն այստեղ զուտ քանակական է կամ, եթե կուզեք՝ ճաշակի է, բայց որակապես նույն բանն է:

Երրորդ՝ ինչ ապացույցներ կան, քանակական կամ որակական ինչ հետազոտություններ են անցկացվել, որ պայմանագրայինները, այն էլ՝ որակյալ կադր հանդիսացող պայմանագրայինները, իրար հերթ չտալով, շտապելու են բանակ այս փոփոխությունների արդյունքում, ու լցվելու են դատարկ մնացող հաստիքները: Նախորդ միջոցառումները, լինի զինծառայողների բնակարանային ապահովման ծրագիրը թե պատվովճարի ծրագիրը, մեծագույն տապալման հասան ու ցույց տվեցին, որ այս պայմաններով ուղիղ կոռելյացիան բավականին փոքր է՝ ֆինանսական ապահովվածության ու լավ կադրերի ԶՈՒ որպես պայմանագրային մտնելու: 

Չորրորդ՝ աբսուրդ է նաև պնդումը, թե ազատվող ժամկետային զինծառայողների վճարած գումարով հնարավոր կլինի ապահովել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը: Հայաստանում այդքան 60000 դոլար գումար ունեցող մարդ չկա, եթե իհարկե չեն կիրառվում զեղչերի ու ակցիաների ճկուն համակարգեր, օրինակ՝ ազատիր երկու զինվորի ծառայությունից և երրորդը ստացիր նվեր:

Եղած աննշան թվով ազատվողները ֆինանսական հոսքերի լուրջ փոփոխություններ չեն բերելու, դա ակնհայտ է, բայց ապականելու են ամեն բան, և այլևս բարոյապես ու գաղափարապես լրիվ ընդունելի բան է լինելու բանակից ազատվելը նաև այլ, ավելի էժան, թեկուզև անօրինական միջոցներով:

Նշված կետերից զատ հաջորդ անհասկանալի պահը մարդաքանակ լինել-չլինելու հարցն է: Մի կողմից ՊՆ-ն կազմակերպում է վեցամսյա կամ եռամսյա հավաքներ՝ հայտարարելով, թե մարդկային ռեսուրսի պակաս կա, իսկ մյուս կողմից՝ 60000 դոլարով զինվորներին տուն է ուղարկում: Հիմա մարդկանց պակաս կա՞, թե՞ չկա:

Աղետալի բարոյահոգեբանական վիճակում է հայտնվելու ԶՈՒ այն ժամկետային զինծառայողը, որը գումար չունի 4,5 ամիս հետո տուն գնալու համար: Ո՛րն է լինելու այս երիտասարդների լավ ծառայելու կամ, անհրաժեշտության դեպքում՝ հայրենիքը պաշտպանելու մոտիվացիան, եթե հայրենիքը նրանց ըստ էության օգտագործում է որպես աշխատանքային ուժ կամ թնդանոթի միս, քանի որ իրենք փող չունեն, իսկ փող ունեցողներին ուղարկում է տուն՝ մոր փեշի տակ:

Ունենք մի իրավիճակ, երբ հեղափոխությամբ՝ ժողովրդական լայն զանգվածների աջակցությամբ իշխանություն նվաճած ու հիմնականում աղքատ բնակչության աջակցությունը վայելող քաղաքական ուժը վարում է հարուստներին հավելյալ արտոնություններ տալու ու աղքատներին ճորտացնելու քաղաքականություն, արդյոք սա բարոյակա՞ն է: Արդյոք բարոյակա՞ն է է՛լ ավելի խորացնել Հայաստանում սոցիալական շերտերի միջև եղած անտագոնիզմն ու անջրպետը:

Այսքան խնդիրների ու թերությունների ֆոնին ընդդիմադիր կոչվող խմբակցության պատգամավորներից մեկը մտածել-մտածել է ու բացահայտել ամենաանլուրջ պատճառը, թե ինչու այս օրենքը չպետք է ընդունվի՝ թե բա դա Թուրքիո նախապայմանն է. «Դե ե՛կ, Վարդապետ, Ու մի՛ խենթանա»: Ի՞նչ խոսք իշխանությունն ու ընդդիմությունը արժեն միմյանց թե՛ մտավոր, թե՛ բարոյական և թե՛ կամային ցուցիչներով, միասին, ձեռք ձեռքի տված սպանում ու ապականում են Հայաստանը: 

Այս նախագիծը կարդալուց հետո նորից գալիս ես եզրակացության, որ Հայաստանը հնարավոր է կործանվի ոչ թե Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի վարած քաղաքականության, այլ միայն մեր քաղաքական ընտրանու բացառիկ անտաղանդության պատճառով:

Նախագիծը պետք է չեղարկվի, այն մշակողները ու հաստատողնեը պետք է հեռացվեն զբաղեցնող պաշտոններից որպես ազգային անվտանգության սպառնալիք:

Արեգ Քոչինյան

MediaLab.am