Ցարի հայկական արշավանքը

Կրեմլի բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպելու մտադրության վերաբերյալ տարածված հաղորդագրություններից հետո կարծես մեկ կոճակի հպումով սկսվեց հայաստանյան 5-րդ շարասյան ներկայացուցիչ քաղաքական ուժերի ու գործիչների և ռուսաստանյան 6-րդ պալատի ներկայացուցիչ «փորձագետների» ու «լրատվականների» միասնական հարձակումը Հայաստանի ու նրա իշխանությունների դեմ։ 

Մեղադրանքները ամենատարբերն են՝ սկսած արևմտամետությունից ավարտած թրքահպատակությամբ, սակայն դրանք բոլորը պարունակում են մեկ ընդհանուր հաղորդագրություն. Ռուսաստանը դժգոհ է, որ չի ստանում Հայաստանի անվերապահ ենթակայությունը բոլոր հարցերում և անկախ ամեն ինչից։

Մասնավորապես, Ռուսաստանը դժգոհ է, որ Հայաստանում համարձակվում են բարձրաձայնել ՀԱՊԿ-ի խնդիրների մասին, «ռուսական անվտանգային երաշխիքների» թերությունների մասին, սեփական կարիքների մասին, դեռ ավելին, Հայաստանում փորձում են սպասարկել սեփական կարիքները՝ հաշվի չառնելով Ռուսաստանի առարկությունները։ 

Պարզվում է, որ այդ Հայաստանն է դավաճանում, թեև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած թշնամուն այդպես էլ արձագանք չեղավ ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ ՀԱՊԿ-ից:

Այդ Հայաստանն է դավաճանում, թեև ռուս խաղաղապահների մուտքից հետո Արցախը դեռ միայն նվազում է՝ ենթարկվելով սողացող բռնազավթման։ Այդ Հայաստանն է դավաճանում, թեև Ռուսաստանը դաշինքի մեջ է մտել մեր հիմնական հակառակորդների հետ ու միասնական ճակատով միջանցքի պահանջ է ներկայացնում։ 

Բայց արձանագրենք, որ այս բոլոր մեդիահարվածները, 5-րդ շարասյան ու 6-րդ պալատի գործողությունները ընդամենը նախերգանքն են «ռուսական ճնշումների» կամ «հայկական արշավանքի», որոնք անխուսափելիորեն լինելու են, եթե Հայաստանը փորձի դիմադրել սեղանին դրված ռուսական առաջարկներին կամ անգամ դրանց մի մասին, ասել է թե՝ փորձի վերցնել բոլոր առաջարկությունները, բացի միջանցքից։

Ճնշման մեկնարկը կարելի է համարել հոկտեմբերի 27-ին Վալդայ ակումբում ՌԴ նախագահ Պուտինի արած մանիպուլյատիվ հայտարարությունները, որոնք հիմնական նպատակ ունեին քաղաքական պատասխանատվության սլաքները թեքել Երևանի կողմը ու տպավորություն ստեղծել, թե ռուսական առաջարկներն ավելի լավն են, քան արևմտյանները։ Բայց դա կիսաճշմարտությունների վրա հիմնված մանիպուլյացիա է։ 

Ռուսական առաջարկը իրապես պարունակում է Արցախի քաղաքական կարգավիճակի վերջնական հստակեցման հարցը ապագային թողնելու դրույթ, սակայն դրան չի համաձայնել Ադրբեջանը, և մինչ այս պահը մենք չենք տեսել Ռուսաստանի կարողությունը կամ կամքը՝ պարտադրելու այդ դրույթը։

Հենց այս իմաստով է պետք ընկալել Փաշինյանի և Մարուքյանի հայտարարությունները՝ ուղղված ռուսական կողմին։ 

Ասել է թե՝ մենք համաձայն ենք ձեր առաջարկությանը, եթե կարողանալու եք և ցանկանալու եք այն սպասարկել։ Արձանագրենք, որ եթե այդ դրույթը շատ հստակ ու սևով սպիտակի վրա չի արձանագրվում, ապա այն ընդհանրապես գոյություն չունի, բանավոր խոսքն այս հարցում չի կարող արժեք ունենալ։

Ավելին՝ անգամ թղթի վրա գրված այդ դրույթը խիստ կասկածելի, կարելի է անգամ ասել՝ մուֆթա երաշխիք է՝ «կլնի կտանք» տրամաբանության մեջ, քանի որ հասկանալի չէ, թե երբ, ոնց, ում հետ և որտեղ պետք է որոշվի Ղարաբաղի կարգավիճակը, ու մինչ այդ ինչ պետք է լինի Ղարաբաղի հետ, ավելին, ի վերջո, կարգավիճակ է նաև Ադրբեջանի կազմում լինելը, ու չի բացառվում, որ հետագայում հենց դա էլ որոշվի։

Փոխարենը՝ միջանցքը ոչ թե նմանապես թողնվում է ապագայի որոշելիքին, այլ պահանջվում է հիմա։ Այսինքն՝ ստացվում է՝ տվե՛ք Մեղրին հիմա, իսկ Ղարաբաղի մասին կխոսենք ապագայում։ 

Արցախյան հիմնահարցը դարձել է և դեռ շարունակելու է կայանալ իբրև Հայաստանից զիջումներ կորզելու հիմնական ռուսական միջոց։

Զիջումներ անկլավների հարցում, միջանցքի հարցում, ռուսական ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի մասնակցության հարցում և այլն։

Փոխարենը՝ չի լինելու և ոչ մի կարգավիճակ, այլ առժամանակյա ռուսական ներկայություն տեղում։ Հենց դա է իր խոսքում ասել Ռուսաստանի ղեկավարը, և այդ նարատիվների հիմքով է սկսվել վերջին հարձակումը Հայաստանի դեմ։

Արեգ Քոչինյան

MediaLab.am