Հայաստանի Սահմանադրությունը. երեկ, այսօր, վաղը

Հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը. 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: 

Երկրի Մայր օրենքը 1995 թվականից մինչև հիմա երկու փոփոխությունների է ենթարկվել, և, տարբեր պնդումների համաձայն՝ դրանք հարմարեցվել են օրվա իշխանություններին:

Առաջին փոփոխության անհաջող փորձն արվել է 2003 թվականին, և մայիսին Ազգային ժողովի ընտրությունների հետ միասին Հայաստանում անցկացվեց նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Այդ ժամանակ Հայաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, և նրա նախաձեռնած սահմանադրական հանրաքվեն 2003-ին տապալվեց: 

Այդուհանդերձ, սահմանադրական փոփոխությունների նույն փաթեթը որոշակի փոփոխություններով ներկայացվեց 2005 թվականին, և նոյեմբերի 27-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով «այո»-ին կողմ քվեարկեց 1 մլն-ից ավելի ընտրող՝ ընտրելու իրավունք ունեցողների շուրջ 95 տոկոսը: Ժամանակի քաղաքական ու փորձագիտական համայնքի կողմից այդ հանրաքվեն անվանվեց «ուրվականների հանրաքվե», քանի որ դրա արդյունքները կեղծվել էին:

2005-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էր ուսանողների հետ և, խոսելով կայանալիք հանրաքվեի մասին, ասել, որ հանրաքվեի բացասական արդյունքից «աշխարհը փուլ չի գա», և ինքը տեր է լինելու և՛ «այո»-ին, և՛ «ոչ»-ին»:

«Գործող Սահմանադրությամբ էլ կարելի է շարունակել կյանքը: Բայց էսպիսի համեմատություն միգուցե կանեմ՝ ոնց որ հին մեքենայով. արագությունը էն չի, մի քիչ աղմուկը շատ է, յուղ ա վառում… Բայց կարաս օգտվես, կարաս ինչ-որ տեղ հասնել: Մինչև Սևան կհասնենք: Մի քիչ հեռու գնանք, բուքսիրով հետ կգանք:

Հիմա որոշումը մերը պետք է լինի: Հիմա մենք ի՞նչ ենք ուզում… Ուզում ենք արագ զարգացում դեպի ապագա՞, թե՞ ուզում ենք յուղ վառել»,- ուսանողներին ասել էր այդ ժամանակվա նախագահ Քոչարյանը:

Այս փոփոխություններից 10 տարի անց՝ 2015-ին, արդեն Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական իշխանությունը, թերևս չնկատելով զարգացում, դարձյալ նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:

Այս անգամ Հանրապետական իշխանությունները շեշտը դրեցին երկրի կառավարման համակարգի փոփոխության վրա՝ կիսանախագահական կառավարումից անցում կատարվեց խորհրդարանական կառավարման: 

Այս փոփոխություններով և՛ ընդդիմությունը, և՛ փորձագետները հայտարարում էին, թե Հայաստանի վարչապետն ստանձնում է սուպերվարչապետական լիազորություններ: Նման որակում տվել էր նաև այն ժամանակ ընդդիմադիր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բանն այն է, որ 2015-ի փոփոխություններով ՀՀ նախագահի լիազորությունների մեծ մասը փոխանցվել է վարչապետին՝ էլ ավելի մեծ լիազորություններով։ Օրինակ՝ ուժային մարմինները՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, դրվեցին վարչապետի ուղիղ ենթակայության տակ, իսկ նախկինում կառավարությանն առընթեր մարմիններ էին: Վարչապետի ենթակայությամբ նաև նոր մարմին ստեղծվեց՝ Պետական վերահսկողական ծառայությունը: 

«Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ կառավարման խորհրդարանական համակարգը մեր պետության համար արդեն իրականություն է: Դա նշանակում է ուժեղ իշխանության և ուժեղ ընդդիմության առկայություն, քաղաքական կուսակցությունների դերի բարձրացում, դրանց զարգացման նոր հնարավորությունների ընձեռում: 

Դա նշանակում է նաև զարգացած կուսակցական համակարգ, որը ցանկացած ժողովրդավարական պետության կարևորագույն նախապայմաններից մեկն է: Անցումը խորհրդարանական համակարգին ժողովրդի համար կապահովի օրենսդիր և գործադիր իշխանությունների գործունեության առավել մեծ թափանցիկություն: 

Այսուհետ հստակեցվում է գործադիր իշխանության պատասխանատվությունը, և բարձրանում է նրա հաշվետվողականությունը, իսկ դրա գործունեությունը խորհրդարանի և ժողովրդի համար դառնում է ավելի կանխատեսելի»,- 2015-ի հանրաքվեի հաջող ելքից հետո հայտարարել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, սակայն, երկար չկառավարեց, և 2018-ի քաղաքական հայտնի իրադարձություններից հետո Հանրապետական խորհրդարանի կողմից վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: 

Նա դեռևս 2018 թվականի մայիսի 1-ին Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտարարել էր, որ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություն: Այդ հայտարարությունից անցել է 4 տարի, սակայն որևէ փոփոխություն չի կատարվել: Ընդամենը կազմավորվել է Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողով՝ երկրում դարձյալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու համար: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am