Զրպարտության, չճշտված տեղեկությունների եւ մամուլի ազատության սահմանին. 22 նոր դատական հայց՝ ընդդեմ լրատվամիջոցների երեք ամսում

Եթե լրատվամիջոցն ուղղակի չճշտված տեղեկություններ է հրապարակում, տեղին են դատական միջամտությունն ու պատասխանատվության ենթարկելը։ 

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցների նկատմամբ դատական հայցերին։

Նրա խոսքով՝ առհասարակ այսօր բարդ խնդիր է և ամբողջությամբ դատարանի վրա է՝ արդյոք լրատվամիջո՞ցն է թույլատրելի սահմաններն անցել, թե՞ պաշտոնյան ուզում է՝ օգտագործելով դատական լծակները՝ ճնշում գործադրել լրատվամիջոցի վրա։

«Ես կարծում եմ, որ եթե լրատվամիջոցն ուղղակի չճշտված տեղեկություններ է հրապարակում, իհարկե այդտեղ տեղին են դատական միջամտությունն ու պատասխանատվության ենթարկելը։ Եթե մենք ամենաթողությունը զարգացնենք, կստացվի, որ լրագրողական գործունեությունը որևէ սահման չի ունենա»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը։

Փոխվարչապետ Տիգրանն Ավինյանն երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ շահել է Politik.am կայքի դեմ դատական գործը։

«Դեռևս 2018թ. աշնանը դատական հայց էի ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, որով, բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքումից, պահանջել էի նաև փոխհատուցում:

Ինչպես նախապես խոստացել էի, ամբողջ դրամական փոխհատուցումը` 1 մլն դրամ, ուղղել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը։

Politik.am 2018 թվականի հոկտեմբերին իր հրապարակումներից մեկում գրել էր, թե  «Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամին կառավարությունում մարիխուաննա է օգտագործել»։ 

Նշվել էր, որ միջադեպի մասին իմացել է նույնիսկ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ կայքի՝ վարչապետը բարկացել էր Ավինյանի վրա, բայց չէր պատժել։

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին կարծում է, որ դատարանն այս գործով կանխակալ մոտեցում է ցուցաբերել։

«Մեր հրապարակումը եղել է 2018 թվականի հոկտեմբերի 25-ին, երբ օրենքում նախատեսված ընտրությունների օր նշանակված չէր, և մենք չգիտեինք, թե ընտրությունները երբ կարող էին լինել։

Դատարանն իր վճռում հիմք է վերցրել, որ մեր հրապարակումը շատ ավելի վնասներ է հասցրել Ավինյանին, քանի որ նախընտրական շրջան է եղել։ Այսինքն՝ ակնհայտ է, որ իրենք ուղղակի այդ մոտեցումը դրել են գործում, որպեսզի հիմնավորեն»,- «Մեդիալաբին» ասում է Բորիս Մուրազին՝ նշելով, որ գործի հետ կապված պահանջել են փորձաքննություններ, որոնք չեն իրականացվել։

Նա նշում է, որ որքան էլ իրենց համար անընդունելի էր դատարանի որոշումը, բայց որոշել են այն իրականացնել հերքման մասով։ 

«Օրինակ՝ մենք գրել ենք, որ ոչ թե մենք ենք հերքում, այլ մենք ստիպված ենք, քանի որ ԴԱՀԿ պահանջն է այդպիսին։ Այսինքն՝ մենք չենք հերքում եղած լուրը, այլ հերքումը տեղադրել ենք, քանի որ դատարանի ու ԴԱՀԿ-ի պահանջն այդպիսին է»,- հավելում է նա։

Ինչ վերաբերում է ֆինանսական փոխհատուցմանը, Բորիս Մուրազին ասում է, որ իր ու իր ընկերների գրպանից որևէ լումա չի վճարել։ 

«Իսկ ով վճարել է, թող ինքն իմանա, թե ինչու է վճարել։ Ես չէի էլ վճարելու այդ գումարը»,- նշում է նա։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է, որ այս գործն իր ավարտին է մոտեցել այս տարվա փետրվար ամսին։ Ուղղակի Տիգրան Ավինյանն այս օրերին է իր խոստումը կատարել և ստացած գումարը փոխանցել ապագա լրագրողների ուսման վարձի համար։

Մելիքյանի խոսքով՝ ամեն օր տարբեր լրատվամիջոցներում նկատվում է, թե ինչպես են թույլատրելի սահմաններն անցնում։ 

Դա է պատճառը, որ այս տարվա երկրորդ եռամսյակում 22 նոր դատական հայցեր են ներկայացվել ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների, ինչը 10-ով ավելի է առաջին եռամսյակի հայցերից։

«Այսինքն՝ դա նշանակում է, որ ամեն դեպքով պետք է շատ ուշադիր վերլուծություն իրականացնել և տեսնել՝ այդտեղ վիրավորանք ու զրպարտություն կա՞ն, թե՞ ոչ։ Եթե կան, ուրեմն լրատվամիջոցը պետք է պատասխանատվության ենթարկվի, եթե չկան, ուրեմն մենք տեսնում ենք, որ պաշտոնատար անձը փորձում է ճնշում գործադրել լրատվամիջոցի վրա։ Այս սահմանը մենք չէ, որ պետք է որոշենք։ Ավելի ճիշտ կլինի, որ դատական ատյանները որոշեն»,- ասում է նա։

Պարզապես այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որը, Մելիքյանի խոսքով, խոչընդոտում է արդարության հաստատումը։ Դա այն է, որ մեր դատական համակարգը գտնվում է խոր ճգնաժամի մեջ և շատ հաճախ կախված է նրանից, թե որ դատավորն է գործը քննում, կարող է և քաղաքական ենթատեքստ ստանալ այդ որոշումը։ 

«Այսինքն, ցավոք, մենք չունենք անկախ ու կայացած դատական իշխանություն, որի որոշումները բարձր վստահություն կունենային»,- ասում է Աշոտ Մելիքյանը։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am