Թումանյան փողոցում դասական էկոցիդ է, սա նաև ոտնձգություն է Երևանի բնակիչների կյանքի նկատմամբ. Քրիստինա Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, մայրաքաղաքի Թումանյան փողոցում մեկնարկած ծառահատման գործընթացն ինչպե՞ս եք գնահատում։

– Թումանյան փողոցում տեղի ունեցողը դասական էկոցիդ է, որովհետև Թումանյան փողոցում հատվել են բացարձակապես առողջ ծառեր, որոնք չունեին որևէ խնդիր։ Թեղիների խնդիրը Երևանում թեղու տերևակերն էր, որը միջատ է, և ուղղակի պետք էր դրա դեմ պայքարել։ 2021 թվականին անձամբ ես Թումանյան փողոցում ծառերի ձևավորման աշխատանքներ եմ արել, ու մենք ունեինք անհամեմատ դրական արդյունք: Հակառակ նախկին խոր էտի՝ մենք կիրառել էինք գրագետ լուծումներ, ու ծառերը արտակարգ դրական պատասխան էին տվել: 

Նաև 2020 թվականից սկսած մենք սկսել էինք ծառերի զանգվածային բուժման աշխատանքներ, որովհետև քաղաքում թեղիները շատ տարբեր վիճակում են։ Ունենք բարձիթողի ծառեր, որոնք ենթակա էին հատման, ու ունենք ծառեր, որոնք գտնվում են նորմալ վիճակում՝ կախված, թե ո՛ր վարչական շրջանում են գտնվում: Ինչքան ավելի շոգ է, այնքան ավելի վնասված էին ծառերը, ու նաև խոր էտը՝ նայած ինչ խորությամբ, հաճախականությամբ է իրականացվել։ 

Հիմա Թումանյան փողոցում, կրկնում եմ, դասական էկոցիդ է, որովհետև այս փողոցում հատման ենթակա ծառեր չկային, այս ծառերը առնվազն 20 տարի կարող էին քաղաքում իդեալական վիճակում աշխատել։ Սա նաև ոտնձգություն է Երևան քաղաքի բնակիչների կյանքի նկատմամբ, որովհետև եթե մենք հյուսիսային քաղաքներում կարող ենք փողոցի երկայնքով գործողություններ իրականացնել ու անմիջապես փոխարինել ծառատեսակները, ապա հարավային քաղաքներում, որտեղ ունենք կիզիչ արև, ասֆալտը բաց տարածքում տաքանում է մինչև 71 աստիճան, իսկ կառույցները՝ մինչև 50 աստիճան, կանաչապատման հիմնական նպատակը բնակչությանը ջերմային սթրեսից պաշտպանելն է, որովհետև երբ ջերմաստիճանը բարձրանում է, մարդկանց արյան մակարդելիությունը բարձրանում է, ու սա ապագա կաթվածների, ինֆարկտների պատճառ կարող է լինել։ 

Ծառերը նաև լուծում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների խնդիրը, իսկ այդ ճառագայթները քաղցկեղածին են։ Այս անհասկանալի դեկորատիվ ծառերը, որոնք տնկվում են, փոխարինվող տեսակներ չեն: Մենք հիգիենայում օրենք ունենք՝ փոխարինում ենք կա՛մ նույն սանիտարահիգիենիկ հատկանիշներով, կա՛մ ավելի բարձր հատկանիշ ունեցողներով: Թեղին իր տեսակի մեջ ամենաբարձր փոշեկլանող հատկանիշներն ունի, չի կարելի թեղին հանել, փոխարենը տնկել հուդայածառ, որը երրորդ հարթակի ծառ է, այսինքն՝ ցածր ծառատեսակ է, իսկ թեղին բարձր ծառատեսակ է: 

Մենք նման պիլոտային նախագիծ ենք արել՝ 2020 թվականից սկսելով Հալաբյան փողոցում, ու երեք տարվա ընթացքում ուզում էինք անել այդ փորձը, հետազոտությունը, ապացուցեինք, որ մեր գործունեությունը ճիշտ է։ 14 հացենի էինք ընտրել քաղաքային տնկարանից, որոնք ծնվել են Երևան քաղաքում, այսինքն՝ արտակարգ հարմարված են քաղաքի պայմաններին ու թեղիների արանքում, չկտրելով ոչ մի ծառ, արանքներում տեղադրել էինք նոր հացենիները։ 

Հացենին ու թեղին Երևանի պայմաններում իդեալականորեն հարմարված, չորադիմացկուն ու սանիտարական հատկանիշներով օժտված ծառեր են, ու մենք ուզում էինք մի տարի հետո յուրաքանչյուր երրորդ թեղին հեռացնել ու այդպես 3-5 տարվա ընթացքում ամբողջ փողոցի ծառերը փոխարինել: 

Այդ հացենիները կմեծանային, կբարձրանային, նախ՝ պաշտպանված կլինեին, որովհետև նորատունկին էլ է պաշտպանություն պետք արտանետումներից, արևի կիզիչ ճառագայթներից և այլն, փոքր տնկին կձևավորվեր մեծի պաշտպանության ներքո, հետո կհանեինք ամեն երրորդը, այսինքն՝ լույսի հասանելիություն կտայինք, որ ֆոտոսինթեզի մակերեսը համապատասխան լիներ, ու բույսը կարողանա աշխատանքը իրականացնել, ամրանալ:

Վերջում մենք ցույց կտայինք երևանցիներին, որ, հարգելինե՛րս, մենք իրականացրել ենք այս ծրագիրը, այ էս փողոցում մենք ուզում ենք իրականացնել նման մի բան, հեռացնելով ամեն երրորդ ծառը հատվածներով, որովհետև փաստացի ինչ ստացվեց, որ հիմա իրենք ասում են, թե թեղիներն ամբողջը հիվանդացել են, մենք ամբողջ փողոցի երկայնքով մերկացրինք ծառերը, տասնյակ տարիներ պետք է անցնեն, մինչև տնկին մեծանա կամ չի մեծանա, դա դեռ հարց է։ 

Հիմա, եթե հուդայածառին բնորոշ վնասատու լինի, հիմա էլ հուդայածառե՞րն ենք հանելու։ Կանաչապատման օրենքն ասում է՝ կենսաբազմազանություն, որ էկոհամակարգն ամուր լինի: Եթե այն ժամանակ սխալվել են, միատեսակ են արել, ապա այսօր գիտությունն ասում է, որ դա ճիշտ մոտեցում չէ, ու մենք դրա դառը պտուղները տեսել ենք, այսինքն՝ պետք էր հատվածային, իսկ Թումանյան փողոցում դա իդեալականորեն կարելի էր անել։ 

Ես միշտ ասել եմ, որ զանգվածային խոր էտի հետևանքով Երևանում թեղիների խնդիր կա, բայց մենք պետք է հասկանանք՝ ո՛նց դա պետք է անել։ Այս մեթոդաբանությանը, որ կիրառում են, ես դեմ եմ։ Ես գրավոր դիմել եմ Բուսաբանության ինստիտուտին, Կենդանաբանության ինստիտուտին, տեսչական մարմնին, բոլոր պետական մարմիններին, որոնք պետք է վերահսկեին ու ընդգրկված լինեին այս ծրագրի գիտական հիմնավորման մեջ:

Բուսաբանական ինստիտուտից ստացել եմ պատասխան, որ իրենք տեղեկություն չունեն, ծրագիրը նրանց հետ չի քննարկվել: Ստացել եմ Կենդանաբանության ինստիտուտից, որ ծրագիրը չի քննարկվել, այսինքն՝ ինստիտուցիոնալ մակարդակում որևէ շփում չի եղել, նրանք չունեն որևէ գիտական հիմնավորում, որ այս ծրագիրը պետք է իրականացվի այս ձևով, որն ընտրել է Երևանի քաղաքապետը։ Ո՞վ է սրա պատասխանը տալու, հավելյալ մահերի պատասխանն ո՞վ է տալու, ինչի ականատեսը լինելու ենք բոլորս։ 

– Իսկ ինչո՞ւ չեն խորհրդակցել այդ թվում ձեզ հետ, որովհետև ասացիք, որ արդեն փորձված մեթոդ ունեք։

– Թույլ տվեք նշել, որ այն բոլոր ծառատեսակները, որոնք ընտրված են, այգեպուրակային ծառեր են, որոնք ռիսկային են Երևանի պայմաններում, սրանք փողոցների կանաչապատման ծառատեսակներ չեն։ Օրինակ՝ Սայաթ-Նովայում այսօր տեսա, որ բույսերը շատ վատ վիճակում են, մեծ հարց է՝ գարնանը բացվելո՞ւ են, թե՞ չէ: Գնդաձև սոսիներ էին տնկված, սա նշանակում է, որ այս ծառերն ունենալու են կոմպակտ սաղարթ, նման սաղարթով բույսերը փողոցների կանաչապատման համար չեն, սրանք ծառուղիների համար նախատեսված ծառատեսակներ են, որովհետև հարավային քաղաքում մենք արևից պաշտպանվելու խնդիր ունենք, իսկ հյուսիսային, եվրոպական քաղաքներում, որտեղ նման տիպի ծառատեսակներ փողոցներում կան, նրանց ճիշտ հակառակն է պետք: Նրանք շատ քիչ արև են ստանում, ու դրա համար պետք է այնպես անեն, որ շենքի պատերը տաքանան, ճակատները ստանան արևի էներգիան։ Մեզ նման երկրները պետք է առաջնայինը հասկանան, թե ինչպես են պաշտպանելու բնակչությանը: Այսօր մենք բնակչությանը թողել ենք բացարձակապես անպաշտպան միջավայրում, որն անմիջապես վտանգելու է նրանց առողջությունը։

– Տիկի՛ն Վարդանյան, այս ամենի նպատակը պա՞րզ է ձեզ համար։

– Ես կարծում եմ, ներկրված են հազարավոր եվրոների ծառատեսակներ: Ըստ վերջին նիստի բյուջեի հաշվետվության քննարկման՝ 2023-ին գնվել են 360 հազար դոլարի ծառատեսակներ, որոնք Երևանի համար չեն: Ներկրված ծառատեսակներն իրենց հետ բերելու են նոր խնդիրներ, նոր միջատներ ու նոր հիվանդություններ, որոնցից Երևանը պաշտպանված չէ։ Այսինքն՝ ինքնաթիռից իջեցնել ու նման ծառատեսակներ տնկելը մեկ այլ առանձին ռիսկ է։ 

Մեր ոռոգման ցանցի ծրագրի կատարողականը 49% է, այն պարագայում, երբ Երևանում այս ծրագիրը պետք է առաջինը 100% կատարողական ունենա, այսինքն՝ մենք չենք հասկանում մեր ռեսուրսների կառավարումը, ու առաջնահերթությունը դնում ենք ծառեր հատելու վրա, այն պարագայում, որ Երևանում ունենք ընդհանուր օգտագործման տարածքների հիգիենիկ ցուցանիշից հինգ անգամ ավելի պակաս ցուցանիշ, պատկերացնո՞ւմ եք այս աղետը։ 

Եթե մենք 2020-21 թվականներին ծառերը բուժում էինք, անում էինք ամեն ինչ, արգելել էինք խոր էտը ու պայքարում էինք ծառերը բուժելու, սրսկման գործընթացը ճիշտ իրականացնելու համար, սրանք անում են ճիշտ հակառակը։ 

2021-ից հետո չի գնվել որևէ մասնագիտական տեխնիկա ծառերը հետազոտելու համար, չի գնվել երկրորդ տրակտորը՝ ծառերը սրսկելու համար, և ստացվում է, որ այդ տրակտորը առաջին վարչական շրջանից հասնում է 12-րդ վարչական շրջան մոտավորապես 50 օր անց, իսկ դա արտակարգ ժամանակ է, որ միջատները գրոհեն ու խժռեն ծառերը: Այդ տրակտորները առնվազն դեմ հանդիման պետք է դուրս գային, որ մենք կարողանայինք զանգվածային աշխատանք անել, որի արդյունավետությունը անհամեմատ բարձր կլիներ։ 

Մեր քաղաքում տարեց ծառերը շատ լուրջ ու կարևոր դեր են խաղում, նույնիսկ եթե ունեն երկու ճյուղ, որովհետև այս փոքրերը 20 տարի հետո են դառնալու ծառ ու էկոծառայություն մատուցեն։ Սա գիտականորեն ոչ մի հիմնավորում չունեցող ծրագիր է, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն առհասարակ ներգրավված չեն եղել այս խնդրում: Անձամբ հանդիպում եմ ունեցել քաղաքապետի հետ, որն ինձ խոստացել էր, որ կստեղծի քաղաքապետին կից բնապահպանական խորհուրդ, որում կընդգրկվեն նաև միջազգային մասնագետներ, որովհետև ես ներկայացրել էի նրանց խիստ բացասական կարծիքն այս ծրագրի վերաբերյալ, բայց ոչ մի բան չարեց: Առավոտյան արթնացանք ու տեսանք, որ մեքենաները զորքով արմատախիլ են անում բոլոր առողջ ծառերը։ Սա պետք է դատապարտվի, քրեորեն պատժվի, սա սարսափելի գործողություն է, որն իրականացնում է իշխանությունը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MedaiLab.am