Այո՛, Երևանում կան ծառեր, որոնք պետք է փոխվեն, բայց այս ծրագիրն արվում է անընդունելի ձևով. Երևանի ավագանու անդամ

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, մայրաքաղաքի կենտրոնում մեկնարկել են ծառահատման աշխատանքներ, ըստ քաղաքապետարանի՝ ծերացած ծառերին փոխարինելու են գեղազարդ ծառերը։ Որպես ավագանու անդամ՝ ինչպե՞ս եք գնահատում մեկնարկած գործընթացը։

– Այս ծրագրի մասով մտահոգություններս շատ են։ Ծառերի փոխարինման ծրագիր իրականացնում են աշխարհի բոլոր քաղաքներում, որովհետև դրանք կենդանի օրգանիզմ են և ունեն իրենց կենսունակության վերջը։ Այն ծառերը, որոնք կասկածում էինք, թե հիվանդ են կամ վնասված, չկար ոչ մի ծառ, որը ենթակա է հատման, խոսքս Կասկադի ծառերին է վերաբերում։ 

Որոշ վերապահումներով՝ մեկ-երկու ծառ է կասկածելի, բայց ես էլի չէի հատի։ Այն ծառերը, որոնք կան, դեռ 20 տարի Երևանում կաշխատեն, ուղղակի ծառերի համար անհրաժեշտ սանիտարական գործողությունները պետք է ժամանակին ու նորմալ կատարել։ 

Մեզ հաջողվեց հասնել նրան, որ Կասկադում այդ փոխարինման ծրագիրը չեղարկվի, Կասկադում իրենք ոչ մի ծառ չեն հատելու ու ոչ մի փոխարինման ծրագիր չեն անելու: Թեպետ հիմա դեռ ծառերի վրա ծառահատման բոլոր տոմսերն առկա են, ես կարծում եմ, որ հենց վաղը իրենք բոլոր տոմսերը կհանեն, բայց այդ բոլոր նկարները մեզ մոտ կան, և մենք հատ առ հատ ծառերի մոտով քայլել ենք, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի հետ, ու խնդրել եմ ներկայացնել հիմնավորումները։ 

Իսկ վաղը ես պաշտոնապես կդիմեմ Երևանի քաղաքապետին, որ հասկանամ՝ ո՛վ է որոշել, որ ծառերը պետք է հատվեն, ու այդ ծրագրի տակ ի՛նչ հիմնավորումներ են առկա։ Մի քանի օր առաջ դիմել էի քաղաքապետին ու խնդրել ծառերի փոխարինման ծրագրի ամբողջական փաթեթը, ուղղակի ամսի 26-ին էր նշանակված ծառերի հատման մեկնարկը, բայց այսօր սկսեցին, երբ դեռ չէի ստացել ամբողջական փաթեթը։ Պետք է շատ լուրջ հիմնավորումներ ներկայացնեն, որ այս ծրագիրը կարողանան շարունակել։ 

Այսօրվա մեր հավաքին կային նաև միջազգային փորձագետներ, որոնք ևս խոսեցին այս ամենի մասին ու ասացին՝ այս ծրագրերը նման ձևով չեն իրականացվում։ Երկու շաբաթ առաջվա տվյալներով՝ Երևանում այսօր ունենք օդի ավազանի՝ փոշու սահմանային խտության թույլատրելի խտության 22 անգամ գերազանցում, այս պարագայում ծառերի փոխարինման ծրագիր անել, ու լավագույն ծառատեսակներից մեկը, որն այս կամ այն պատճառներով ունի խնդիր, եթե անգամ անհրաժեշտ է հատել, ապա այն պետք է համարժեքով փոխարինվի, մենք չենք կարող իջեցնել նրա էկոծառայությունների մասշտաբը, հակառակը՝ ավելացնել է պետք։ 

Այսօրվա Երևանում, որտեղ գերկառուցապատում է, որտեղ շինարարության շատ մեծ ծավալ է, որը չի վերահսկվում, և մենք ունենք օդի աղտոտվածության նման ցուցանիշներ, նման ձևով՝ սաղարթ չունեցող և սանիտարական ֆունկցիայով բացարձակապես չօժտված, ներքին այգիների համար նախատեսված ծառատեսակներով փոխարինելը առնվազն աբսուրդ է։ 

Ես խնդրել եմ նաև բոլոր գիտական հիմնավորումները, որովհետև ըստ դրանց են արվում ծառերի ընտրությունը, օրինակ՝ թեղու ծառը կլանում է 2 գրամ փոշի, իսկ բարդին՝ 1-ից ավելի քիչ, բայց սա էլ ամենաբարձր ծառն է, որը կլանում է ածխաթթու գազ, այսինքն՝ մենք պետք է հասկանանք հիմա այս շարքի մեջ, որ արել ենք, ո՛ր ծառերն են մեզ հետաքրքիր։ Եղևնին էլ ամենալավն է աղմուկն իջեցնում, մենք պետք է այնպես ձևավորենք միջավայրը, որ ոչ թե մեր ճաշակով լինի, այլ լինի օգտակար, կա գիտություն, և գեղեցիկ է, երբ գրագետ է։

– Նոր ծրագիրը գեղեցիկ է, բայց ո՞չ գրագե՞տ։

– Այո՛, այդ ծառատեսակը փողոցային կանաչապատման համար չէ, դա պուրակներում, փոքր հատվածների համար նախատեսված բույս է։

– Մինչև ծառահատման աշխատանքները սկսելը ավագանու անդամների հետ քննարկում չի՞ եղել, տիկի՛ն Վարդանյան։

– Ո՛չ, ոչ մի քննարկում չի եղել, եղել է գիտաժողով, որին ես հրավիրված չեմ եղել՝ որպես ավագանի ու ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն։ Քննարկմանը եղել են գիտնականներ, որոնք խրախուսել են այս ծրագիրը ու ասել են, որ այսպես ճիշտ է։ Մենակ ես այս «ռազմի դաշտում», այնուամենայնիվ, հասանք նրան, որ ծրագիրը կասեցվեց, այսինքն՝ գիտնականներն իրենց ճիշտ չեն ասել, որովհետև ես այդտեղ չեմ տեսնում հատման ենթակա գեթ մեկ ծառ, իսկ իրենք տասնյակ ծառերի մասին են ասում։ 

Ես, ինչպես ասացի՝ խոսում եմ Կասկադի ու Մոսկովյան փողոցի ծառերի մասին, որովհետև մնացածը չեմ ուսումնասիրել։ Այլ մասնագետների հետ եմ քայլել, հատ առ հատ ուսումնասիրել ենք, որպեսզի չխանգարենք լավ ծրագրի իրականացմանը, ամենևին չունեմ այդ նպատակը, քսան տարի է՝ իմ միակ նպատակն է, որ Երևանը առողջ լինի: Այո՛, Երևանում կան ծառեր, որոնք պետք է փոխվեն, բայց այս ծրագիրն արվում է անընդունելի ձևով, Կասկադում նման ծառ չկա, իսկ Մոսկովյանում ծառերը կփոխարինվեն, չեն լինի սակուռայի ծառեր։ 

– Եթե ավագանու անդամների հետ քննարկում չեն արել, վստա՞հ եք, որ ձեր պահանջած այդ բոլոր փաստաթղթերը կտրամադրեն։

– Չեն կարող չտրամադրել, միջադեպ եղավ, որ չտվեցին, հետո ավագանու նիստին այդ մասին բարձրաձայնել եմ, տրամադրել են, դրանից հետո նման դեպք չի եղել։ Ինֆորմացիան տրամադրելուն պես ես կհրապարակեմ դրանք։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am