«Ներողությունը սփոփո՞ւմ է այդ ծնողներին, երբ այդ մարդիկ դեռ չգիտեն՝ զավակների մասունքները կա՞ն, թե՞ չկան». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Տիկի՛ն Ալեքսանյան, դիահերձարանի նկուղում պոլիէթիլենային տոպրակով զինծառայողների մասունքների լուսանկարները մեծ աղմուկի առիթ դարձան, առողջապահության նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ: Ինչի՞ հետևանք է կատարվածը:

Դա վերաբերմունք է մահացած հայ զինվորի նկատմամբ, պատերազմում հերոսաբար զոհված զինվորի նկատմամբ: Այդպես էլ զինվորը արժեք չդարձավ ոչ մի համակարգում:

Տարիներ շարունակ զինվորների իրավունքներով եմ զբաղվում և այս ողջ ընթացքում տեսնում եմ այդ խնդիրները, որոնք բազմաթիվ են: Դա փնթի վերաբերմունք է, նրանք չեն հասկանում, որ այդ ծնողները մասունքներ են ուզում, իսկ դրանք հայտնվել են այն վիճակում, ինչին ականատես եղանք:

Խստորեն դատապարտում եմ այդ վերաբերմունքը, պետք է պատասխան տան նրանք, ովքեր պատասխանատու են կատարվածի համար:

Պատասխանատուներից մեկը՝ առողջապահության նախարարի պաշտոնակատարը, ներողություն է խնդրել՝ կատարվածը իր բացթողումը համարելով:

– Ներողությունը սփոփո՞ւմ է այդ ծնողներին, երբ այդ մարդիկ դեռ չգիտեն՝ իրենց զավակների մասունքները կա՞ն, թե՞ չկան այդտեղ, իրենց այդ ծանր հոգեբանական ապրումները: Միայն ներողություն խնդրելո՞վ է:

Չեն հարգում, զինվորների կորստի, կատարվածի պատասխանատվությունը ամբողջությամբ կրում է պետությունը, բայց մենք պատասխանատուներ չունենք, չկա պատասխանատվություն, դրա համար էլ այս վերաբերմունքն է: Այն, որ ծնողներն ասում են, որ իրենց զավակներին ընդունել են որպես թնդանոթի միս, երևի ճիշտ են ասում, այս վերաբերմունքը դա է վկայում:

Ներողություն խնդրելը ի՞նչ է փոխում, արդյոք նախարարը հանդիպե՞լ է ամեն մի ընտանիքի հետ և ներողություն խնդրել: Ուղղակի օդի մեջ ներողություն է խնդրել, պետք է գնա, գլուխ խոնարհի այդ ընտանիքների առաջ:

Տիկի՛ն Ալեքսանյան, կատարվածը, նման երևույթները խոսում են մեր հասարակության արժեհամակարգի՞ մասին:

 – Ես հասարակությանը չեմ խառնում, դա պետության պատասխանատվության տակ է գտնվում, և չեմ ուզում հասարակությանը խառնել, հասարակությունն այնքանով, որ պետք է պահանջի:

Բայց սա առաջին հերթին որոշում կայացնողների խնդիրն է, որոնք ոչ մի պատասխանատվություն չեն կրում, արդեն մոռացել են, այդ զինվորների կորստի մասին այս երկիրն արդեն մոռացել է, ամենաողբերգականը հենց սա է, որ ամեն մի զինվորի կյանքի համար չեն դողում:

 – Վարչապետի պաշտոնակատարի հանձնարարությամբ՝ ծառայողական քննություն է նշանակվել կատարվածի առնչությամբ: Սրան զուգահեռ պաշտոնանկություններ չպե՞տք է լինեին, տիկի՛ն Ալեքսանյան:

– Ծառայողական քննության մշակույթը մեր երկրում ձևական բնույթ է կրում: Բոլոր դեպքերի հետ կապված ծառայողական քննություն են սկսում, որոնց արդյունքները երբեք չենք իմանում: Այդ ծառայողական քննությունը ծնողներին լռեցնելու միջոց է:

Հրաժարականների մասով, եթե նախարարը հանդիպեր ամեն ընտանիքի հետ, կիսեր նրանց վիշտը, ներողություն խնդրեր իր պահվածքի համար, գուցեև հրաժարականի կարիք չլիներ, բայց, ցավոք սրտի, նրանք այնքան անխիղճ, անհոգի ու անսիրտ են, որ մտքներով էլ չի անցնում, ի՛նչ հրաժարականի մասին է խոսքը: Կառչած են աթոռներից և ոչինչ չեն անում մարդու համար, այն էլ՝ զոհված զինծառայողի ընտանիքի համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab