ԵՄ ներկայացուցիչները կշարունակեն քայլերն Ադրբեջանի ագրեսիաների հարուցած խնդիրների լուծման ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը նոյեմբերի 7-ին և 8-ին Բելգիայի Թագավորությունում (Բրյուսելում) մասնակցել են ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստերին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստի ընթացքում Ռաֆայել Վարդանյանը ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ իրականացրած ագրեսիայի ակտի դեպքերով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալները՝ տարածքների օկուպացիան, խաղաղ բնակավայրերի կանխամտածված, նպատակաուղղված թիրախավորման և հրետակոծության դեպքերը, քաղաքացիական անձանց սպանության, ռազմագերիների արտադատական մահապատիժների, կին զինծառայողների մարմինների խոշտանգումների, անարգման, քաղաքացիական անձանց տեղահանության, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և զինծառայողների կողմից իրականացված խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների արձանագրված դեպքերը։

«Ռաֆայել Վարդանյանը բարձրաձայնել է նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի հետևանքով մինչև օրս գտնվելու վայրն անհայտ 203 զինծառայողների և քաղաքացիական անձանց` Ադրբեջանի զինծառայողների վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքների խոչընդոտման մասին։

Եվրոպական Միության ներկայացուցիչները հանձնառություն են ստանձնել շարունակել քայլեր ձեռնարկել ներկայացված խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քննչական կոմիտեի միջազգային հարցումների բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը տեղեկատվություն է ներկայացրել է 2022 թվականին Կոմիտեում ընթացքի մեջ գտնվող որոշ քրեական վարույթների ցուցանիշների վերաբերյալ, ինչպես նաև՝ անդրադարձ կատարել համապատասխան վարույթներով  օբյեկտիվ իրականության պարզման ուղղությամբ իրականացվող գործողություններին:

«ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի համանախագահությամբ տեղի ունեցած Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի 12-րդ նիստին Սերգեյ Թաիրյանը անդրադարձել է օրակարգում ներառված՝ ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերելի հարցերին և համապարփակ տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանում քրեական վարույթներով իրավական օգնության ցուցաբերման կապակցությամբ ստացված հարցումների ապահովման, ինչպես նաև՝ կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում և մարդկանց թրաֆիքինգի ոլորտում հանցավորության դեմ պայքարի,  կիբեռհանցագործությունների մասով` Բուդապեշտի կոնվենցիայի իրագործման վերաբերյալ»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նշվում է, որ Եվրոպական Միության ներկայացուցիչները հանձնառություն են ստանձնել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդման և զարգացման ուղղությամբ ապահովել միջոցառումների շարունակական ընթացք։