Նորակառույցի բնակիչները՝ գովազդի զոհ. կառուցապատողը փոխել է նախագիծն առանց համաձայնության․ Factor.am․ տեսանյութ

Անաստաս Միկոյան 46 հասցեում գտնվող նորակառույցի ապագա բնակիչները  հարևանների հետ ժամանակից շուտ ծանոթացան։ Պատճառը համացանցում տարածված տեսանյութն էր, որից հասկացել են, որ կառուցապատման նախնական նախագիծը փոփոխության է ենթարկվելու, գրում է Factor.am-ը։ «Դավթաշեն սիթի» կոչվող նորաստեղծ թաղամասում արդեն կանգնած են 6 բնակելի շենքեր՝ շինարարական աշխատանքները ավարտին են մոտենում։ Խնդրո առարկան բակային տարածքն է։ Համաձայն նախանական նախագծի, բակային տարածքում նախատեսված են եղել կանաչ տարածքներ, մանկապարտեզ, ամֆիթատրոն և այլն։ Կառուցապատողի տարածած նոր տեսանյութում բակային հատվածում ենթակառուցվածքների փոխարեն, ըստ բնակիչների, ավելացվել են 8 հատ երկհարկանի քոթեջներ՝ դրանց սպասարկող առանձին ճանապարհով, որը նախնական նախագծում չի եղել։

Բնակիչները հիմա իրենց խաբված են զգում։ Դավթաշեն թաղամասում կառուցապատումն իրականացնում են «Ն և Ս քոնսթրաքշն» և «ԿաԷռ քոնսթրաքշն» ՍՊԸ-ները։  Կառուցապատող K R construction ընկերության տնօրենը պարզաբանեց, որ ընդհանուր հողատարածքի մակերեսը այդ թաղամասում 35 000 քմ է, իրենք քաղաքպետարանից ստացել են շինթույլտվություն, համաձայն որի կառուցապատման մակերսեը չի կարող գերազանցել ընդհանուր տարածքի  60 տոկոսը, որը կազմում է 21 000  քմ, մինչդեռ շենքերը կառուցվում են ըհնդամենը 6000 քմ մակերեսի վրա, քոթեջները, որոնք նախատեսվում են, զբաղեցնեկու են 2400 քմ մակերես, այսինքն ընդհանուր կառուցապատման մակերեսը դառնալու է 8400 քմ՝ թույլատրելի 21 000-ի փոխարեն։ Նախնական նախագծից հանվել է միայն ամֆիթատրոնը, որը, տնօրենի կանխատեսմամբ, հետագայում վերածվելու էր աղբանոցի, հանվել է լողավազանը, որը մեծ խնամք է պահանջում և մարզասրահը, քանի որ մարզասրահ գործելու է շենքերից մեկի ներսում։ 

Քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ կառուցապատող ընկերությունը նախագծային փոփոխության համար դիմել է Երևանի քաղաքապետարան, սակայն դիմում-հայտը փոփոխության չի ենթարկվել, հետևաբար համալիրի կառուցապատումն իրականացվելու է համաձայն արդեն հաստատված նախագծի: Ցանկացած շեղում կարող է հանգեցնել խնդիրների՝ ավարտական ակտը տրամադրելիս։ Կառուցապատող ընկերության տնօրենը, սակայն, պնդում է, որ ինքը շինթույլտվություն ստացել է միայն շենքերի համար, իսկ բակային բարեկարգումն ու ենթակառուցվածքների կառուցումը թողնված է կառուցապատողի հայեցողությանը։  

Նման իրավիճակներից խուսափելու համար կնքվում է պայմանագիր գնորդի և կառուցապատողի միջև։ Գնման իրավունք ձեռք բերելիս իրավաբան Արմեն Հարությունյանը գնորդներին խորհուրդ է տալիս ոչ թե հավատալ միայն գեղեցիկ լուսանկարներին ու խոստումներին, այլ  պայմանագրում ամրագրել բոլոր այն կետերը, որոնք իրենք կարևորում են։