«Արցախում տեղի է ունենում ռուսական ծրագրերի իրականացում, իզուր չէ, որ նրանք արցախցիներին ասում էին՝ դուք հայեր չեք, դուք ավելի բարձր ժողովուրդ եք». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

– Պարո՛ն Պապյան, համացանցում բուռն արձագանք է ստացել Ստեփանակերտում դպրոցի վրա «Շնորհակալություն Ռուսաստանին» գրությունը և այն, որ արցախցի դպրոցականները Պուտինի լուսանկարներն ու ՌԴ դրոշն են պարզել։ Ի՞նչ է կատարվում։

– Տեղի է ունենում Ռուսաստանի կողմից իր ծրագրերի իրականացում, որի մասին բազմաթիվ անձինք, այդ թվում՝ ես, զգուշացրել էինք։ Ասել էինք, որ Ռուսաստանը չունի Դոնբաս ու Լուգանսկ, մենք չունենք ռուսալեզու ժողովուրդ, որին կտրամադրեն Հայաստանի դեմ, բայց կա Ղարաբաղ, որը կարելի է օգտագործել։

Տեղի է ունենում Ռուսաստանի տարածաշրջանային նահանջ, այդ երկիրը չի կարողանում դիմակայել և՛ Արևմուտքի, և՛ Թուրքիայի՝ տարածաշրջան ներխուժմանը։ Եվ նա՝ որպես պահեստային տարբերակ, Արցախն է օգտագործում՝ որպես լրացուցիչ ռազմաբազայի տեղ, իսկ հետագայում, եթե ինչ-որ բան կորցնի, դա պահելու համար։

Հաշվի են առնվում մի շարք առանձնահատկություններ՝ կապված Արցախի բնակչության հետ։ Պատահական չէ, որ նախորդ տարի Կոլերովը և Տարասովը, այց կատարելով Արցախ, Մաշտոցի համալսարան, ասում էին՝ դուք հայեր չեք, դուք ավելի բարձր ժողովուրդ եք, այլ ժողովուրդ եք։

Սա նոր չի սկսվել, առնվազն 2013 թվականից է սկսվել՝ Զորի Բալայանի տխրահռչակ նամակով Պուտինին, որում գնում էր այն միտքը, որ Ղարաբաղը ո՛չ Ադրբեջանի մաս է, ո՛չ էլ Հայաստանի, այն Գյուլիստանի պայմանագրով միացվել է Ռուսական կայսրությանը։ Իհարկե, որևէ մեկը չէր ասում, որ Ռուսական կայսրությունը 1917-ին կործանվել է, 1918-ին երկրներ են ստեղծվել, 1920-ին Ազգերի լիգան Ղարաբաղը ճանաչել է Հայաստանի մաս, և Հայաստանի կազմից Ռուսաստանը գրավել ու որպես վարչական միավոր տվել է Ադրբեջանին, հետո Ադրբեջանը 1991 թվականին, վերահաստատելով իր անկախությունը, հրաժարվել է Արցախից։

Սա ռուսական սովորական ծրագիրն է, որն իրականացնում է։

– Արդյոք Արցախի հայ բնակչության անվտանգությունն ապահովվո՞ւմ է ռուս խաղաղապահների շնորհիվ։

– Ո՛չ, չեն ապահովում, և նման խնդիր դրված չէ խաղաղապահների առջև։ Նրանք չեն կարող ապահովել անվտանգությունը։ Երկու տասնյակ դիրքերը կարո՞ղ են այդ հսկայական սահմանը պահել, իհարկե չեն կարող։

Նման խնդիր դրված էլ չէ, խնդիրը շատ պարզ է՝ որոշակի տարածք, որոշակի բնակչությամբ։ Այնքան, որ սպասարկեն ռազմաբազայի աշխատանքը։

Դա էլ տեղի է ունենում։ Բնականաբար, սահմանամերձ գյուղերը կդատարկվեն, նաև կենտրոնական շրջանի բնակավայրերը կդատարկվեն։ Մարդկանց մի մասը կարտագաղթի Ռուսաստան, մի մասը՝ Հայաստան, մի մասն էլ ապաստան կգտնի Արևմուտքում։

– Այսինքն՝ Արցախը կհայաթափվի՞։

– Իհարկե։ Խաղաղապահները նախատեսված չեն խաղաղություն ապահովելու համար։ Նրանք նախատեսված են ռուսական շահերն առաջ մղելու համար։ Եթե նպատակը խաղաղապահները լինեին, ուրեմն կարելի էր ընդունել նաև բազմազգ խաղաղապահներ, այնտեղ երկու պատասխանատվության գոտի կա՝ մեկը կարելի էր տալ ռուսներին, մյուսը՝ սկանդինավցի խաղաղապահներին, լինեին միջազգային դիտորդներ և այլն։

Բայց մենք տեսնում ենք, որ ո՛չ դիտորդներն են միջազգային՝ դրանք թուրքեր ու ռուսներ են, ո՛չ էլ զորքն է միջազգային՝ ռուսական զորք է ԼՂԻՄ-ի մնացորդի ներսում, և թուրքական զորք՝ ԼՂԻՄ-ի մնացորդի շրջակայքում։

Այստեղ դիմակայություն է գնում։ Թե ինչքա՞ն այս ռուս-թուրքական հերթական եղբայրությունը կտևի, կյանքը ցույց կտա։

Հայաստանի անելիքը ո՞րը պետք է լինի այս իրավիճակում։

– Մեր անելիքի մասին բազմիցս նշել ենք։ Երբ ասում էինք, որ Հայաստանը պիտի վերականգնի ինքնիշխանությունը, ապագաղութացվի, այսօրվա համար էինք ասում։ Երբ ասում էինք՝ այլընտրանքներ պետք է ստեղծվեն, այսօրվա համար էինք ասում։

Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այդ վիճակում մենք ի՞նչ պետք է անեինք, ճիշտ է ասում։ Բայց, կներեք, բա երկրի ղեկավարը հենց նրա համար է, որ թույլ չտա, որպեսզի այդ վիճակը լինի։ Չպետք է թույլ տալ, որ, ինչպես ինքն է ասում, 35 հազար զինվորական շրջափակման մեջ էր հայտնվում։ Ուրեմն դու 35 հազար զորք ունես, մի այդքան էլ Հայաստանում կա, չես կարողացել նորմալ կազմակերպել, հայտնվել ես շրջափակման մեջ։

Բա 2,5 կես տարի ի՞նչ էիք անում։ Էն 25 տարին դեռ մի կողմ, որ հանցագործ են եղել, երկիր են թալանել, բա ամբողջ հեղափոխության իմաստն այն էր, որ թալանչիները պատժվեին, երկիրը վերականգնվեր։

Եվ ասում էինք՝ պատերազմն անխուսափելի է։ Հիմա այդ նույն թալանչիներով վախեցնում են, ասում են՝ եթե մենք գնանք, նրանք կգան։ Ես մտածում եմ, որ ուրեմն դիտավորյալ չէին պատժում, որպեսզի ժողովրդին վախեցնեին նրանց գալով։

Ասում է՝ Մովսես Հակոբյանը թալանչի է եղել, բանակն է թալանել։ Եղբա՛յր, մենք էլ էինք ասում, որ թալանչի է, բա բռնեիր տանեիր բանտ։ Կամ, երբ ասում ես՝ թալանչիները կգան, այդ ո՞ւմ ես դու թալանչի համարում, կա՞ մի դատական գործ։

Չկա ուժի մեջ մտած մի դատական վճիռ, որ մարդը մեղադրվի թալանի, յուրացման համար, ի՞նչ իրավունքով ես դու մարդկանց թալանչի կոչում։

Մեր անելիքը հետևյալն է՝ Արցախում մենք այսօր բան չենք կարող անել, մոռացե՛ք Արցախը, դա մեզանից դուրս է այլևս։ Տա Աստված, այնտեղ ռուսները գոնե այդ ժողովրդին պահեն, չմորթեն այդ մարդկանց։

Միակ շանսն այն է, որ աշխարհաքաղաքական փոփոխություններ լինեն, և հնարավոր լինի ինչ-որ մի բան հետ ստանալ։ Դա չեմ բացառում, ես կանխատեսում եմ, որ հաջորդ տարի լուրջ բախումներ կլինեն ռուսների և թուրքերի միջև։

Հիմա պետք է մտածել Հայաստանի մասին։ Ես ասել եմ ու նորից եմ կրկնում՝ Հայաստանը հիմա պարտավոր է իրեն հայտարարել առաջին հանրապետության իրավահաջորդ և դիմել միջազգային դատարան՝ գոնե խորհրդատվական կարծիքով, հայցելու իրավական պատասխան՝ արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի սովետականացումը, որը տեղի է ունեցել 1920 թվականին, միջազգային տեսանկյունից եղել է օկուպացիա՞, թե՞ ոչ։

Եվ երկրորդ՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի սահմանը ինչ փաստաթղթով է որոշվել, որովհետև մենք գտնում ենք, որ դա Ազգերի լիգայի զեկույցն է եղել։ Սրանք ինչո՞վ են կարևոր։ Եթե մենք դատարանից ստանում ենք թեկուզև խորհրդատվական կարծիք, մենք ասում ենք՝ ուրեմն այս տարածքը՝ Ղարաբաղը, Ադրբեջան չէ։

Եթե տեղի է ունեցել օկուպացիա, օկուպանտի օրոք տեղի ունեցած որևէ գործողություն, այդ թվում՝ վարչական բաժանում կամ սահմանների գծում, անօրինական է։ Ավելին, 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանը հրաժարվել է սովետական իրավական և քաղաքական ժառանգությունից։

Հիմա հարց է առաջանում. եթե այդ ժառանգությունից Ադրբեջանը հրաժարվել է, ինչի՞ մասին է Նիկոլ Փաշինյանը խոսում, երբ ասում է հայ-ադրբեջանական սահմանը այսպես կամ այնպես, դեմարկացիա։

Այդ դեմարկացիայից առաջ պետք է տեղի ունենա դելիմիտացիա։ Ի՞նչ է դելիմիտացիան. դա այն է, երբ փաստաթղթով հստակ նշվում է միջպետական սահմանը։ Եվ դրա ու քարտեզների հիման վրա տեղի է ունենում դեմարկացիա, այսինքն՝ սահմանանշում։ Մենք Ադրբեջանի հետ չունենք միջազգային սահման։ Եկեք վերադառնանք միջազգային սահմանին՝ Ազգերի լիգայի։

Մենք այս հարցերը պիտի բարձրացնենք, բայց բան չենք անում։ Իշխանությունն այսօր պարզապես նստած ճառեր է ասում, գործով զբաղվեք։ Այդ սահմանների օրինականության հարցը մեզ նաև հնարավորություն կտա, որ եթե ադրբեջանցիները  գնան միջազգային դատարան ու մեզանից կոմպենսացիաներ ուզեն, չեն կարողանալու։ Երբ ասում են՝ Սոթքի հանքի մի մասը Ադրբեջանի տարածքում է, մենք իրենց աչքը կմտցնենք այդ դատական որոշումը։

Այսօր մանկամիտ ու գավառամիտ քաղաքականություն է իրականացվում, ինչը սոսկալի է։ Դա հայտարարությո՞ւն է, որ ստորագրել է Հայաստանի վարչապետը։

Տարածքները դատարկելու մասին կա հստակ ժամանակացույց, բայց գերիների վերադարձի մասին ոչ մի ժամանակացույց նշված չէ։

Ես չեմ ուզում հավատալ, որ սա կարող է ամիսներ ու տարիներ տևել։ Տեսականորեն այդ փաստաթուղթը ոչինչ չի պարտադրում Ադրբեջանին։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am