Դեռ չվերադարձած՝ արդեն հարցումներ են ստացվում. տուրօպերատորները մեծ ոգևորությամբ են եկել ՌԴ-ից

ՌԴ մայրաքղաք Մոսկվայում մարտի 16-18-ը անցկացված MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցած Հայաստանի ներկայացուցիչները լավ արդյունքներով են վերադարձել:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի Մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անի Արևշատյանը նշեց, որ մասնակցում էին բավական ներկայացուցչական կազմով: Զբոսաշրջության կոմիտեն, մեկ միասնական տաղավարով, մասնակցել է 20 զբոսաշրջային կազմակերպությունների հետ:

«Հանդիպումներ ունեցանք Ռուսաստանի պետական հատվածի ներկայացուցիչների հետ: Մեր տաղավար այցելեց Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան: Առանձին հանդիպումնր եղան նաև ցուցահանդեսին ներկայացված այլ պետությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման առանցքում հիմնականում բարձրաձայնվել են հարցեր՝ ավիաչվերթների վերականգնման հետ կապված, խոսել ենք նոր համագործակցության մասին: Ասեմ, որ մեծ աջակցություն ստացանք ՌԴ-ում Հայաստանի դեսպանության կողմից»,- նշեց Անի Արևշատյանը:

Հայաստանն այն երկրներից էր, որոնք ցուցահանդեսին մասնակցում էին ամենաշատ տուրիստական կազմակերպություններով:

Զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Անահիտ Այվազյանը նշեց, որ ցուցահանդեսին գնում էին մասնակցելու ոչ շատ մեծ ակնկալիքներով: Սկզբում թվում էր, թե պարզապես շեշտադրումը լինելու է Հայաստանի իմիջային հարցերի վրա, սակայն այնտեղ հայկական տաղավարի նկատմամբ հետաքրքրությունն այնպիսն էր, որ տպավորություններն ամբողջապես փոխվեցին:

«Ստացվեց լրիվ հակառակը, իսկապես շատ մեծ հետաքրքրություն կար Հայաստանի տաղավարի նկատմամբ: Ռուսաստանի համարյա բոլոր մարզերից ունեցել ենք հարցումներ: Վերադարձի ճանապարհին՝ դեռ Հայաստան չհասած, արդեն հարցումներ էինք ստանում, ինչը շատ ուրախալի է: Կարծում եմ, հաջողելու ենք»,- ասաց Անահիտ Այվազյանը: Հետաքրքրությունները եղել են թե անհատական, թե խմբային, թե էքստրեմալ, թե կորպորատիվ տուրերի նկատմամբ:

 Այն ոգևորությունը, այն ակտիվությունը, որ կար Հայաստանի զբոսաշրջային պրոդուկտի նկատմամբ, զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Եղիշե Թանաշյանի խոսքով, անսպասելի էր: Կայացել են մեծ թվով հանդիպումներ ինչպես արդեն իսկ ունեցած գործընկերների հետ, այնպես էլ՝ նոր:

«Ասեմ, որ շատերը տեղեկացված չէին, որ Հայաստանը հիմնականում բաց է զբոսաշրջության համար, գործում են չվերթներ: Մեր հիմնական աշխատանքը, հատկապես առաջին օրերին, իրազեկումն էր: Վերաբերմունքը շատ դրական էր, ավելին, քան սպասում էինք: Մեզ զգացել ենք շատ անվտանգ, և դա նաև շնորհիվ ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանության»,- ասաց Եղիշե Թանաշյանն՝ ընդգծելով, որ ռուսական տուրիստական շուկայի աշխարհագրությունը պետք է ընդլայնել:

Զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Գագիկ Հակոբյանը Մոսկվայի զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին մասնակցությունը բավական մոտիվացնող է համարում: Նրա խոսքով, համավարակով պայմանավորված, տևական ժամանակ առիթ չեն ունեցել իրենց գործով զբաղվելու, հիմա լավ առիթ էր զբոսաշրջային փաթեթներ ներկայացնելու: Թե անհատների, թե տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների այցելությունների պակաս Հայաստանի տաղավարը չի ունեցել:

Մանրամասները՝ այստեղ