«Որքան տեղյակ եմ, Հին Շենից կանանց և երեխաներին հանել են, բայց ադրբեջանցիները իրենց լկտի են պահում». Ըստ Շուշիի քաղաքապետի՝ անընդունելի վիճակ է

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, նշվում է, որ Շուշիի շրջանի Հին Շեն գյուղն ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվել, այնտեղ կան նաև կանայք ու երեխաներ։ Ի՞նչ է կատարվում, ի՞նչ է ձեզ հայտնի։ Ի վերջո, այս գյուղերը ստորագրված հայտարարության մեջ ներառվա՞ծ էին։

– Ճիշտն ասած, ես որքանով տեղյակ եմ, կանայք և երեխաներ այս պահին գյուղում չկան, նրանց արդեն հանել են։ Երեկվա դրությամբ կանայք և երեխաներ կային, նրանց հանել են, իսկ տղամարդիկ կանգնած են գյուղում։ 

Ռուսական զորքը և ադրբեջանցիներն այս պահին էնտեղ են։ Որքանով տեղյակ եմ, անգամ բանակցություններ չկան, և եթե ադրբեջանցուն թողնում են, որ մտնի գյուղ, մնա, նշանակում է՝ոչ մի բանակցություն չկա այս փուլում։ 

– Անակնկա՞լ էր այս գյուղերի հետ կատարվածը։

– Իհարկե անակնկալ էր։ Անակնկալ էր այնքանով, որ Մեծ Շենը ընդհանրապես ադրբեջանական չի եղել, միշտ հայերն են այնտեղ ապրել, Քիսից այն կողմ ապրել են հայերը, նախկինում մինչև 7000 բնակիչ ենք ունեցել։ Հիմա ասում են՝ Լաչինի շրջանի մեջ է, Քիսավանը վերցրել են, հիմա Բերդաձորի դիմաց հատվածն են վերցնում։ 

Ադրբեջանցիները լկտի են պահում իրենց։ Եթե այսօր ասում ենք, որ Աղդամը իրենցն է եղել, Մեծ Շենը և Հին Շենը ընդհանրապես ադրբեջանական չեն եղել, ադրբեջանցիներ չեն էլ բնակվել։ 

Հիմա այս գյուղերում 150-200 բնակիչ կա։ Մարդիկ ձիգ կանգնած էին իրենց հողում, հող էին մշակում, Բերդաձորի մեղրից աշխարհում չկա, մարդիկ իրենց հալալ քրտինքով ստեղծում էին և վայելում։

– Գյուղի բնակիչները մտադի՞ր են վերադառնալ։

– Գնացողը հետ է գնալու, բայց եթե թուրքը էնտեղ լինի, ո՞նց է գնալու։ Ավելին ասեմ, եթե թուրքը Մեծ Շենին և Հին Շենին իշխեց, Հայաստանի ճանապարհն էլ է վտանգվում։

– Այսինքն՝ ռուս խաղաղապահներն էլ չե՞ն կարողանում ապահովել արցախցու անվտանգությունը։

– Եթե ադրբեջանցիներն այսօր մտել են, պոստ են դրել, ռուսը չի հանել նրանց, ես չեմ կարողանում հասկանալ՝ ի՛նչ խաղ է, ի՛նչ է կատարվում։ Հիմա թե ի՛նչ է կատարվում, ի՛նչ պլաններ են, անընդունելի է ինձ համար, և, ընդհանրապես, խելամիտ մարդկանց համար դա անընդունելի է։

– Պարո՛ն Սարգսյան, մինչ այժմ քանի՞ շուշեցի է վերադարձել Արցախ։

– Այդքան շատ չեն, բայց ցանկություն հայտնողներն են շատ։ Նրանց ապաստարաններով պետք է ապահովել, մարդիկ, առանց մեզ տեղեկացնելու, հասնում են Ստեփանակերտ, տեսնում, որ տեղ չկա մնալու։ 

Ստեփանակերտը լեփ-լեցուն է մարդկանցով, Ստեփանակերտում, հարակից գյուղերում որտեղ մարդիկ տուն են ճարել, գնացել են։ Բնակարանի վարձերը աստղաբաշխական թվերի են հասել ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այնտեղ, դրանով ինչի՞ ենք հասնելու։ 

Գումար ենք վաստակում՝ առանց մտածելու կողքինի մասին։ Մարդիկ մի կերպ ուզում են ապրուստ հոգալ, բայց պետք է մտածեն վարձերի մասով, չնայած պետությունը կիսով չափ հոգում է, բայց մյուս կեսը մարդիկ իրենք պետք է հոգան։

Ինձ մտահոգում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում շարժում է սկսվել՝ ղարաբաղցի-հայաստանցի, ինչը վատ բանի է հանգեցնելու։ Մի քանի հիմար կա, որ նման քայլեր է անում, մեր հաջորդ պարտությունը դա է լինելու։

– Նշվում է, որ Ղարաբաղի պաշտոնյաների որդիները, հարազատները չեն մասնակցել պատերազմին, հիմնականում Հայաստանից են եկել։

– Չեմ տիրապետում նման ինֆորմացիայի, կոնկրետ ԱԺ պատգամավորի տղա է զոհվել հենց առաջին օրերին, այնպես չէ, որ արցախցիները թողել, գնացել են, բայց այն, որ «հողերը ծախված են» քարոզարշավ է գնացել, փաստ է։ 

Մեր բանակը կռվել է, մեր բանակը կանգնած է եղել, մարդիկ առանց ՄՈԲ-ի (մոբիլիզացիոն ռեսուրսի) կռվել են, տեղը տեղին հաղթել են։ 

Բայց Հայաստանից բերել են մարդկանց, որոնք կյանքում ձեռքը զենք բռնած չկան, մարդկանց բերել են, մսաղաց դարձրել։ Բայց ճիշտ էր՝ քիչ բերեին, բայց պատրաստված լինեին նրանք։ Մեր զոհերի մեծ մասը դրանից է։

Հ.Գ. Արծվիկ Սարգսյանը իրեն շարունակում է իրեն համարել Շուշիի քաղաքապետ։

Մանե Հարությունյան

MediaLab.am