«Մի բան է օգտվել պաշտպանության միջոցներից, այլ բան՝ սպառնալիքի տարրեր պարունակող հայտարարություններ անել». Էդգար Շաթիրյանը՝ ՍԴ դատավորների մասին

«Մեդիալաբի» հարցազրույցը իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանի հետ

– Երկրի գլխավոր դատական ատյանում՝ Սահմանադրական դատարանում մեծ փոփոխություններ են սպասվում, իշխանությունն ասում է, որ ՍԴ-ում ճգնաժամը ավարտվում է։ Շատերն ասում են, որ սա քաղաքական գործընթաց է։ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այդ հարցի շուրջ։

– Այո՛, այդպես է, քաղաքական մարմինն է ընդունում համապատասխան ակտերը, որոնք հանգեցնելու են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդրի լուծմանը։ Այս կոնտեքստում կարելի է ասել, որ տեղի ունեցող գործընթացները տեղավորվում են սահմանադրաիրավական կարգավորումների շրջանակում, բայց մեծ հաշվով այդ գործընթացը բավական մեծ քաղաքական բաղադրիչ է բովանդակում։ 

Հարցի սահմանադրաիրավական կողմը վերլուծենք․ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրը, միգուցե՝ ճգնաժամը, պետք է հանգուցալուծվեր հնարավորինս արագ, և, ըստ էության, դատական իշխանությանը վերաբերող Սահմանադրության 7-րդ գլուխը, որը ուժի մեջ է մտել արդեն երկու տարի, գուցե հարկ էր ավելի շուտ դրան լուծում տալ։ 

Ինչ նկատի ունեմ․ տեսեք՝ Սահմանադրության 166-րդ հոդվածով նախատեսվում է Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդել, դատավորների պաշտոնավարման սահմանափակ ժամկետ՝ 12 տարի՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Մի կողմ թողնենք, որ տարիքային առավելագույն շեմը սահմանված է 65 կամ 70 տարի, ինչպես այժմ է։ 

Իսկ Սահմանադրական դատարանի նախագահի մասով կա հատուկ կարգավորում՝ նրանք պետք է ընտրվեն ՍԴ կազմից, 6 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Հիմա մի կողմից գործ ունենք սահմանադրական այս նոր մոդելի հետ, որը գործնականում մեծ հաշվով գրեթե հնարավոր չէր կյանքի կոչել Սահմանադրության անցումային մի դրույթի՝ 213-րդ հոդվածի պատճառով։ 

Դա վերջերս խմբագրվել է և շուտով կմտնի ուժի մեջ։ Այդ փոփոխությամբ նախատեսվում է, որ մինչև փոփոխված Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանի նախագահն ու անդամները պաշտոնավարելու են մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը, այսինքն՝ 65-70 տարեկան դառնալը։ 

Կարծում եմ՝ այդ դրույթը որևէ ընդհանրություն չունի Սահմանադրության իմ նշած 166-րդ հոդվածի կարգավորումների հետ, ավելին, ընդհանրություն չունի ընդհանրապես դատական իշխանությանը վերաբերող դրույթների հետ։ 

– Ինչո՞ւ, ինչպե՞ս կարող եք դա բացատրել։

– Եկեք զուգահեռ անցկացնենք դատավորների, դատարանների նախագահների պաշտոնավարման ժամկետների մասով։ Մյուս դատարանների դատավորների մասով ի սկզբանե նրանց պաշտոնավարման համար որպես մեկնակետ ընտրվել առավելագույն տարիքային շեմը՝ 65 տարի։ 

Սա նախատեսված էր թե՛ 1995 թվականի Սահմանադրությամբ, թե՛ 2005-ի և թե՛ 2015-ի փոփոխություններով։ Այսինքն՝ դատավորների պաշտոնավարման ժամկետի առումով ի սկզբանե որդեգրված մոտեցումը շարունակում է իրացվել և այժմ որևէ փոփոխություն չկա։ 

Ինչ վերաբերում է դատարանների նախագահներին, ապա այս պարագայում խնդիրը տեղափոխվում է միանգամայն այլ հարթություն, որովհետև բոլոր դատարանների, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի, թե դրա պալատների նախագահների համար Սահմանադրությունը նախատեսում է պաշտոնավարման կոնկրետ ժամկետ։ 

Օրինակ՝ Վճռաբեկ դատարանի նախագահը ընտրվել է Սահմանադրության նոր կարգավորումներով՝ 2018 թվականին, Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո, Սահմանադրության 166-րդ հոդվածի դրույթներին համապատասխան։ 

Առնվազն ես՝ որպես իրավաբան, կարող եմ շատ տրամաբանական հարց տալ. չէ՞ որ թե՛ Սահմանադրական դատարանը, թե՛ Վճռաբեկ դատարանը բարձրագույն ատյաններ են, ինչո՞ւ մի ատյանի նախագահը պետք է ընտրվի նոր մոդելով և կարճ ժամկետով, իսկ մյուս ատյանի նախագահը՝ ՍԴ նախագահը, շարունակի պաշտոնավարել մինչև տարիքային առավելագույն շեմը լրանալը՝ մինչև 65 տարեկան դառնալը։ 

Հաջորդ աբսուրդը հետևյալն է՝ ստացվում է՝ մարդը՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ, շուրջ 2,5 տարի արդեն պաշտոնավարել է և դեռ պետք է պաշտոնավարեր ևս 15 տարի, եթե Սահմանադրության 213-րդ հոդվածը մի քանի օր առաջ չփոխվեր։ Շուրջ 18 տարի։ Ինչո՞ւ։ Հայաստանում որևէ դատարանի նախագահի համար նման արտոնություն սահմանվա՞ծ է։ Իհարկե ոչ։ Սա պատահականություն համարելը առնվազն մանկամտություն է։ 

– Այսինքն՝ դո՞ւք էլ եք կարծում, որ հատուկ կազմակերպված, մարտավարական քայլ է եղել Հրայր Թովմասյանի կողմից ՍԴ նախագահի պաշտոնում այդ ժամանակահատվածում նշանակվելը։

– Ես՝ առնվազն որպես քաղաքացի, կարող եմ ողջամիտ կասկածներ ունենալ այդ հարցի առնչությամբ։ Կարծում եմ՝ բավական ծանրակշիռ փաստարկներ ներկայացրեցի։ Կա նաև մեկ այլ խնդիր՝ Սահմանադրական դատարանի առայժմ նախագահը այդ պաշտոնում նշանակվեց Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց ընդամենը մի քանի օր առաջ։

Այսինքն՝ եթե նոր կարգավորումները ուժի մեջ մտնելուց հետո նա նշանակվեր կամ ընտրվեր ՍԴ կազմից, ապա արդեն կպաշտոնավարեր 6 տարի ժամկետով։ Մի՞թե սա պատահականություն է։ Կարծում եմ՝ ո՛չ։ Համոզված եմ՝ ո՛չ։

– Շուտով ուժի մեջ կմտնեն Սահմանադրության փոփոխությունները, և մենք լսում ենք հայտարարություններ, ակնարկներ, որ ՍԴ անդամները կարծես չեն պատրաստվում կատարել պահանջը։ Հնարավո՞ր է նման բան։

– Դա հավասարազոր է Սահմանադրությունը չկատարելուն․ Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից դառնում են Մայր օրենքի բաղկացուցիչ մասը։ Հարցը այդ պարագայում կարելի է այսպես հնչեցնել՝ արդյոք դատավորի կամ դատարանի նախագահի կողմից Սահմանադրության պահանջները չկատարելը պե՞տք է մնա անհետևանք։ Պատասխանը միանշանակ է՝ ո՛չ։ 

– Ի՞նչ կանխատեսումներ ունեք՝ հաշվի առնելով ՍԴ անդամների և ՍԴ նախագահի հայտարարությունները։

– Եթե խոսքը անձի իրավունքների պաշտպանությունն է, բնականաբար, յուրաքանչյուր ոք կարող է օգտվել իր իրավունքների պաշտպանության բոլոր թույլատրելի միջոցներից։ Դա մարդու սահմանադրական իրավունքն է և հավասարապես վերաբերում է ՍԴ անդամներին, ՍԴ նախագահին։ 

Բայց մի բան է օգտվել պաշտպանության միջոցներից, այլ բան՝ սպառնալիքի տարրեր պարունակող հայտարարություններ անել։ Իսկ այն հայտարարությունները, թե առոչինչ են համարվում ԱԺ-ի ընդունած Սահմանադրական փոփոխությունները, կամ շարունակելու են պաշտոնավարել այնպես, ինչպես նախկինում, ինձ համար նորմալ չէ։ 

Ամեն դեպքում գործ ունենք հատուկ իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի հետ, այլ ոչ թե սովորական քաղաքացու։ Իսկ Սահմանադրության պահանջները պարտադիր են կատարման, այդ թվում՝ ՍԴ անդամների ու ՍԴ նախագահի համար։

– Պարո՛ն Շաթիրյան, նաև հարց է առաջացրել ՍԴ անդամներից Ալվինա Գյուլումյանի հայտարարությունը, որ կատարված փոփոխությունները իրեն չեն վերաբերում։ Դուք ի՞նչ կասեք այդ մասին։

– Սահմանադրության փոփոխությունների տեքստում, եթե ուշադիր լինենք, խոսքը ընդհանուր առմամբ 12-ամյա պաշտոնավարման ժամկետի մասին է։ Որևէ տեղ նշված չէ, որ խոսքը անընդհատ պաշտոնավարման մասին է։ 

Իսկ քանի որ ձեր նշած սուբյեկտը ընդհանուր առմամբ պաշտոնավարել է շատ ավելի, քանի 12 տարին է, ապա նրան միանշանակ վերաբերելի են Սահմանադրության փոփոխությունները։ Այդ հարցի հետ կապված կարծես այլ շահարկումներ կան․ նշում են, թե Սահմանադրության փոփոխությունների տեքստում խոսք չկա Սահմանադրական դատարանի փոխնախագահի մասին։ 

Ձեր նշած անձը ներկայումս զբաղեցնում է այդ պաշտոնը։ Այդպիսի մոտեցումը, ըստ իս, ծիծաղելի է, որովհետև Սահմանադրական դատարանի բոլոր ինը անդամները պաշտոնավարում են կամ ի սկզբանե ընտրվում են որպես ՍԴ դատավորներ։ Այլ հարց է, որ դատավորներն իրենց կազմից ընտրում են ՍԴ նախագահ և փոխնախագահ։


Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am