ՀԱՊԿ-ն և Ղազախստանի ՊՆ-ն մշակում են պահպանվող օբյեկտները ղազախական իրավապահ մարմիններին փոխանցելու ծրագիր

ՀԱՊԿ-ը և Ղազախստանի Պաշտպանության նախարարությունը խաղաղապահ ուժերի կողմից պահպանվող օբյեկտները ղազախական իրավապահ մարմիններին փոխանցելու ծրագիր են մշակում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորման հրամանատար Անդրեյ Սերդյուկովը:

Զորահրամանատարը նշել է, որ ՀԱՊԿ-ի խաղաղարարները մի քանի օրվա ընթացքում պահպանության տակ են վերցրել Ղազախստանի հինգ սոցիալական նշանակության օբյեկտ:

Հունվարի 5-ին, երբ Ղազախստանում մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերն արդեն վերաճել էին անկարգությունների և զինված բախումների, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքով անհապաղ խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և արդեն հունվարի 6-ին տեղեկացրեց, որ Ղազախստանի նախագահի դիմումի հիման վրա որոշում է կայացվել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:

Նույն օրը ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում, որով թույլատրվում է ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանմանը մասնակցել Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկվեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց մեջ ընդգրկված է 100 հայ զինծառայողից բաղկացած ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը: ՀՀ ԱԳՆ խոսնակի հաղորդմամբ՝ հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու: