2019-ին ոստիկանությունն ստացել է ընտանեկան բռնության մասին 2 682 ահազանգ, հաշվառվել է 1 533 բռնարար. Նելլի Դուրյան

2019-ին ոստիկանությունն ստացել է ընտանեկան բռնության մասին 2 682 ահազանգ, հաշվառվել է 1 533 բռնարար. Նելլի Դուրյան

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն այս տարի նվազել են, բայց պաշտոնական վիճակագրությունը շարունակում է  մտահոգիչ մնալ:

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր 3-րդ՝ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը ներկայացրեց վիճակագրությունը:

Նա իրազեկեց՝ բռնության դեմ 16-օրյակին ընդառաջ այսօրվանից ՀՀ-ում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, ուսումնական հաստատություններում անցկացվելու է միամսյակ՝ «Ոչ բռնությանը» խորագրով:

2019 թվականի 10 ամիսների ընթացքում քննվել է ընտանեկան բռնության 378 դեպք՝ նախորդ տարվա 585-ի դիմաց:

«Ընդհանուր առմամբ ոստիկանությունում ստացվել է ընտանեկան բռնության մասին 2 682 ահազանգ, հաշվառվել է 1 533 բռնարար: Նախազգուշացում է կիրառվել 1 166 դեպքում, իսկ անհետաձգելի միջամտություն՝ 375 դեպքում»,- ասաց Նելլի Դուրյանը:

Ինչ վերաբերում է սեռական բռնության կամ շահագործման ենթարկված կանանց ու անչափահաս աղջիկներին,  ապա, ըստ Դուրյանի, այդ հանցատեսակը գտնվում է ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում:

«Իրականացվում են օպերատիվ բնույթի աշխատանքներ, հանցագործության յուրաքնաչյուր դեպք ոստիկանության կողմից ստանում է արագ արձագանք: Ըստ ոստիկանության ինֆորմացիոն կենտորնից ստացված տեղեկատվության՝ 2019 թվականի 10 ամիսներին ՀՀ տարածքում գրանցվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործության 84 դեպք՝ նախորդ տարվա 77-ի դիմաց: Անչափահասների նկատմամբ 2019 թվականի ընթացքում կատարվել է 49՝ նախորդ տարվա 47-ի դիմաց»,- ասաց Նելլի Դուրյանը: Նա տեղեկացրեց, որ սեռական բռնության ենթարկված կանանց ու երեխաներին լսելու համար ոստիկանության կենտրոնականի բաժնում ստեղծվել է աուդիո-վիդեո ձայնագրություններով հագեցած միակողմանի հայելապատ սենյակ:

Նելլի Դուրյանը նշեց, որ այսօր ոստիկանությունը վարում է զոհակենտրոն քաղաքականություն: Արագ արձագանքում ու հաշվառում են յուրաքաչյուր դեպք, որը վերաբերում է ընտանիքում, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության դեպքերին: