Անցակետ Լաչինում. ինչ է նախորդել և ինչ է հաջորդել դրա տեղադրմանը. FIP

Ապրիլի 23-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտարարեց, որ անցակետ է տեղադրել Երևան-Ստեփանակերտ ճանապարհին՝ փակելով ճանապարհը դեպի Հայաստան Հակարի կամրջի մոտից։

Անցակետի տեղադրումով Բաքուն լրացնում է Արցախի շրջափակումը՝ միաժամանակ արտաքին աշխարհից ամբողջապես կտրելով Շուշիի շրջանի չորս գյուղերը՝ Մեծ Շեն, Հին Շեն, Լիսագոր և Եղցահող։ 

Ադրբեջանը մինչ այս պարբերաբար հայտարարում էր անցակետ տեղադրելու ցանկության մասին, սակայն ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը համաձայնություն չեն տվել։ 

Իրար հակասող հայտարարություններ Բաքվից և Մոսկվայից 

Ըստ Ադրբեջանի ՍԾ հայտարարության՝ ռուսական կողմը «տեղեկացվել էր» անցակետի տեղադրման մասին։

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ անցակետը պետք է «իրականացվի ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ»։ 

Պաշտոնական Մոսկվան արձագանքեց անցակետի տեղադրմանը ԱԳՆ-ի, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի և Պաշտպանության նախարարության միջոցով։ 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հնարավորինս զուսպ էր ձևակերպումներում՝ կոչ անելով կողմերին վերադառնալ գոյություն ունեցող համաձայնություններին և «անհանգստություն հայտնելով» իրավիճակի լարման և հրադադարի ռեժիմի խախտումների համար։ 

Ըստ նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ անցակետի տեղադրումից հետո ստեղծված իրավիճակը «հեշտ չէ» և որ Երևանն ու Բաքուն պետք է «հասկանան», որ Եռակողմ հայտարարության դրույթները այլընտրանք չունեն։ 

Ապրիլի 24-ի երեկոյան արդեն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն անդրադարձավ անցակետին՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորակազմի մասին ամենօրյա տեղեկագրում։ Ի տարբերություն ԱԳՆ-ի և Պեսկովի, ՌԴ ՊՆ-ն հերքեց Ադրբեջանի հայտարարությունները, թե անցակետը համաձայնեցված էր խաղաղապահ ուժերի հետ՝ կոչելով այն «միակողմանի» և «չհամաձայնեցված»։ Ըստ ՊՆ-ի՝ ռուսական կողմը բանակցում է Ադրբեջանի հետ խնդրի շուրջ։

Ինչ են ասում Երևանը և Ստեփանակերտը

Հայաստանի և Արցախի իշխանությունները մի շարք հայտարարություններով դատապարտել են անցակետի տեղադրումը՝ անվանելով այն Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում։ 

Հայաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին «ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց»։ 

Արցախի իշխանությունները ևս կոչ են արել Ռուսաստանին բացել ճանապարհը՝ առանց խիստ քննադատության։ 

Որտեղ է անցակետը և ինչ էր պլանավորում Բաքուն

Ադրբեջանական անցակետը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի կոչվող կամուրջի մոտ։ 

Անցակետի տեղադրումից հետո լուսանկարներ և տեսանյութեր տարածվեցին մեդիայում՝ հաստատելով պնդումները, որ անցակետը կառուցվում է ռուսական խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրի անմիջապես կողքին։

Տեսանյութերից մի քանիսում անգամ երևում են ռուսաստանցի և ադրբեջանցի զինվորականների շփումները կամ ենթադրյալ բանակցությունները։ 

Պաշտոնական Բաքուն անցակետ տեղադրելու կամ դրա ցանկությունների մասին հայտարարել է բազմիցս՝ արժանանալով բացասական վերաբերմունքի Հայաստանից և Ռուսաստանից։ 

Փետրվարի վերջին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անձամբ էր հայտարարել, որ անցակետի տեղակայման հարց չի քննարկվում։ 

Մինչ այդ՝ նախորդ տարվա դեկտեմբերին, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովը ասել էր, թե ռուսական կողմը համաձայնվել է անցակետի տեղադրմանը։ Ավելի ուշ Վոլկովի հայտարարությունը պարզաբանվել էր, այդ թվում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից։ Ըստ այդ ժամանակ քննարկվող տեղեկությունների՝ Ռուսաստանը առաջարկել էր «սքաներներ» տեղադրել արդեն իսկ գործող ռուսական անցակետերում և ստուգել դեպի Արցախ մտնող մեքենաները։

Նախորդ տարվա նոյեմբերին ադրբեջանցի «բարձրաստիճան» պաշտոնյաներից մեկն անանուն հարցազրույց էր տվել տարածաշրջանային Eurasianet կայքին՝ ասելով, որ «դիվանագիտական» միջոցները սպառվել են․ «Իսկ ի՞նչ, եթե մենք անցակետ տեղադրենք Լաչինի միջանցքի սկզբնամասում և ավարտենք ողջ գործընթացը։ Ինչպե՞ս կարող եք շնչել առանց օդի»։

Այս տարվա փետրվարին Մյունխենում կայացած հանդիպումից հետո Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե առաջարկել է անցակետ տեղադրել Լաչինի և Սյունիքի սահմանին։ Լրատվամիջոցներին տված ճեպազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանը չի արձագանքել առաջարկին, սակայն այն «ըմբռնման է արժանացել ԵՄ և ԱՄՆ» կողմից։

Անցակետի տեղադրումից հետո Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարել է, որ անցակետի տեղադրումը «խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը» և կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ երթևեկությունը։ 

Անի Ավետիսյան

Fip.am