Մեր քաղաքականությունն ուղղված է կանանց ներուժի օգտագործման հնարավորությունների ընդլայնմանը․ Ժաննա Անդրեասյան

Մեր քաղաքականությունն ուղղված է կանանց ներուժի օգտագործման հնարավորությունների ընդլայնմանը․ Ժաննա Անդրեասյան
Մեր քաղաքականությունն ուղղված է կանանց ներուժի օգտագործման հնարավորությունների ընդլայնմանը․ Ժաննա Անդրեասյան

«Մի շարք գործիքներ են նախատեսվում ներդնել, ինչպես օրինակ՝ գենդերային բյուջետավորումը, որը թույլ կտա պետական ծախսերը դարձնել կանանց և տղամարդկանց կարիքներին շատ ավելի համարժեք և համաչափ: Մենք պետք է կարողանանք տարբեր ծրագրերի ազդեցությունները գնահատել այս տեսանկյունից։ Կարևոր եմ համարում նաև համապարփակ վիճակագրության վարումը, որը շատ հաճախ կարող է խնդիրները մեզ ավելի տեսանելի դարձնել։ Այդպիսի օրինակ էր պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների գործընթացում, երբ յուրաքանչյուր ընտանիք կարծում էր, թե դա իր ընտանիքի անձնական որոշումն է, բայց, երբ ունեցանք ընդհանուր պատկեր, թե տարեկան քանի աղջիկ չի ծնվում, պարզ դարձավ, որ դա ոչ թե առանձին ընտանիքի է վերաբերում, այլ ընդհանուր, հանրային խնդիր է»,- այս մասին Աշտարակում մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Ժ․ Անդրեասյանը ներկայացրել է նախարարության քաղաքականության կարևոր սկզբունքները՝ մանրամասնելով գենդերային ռազմավարության, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պետական աջակցության տրամադրման, տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության ուղղությամբ տարվող աշխատանքները․ «Մեր քաղաքականությունն, ըստ էության, ուղղված է կանանց պաշտպանվածությանն ու ներուժի օգտագործման հնարավորությունների ընդլայնմանը, բայց նաև կարիք կա ավելի լավ պատկերացնելու տարբեր խոցելի խմբերի (հաշմանդամություն ունեցող, սահմանամերձ շրջաններում բնակվող, ազգային փոքրամասնությունների պատկանող կանանց) կարիքները, և այս առումով մեր քաղաքականությունը պետք է առավել հստակ և հասցեական լինի՝ ըստ մարզերում եղած խնդիրների»։

Հանդիպման մասնակիցները շեշտադրել են մարզում կանանց զբաղվածության և տնտեսական անկախության ապահովման, կրթության ու մասնագիտական դասընթացների կազմակերպման, նաև ծնողավարման հմտությունների ուսուցանման կարևորությունը։ Առանձնացվել է նաև մանկապարտեզների և ցերեկային խնամքի կենտրոնների հիմնումը, կանանց իրավունքների ոտնահարմանն ու ընտանեկան բռնության դեպքերին ուղղված կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը, նաև եզդի աղջիկների վաղաժամ ամուսնությունների, կրթության բացի հետ կապված հարցերը։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։