Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում և ուսուցիչների ցածր աշխատավարձ. անարդարություն, որը կարող է հանգեցնել սոցիալական բունտի. տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Հայկ Մնացականյանը

– Պարո՛ն Մնացականյան, Հայաստանում երկնիշ թվերով գնաճ է, ու ոչ մի մեղմացում: Սա ի՞նչ երևույթ է: Երեկ էլ էկոնոմիկայի նախարարը նկատել էր, թե պետք է քիչ սպառել, որ գները չաճեն: Դա իսկապե՞ս կարող է ազդել ապրանքների գնի վրա:

– Գնաճի վրա ազդում է մի քանի գործոն, և առաջինը առաջարկն է: Քանի որ Հայաստանը ներմուծում է երկու անգամ ավելի, քան արտահանում է, հետևաբար դրսում ապրանքների թանկացումն էականորեն ազդում է նաև մեր հանրապետությունում գնաճի վրա:

Միջազգայնորեն մի շարք ապրանքային շուկաներում գները աճել են, և դրանք մեր երկիր ավելի բարձր գնով են ներկրվում, հետևաբար, քիչ սպառենք թե շատ սպառենք՝ գնի վրա չի կարող ազդել:

Գնաճի վրա կարող են ազդել նաև տվյալ երկրում ապրանքների բացակայությունը, տրանսպորտային ծախսերը, և, վերջապես, գնաճը կարող է պայմանավորված լինել ներմուծողների որոշակի գաղտնի փոխհամաձայնեցմամբ: Բայց այս պարագայում միջամտում է պետությունը իր կարգավորիչ գործարկումներով՝ բացառելու նման իրավիճակները: Պետության մյուս կարևոր գործառույթը գնաճի պայմաններում սոցիալական որոշակի խմբերին՝ կենսաթոշակառուներին, անապահովներին որոշակի աջակցություն ցուցաբերելն է:

Այո՛, գնաճն այսօր իսկապես բարձր է՝ 8.9 տոկոս, բայց առաջնային ապրանքների շուկայում, օրինակ՝ պարենամթերքի գները 15 տոկոսով աճել են: Այս պարագայում խիստ կարևոր է նախ՝ ԿԲ-ի կողմից դրամավարկային քաղաքականության խստացումը և տնտեսության կառուցվածքի փոփոխությունը, որ ի վերջո երկրի կախվածությունը օտարերկրյա շուկայից նվազեցվի, զարկ տրվի տեղական արտադրանքին:

– Այդ դեպքում ինչո՞ւ է կարտոֆիլը թանկ, դա էլ հո Հայաստանում է աճեցվում, արտադրվում:

– Շատ կարևոր հարց եք բարձրացնում: Ամբողջ աշխարհում գյուղատնտեսության ոլորտը պետության սուբսիդավորման, աջակցության կարևորագույն ծախսերից մեկն է: Երկրներ կան, որ իրենց սպառողը, արտադրողը խնդիրներ չունենա, այդ ապրանքատեսակը պետական կառույցները արտադրողից գնում են, հետո մտածում են դրա իրացման շուրջ խնդիրները կարգավորելու մասին: Դա պետական քաղաքականության, սուբսիդավորման արդյունք պետք է լինի: Քանի դեռ մեզ մոտ գյուղացիական տնտեսությունների համար նման աջակցության մեխանիզմ ձևավորված չէ, կունենանք նաև որոշակի գնաճ ու այլ անհարմարություններ:

Այսինքն՝ պետք է ֆիքսված քաղաքականություն լինի՝ արտադրողը տվյալ տարում որքան այս կամ այն ապրանքից արտադրի, իսկ պետությունն էլ պետք է կանգնած լինի արտադրողի կողքին:

– Պարո՛ն Մնացականյան, երեկ շտապօգնության ծառայության աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ հրաժարվելով աշխատել: Պարբերաբար հասարակության փոքր խմբեր դժգոհություններ են հայտնում, մյուս կողմից էլ՝ գնաճը: Ի՞նչ եք կարծում՝ սոցիալական բունտ կարո՞ղ է հասունանալ, կա՞ն նախադրյալներ դրա համար:

– Սոցիալական բունտը կարող է առաջանալ անարդարության պայմաններում: Եթե կա անարդարության խոր իրավիճակ, ապա ամեն ինչ էլ հնարավոր է: Պետության դերը պետք է լինի արդարության ու հավասար սկզբունքների հաստատումը:

Բնականաբար, բարձր եկամուտ ստացողների համար պարգևավճարների, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ ուսուցիչների, առողջապահության համակարգի աշխատողների ցածր աշխատավարձերը: Այդ խմբի մարդիկ մտածում են՝ ինչո՞վ են պակաս, որ ցածր աշխատավարձ են ստանում, թեպետ կատարում են շատ կարևոր, որոշ դեպքերում՝ ավելի կարևոր գործառույթ:

– Բայց դուք տեսնո՞ւմ եք նախադրյալներ, օրինակ՝ երեկ հանրային քննարկման  է դրվել նախագիծ, որ դատախազների աշխատավարձը մինչև 120 տոկոսով ավելանում է:

– Եթե պետությունը խորացնի այդ իրավիճակը, բնականաբար, կառաջանան նման խնդիրներ սոցիալական անարդարության հիմքի վրա: Պատմության մեջ թե՛ այսօր, թե՛ ապագայում այդ խնդիրը կա ու կլինի, եթե պետությունն արդարության հավասարաչափ բաշխման իր ֆունկցիան իրատեսորեն չիրականացնի:

– Եվ, պարո՛ն Մնացականյան, 2022 թվականի բյուջեի նախագծի մասին, որն այս օրերին քննարկվում է խորհրդարանում: Կառավարությունից ասում են՝ մեկնարկի բյուջե է, ի՞նչ հույսեր կարելի է կապել դրա հետ:

– Բյուջեում ներկայացված են ընդհանուր թվեր, որոնց նայելով հնարավոր չէ իրատեսական կարծիք կազմել ու ասել՝ մեկնարկայի՞ն է, թե՞ շարունակական: Նախորդ տարվա բյուջեի հետ զուտ համեմատությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ որոշակի ծախսեր ավելացել են, ըստ էության, ավելացել են պաշտպանության ծախսերը, ոստիկանության հետ կապված ծախսերը, գիտության ոլորտի ծախսերը: Բայց դրանք ուղղակի թվեր են, խնդիրը արդյունավետությունն է՝ որքանո՞վ են դրանք արդյունավետ օգտագործվելու:

Բոլորս հարկեր ենք վճարում, և յուրաքանչյուրս պետք է իմանա, որ ոչ միայն հարկ վճարող ենք, այլ նաև երկրի սեփականատեր, այսինքն՝ պետք է իմանանք՝ մեր տված գումարներն ուղղվում են երկրի զարգացմանը, հնարավորությունների ընդլայնմանը: Եթե չլինի այդ թափանցիկությունը, ապա միշտ էլ խնդիրներ առաջանալու են:

Այդ փաստաթուղթը իրատեսականություն չի փոխանցում:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am