Ծառուկյանը լավագույն թիրախն է, եթե այս հետապնդումները ոչ թե իրավական, այլ կապիտալի վերաբաշխման նպատակ են հետապնդում. Միսկարյան

Լուսանկարը՝ Գարեգին Միսկարյանի անձնական արխիվից

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «+374» քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը 

– Պարո՛ն Միսկարյան, խորհրդարան անցած ուժերն արդեն հայտարարել են, որ վերցնում են մանդատները, իսկ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող ընկերություններում առավոտից խուզարկություններ են ընթանում: Տեղի ունեցողն ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ընդդիմության որոշման հետ կապված առանձնապես շատ ասելիք չկա, գոնե ինձ համար շատ սպասելի որոշում էր, ես գրեթե վստահ էի, որ մանդատները վերցնելու են, այնպես, ինչպես վստահ էի, որ Սահմանադրական դատարանն անփոփոխ է թողնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Տրամաբանական էր, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, որովհետև Ռուսաստանից իրենց այլ որոշման թույլտվություն չէին տալու, քանի որ այն ծրագիրը, որը ունի Ռուսաստանը՝ կապված Հայաստանի հետ, ենթադրում է նաև մանդատների առկայություն: 

Ինչ վերաբերումէ Ծառուկյանի հետ կապված իրադարձություններին, ապա ես դեռ հույս ունեմ, որ Հատիսը կվերադարձվի հանրությանը, ու դա կարող է ազդակ լինել այն բանի, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական չէ, այլ՝ իրավական: Քանի դեռ Հատիսի հարցը լուծված չէ, ինձ համար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ցանկացած գործողություն դիտարկվում է քաղաքական հետապնդում կամ քաղաքական ախոյանին չեզոքացնելու փորձ: 

Ինչու եմ սա կապում Հատիսի հետ, որովհետև գործող իշխանություններն այն նվիրել են Ծառուկյանին, ու եթե այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում իրավական պետություն ունենալու շրջանակներում, ապա առաջինը պետք է Հատիսից սկսեին, իրենց սխալն ուղղեին, հետո նոր գնային մյուս ենթադրյալ հանցագործությունների հետևից: 

– Բայց չեզոքացնելու ի՞նչ խնդիր կա, որովհետև արդեն իսկ ընդդիմությունն էլ կարծես թե համաձայնեց իշխանության հետ՝ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանում չի լինելու:

– Նմանատիպ հարցեր առաջանում են, երբ արդարադատության նկատմամբ վստահություն չկա: Քանի որ մեզ մոտ շատ հաճախ հատկապես խոշոր փողատերերի պարագայում այդ արդարադատությունն ընտրողաբար է իրականացվում, մեզ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ այս մեկը ու ոչ թե մյուսը: Այդ հարցն ինձ մոտ էլ կա, ու ասացի, թե ինձ համար գոնե ցուցիչը որը կլինի: 

Բայց իրականում կա հետևյալ խնդիրը. նախ՝ Ծառուկյանի ու Բելառուսի միջև կան խոր ու համապարփակ դաշնակցային հարաբերություններ: Երկրորդ՝ Ծառուկյանը հանդիսանում է արտաքին ազդեցության օլիգարխ: Երրորդ՝ Հայաստանում ռեսուրսների սղության պայմաններում Ծառուկյանը շատ մեծ ռեսուրսների է տիրապետում, իսկ եթե այս հետապնդումները ոչ իրավական են, այլ կապիտալի վերաբաշխման նպատակ են հետապնդում, ապա Ծառուկյանն այդ առումով լավագույն թիրախն է:

 – Պարո՛ն Միսկարյան, իսկ այս գործողությունները խնդրահարույց չե՞ն՝ աշխատատեղերի փակման մասով:

– Չեմ կարծում, թե բիզնեսները կփակեն, դրանք կարող են ուրիշ սեփականատեր ունենալ, բիզնեսին խոչընդոտելու իմաստ չկա, որովհետև այն շահույթ բերող կառույց է: Ինչպես եղավ ՀԷՑ-ի դեպքում, ինչպես հայտարարել են արդեն «Արարատցեմենտի» դեպքում, մյուսների դեպքում ևս պետությունը կարող է ժամանակավոր կառավարիչ նշանակել, մինչև խնդիրը վերջնականապես լուծվի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am