«Փաշինյանն ու իր թիմը չօգտվեցին եզակի հնարավորությունից՝ դուրս գալու կապիտուլյացիայի պարտադրումից». Լիլիթ Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը (Մեծ Բրիտանիա)

– Տիկի՛ն Գևորգյան, ինչպե՞ս եք գնահատում Պրահայում տեղի ունեցած հանդիպումները։ Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն ընդունվեց։ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը, 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կա՞ն վտանգներ այս հայտարարության մեջ։

– Ոչ այնքան դրական։ Պրահայում, Փաշինյանի շնորհիվ, Ադրբեջանը հնարավորություն ստացավ խուսափելու պատասխանատվությունից իր ստրատեգիական սխալի համար, այն է՝ Հայաստանի վրա սեպտեմբերին կատարած հարձակման։ Ավելին՝ հենց Ալիևի 44-օրյա պատերազմից հետո նախաձեռնած այսպես կոչված խաղաղության կամ, ինչպես ազերներն են համարում՝ կապիտուլյացիայի օրակարգը, նորից լեգիտիմացվեց։ Ըստ էության, երկու ամսվա ժամկետ տրվեց այդ փաստաթուղթը ստորագրելու համար, և հայկական կողմն այն ընդունեց։

Հայաստանը ստացավ կարճ դադար, սակայն բաց թողեց իր համար ստեղծված հոյակապ հնարավորությունը՝ հետպատերազմյան թակարդից դուրս գալու համար և ազատվելու՝ ագրեսիայի արդյունքները Հայաստանին և Արցախին պարտադրված 2020-ի նոյեմբերյան փաստաթղթից։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասել է, թե չի կարծում, որ «Արցախ» բառը պետք է և կարող է լինել խաղաղության պայմանագրում։ Այստեղ արդյոք լրջագույն վտանգներ չկա՞ն։

– Այս պայմանագիրը նախևառաջ Հայաստանի խաղաղեցման համար է՝ ադրբեջանական ուժի և սպառնալիքի կիրառմամբ։ Ուրվագծվում է, թե ադրբեջանական կողմը ինչ հետագա պահանջներ է դնելու հենց Հայաստանի առաջ։ Արցախի հարցի տարանջատումը, որ արդեն երկու տարի է՝ ինչ Փաշինյանի կառավարությունը որդեգրել է, ևս վտանգավոր է, մանավանդ որ Բաքուն այս խնդիրը Մինսկի խմբի շրջանակում չի ցանկանում քննել։

Արցախի հարցը դառնում է համայնքային իրավունքների խնդիր։ Սուբյեկտայնության մասին մեկնաբանությունները փաստերով հիմնված չեն, իսկ երկկողմ շփումներ արդեն կային Ստեփանակերտի և Բաքվի միջև։ Ադրբեջանն ունի հստակ ճանապարհային քարտեզ՝ զինաթափել Արցախը, ժողովրդագրությունը փոխել։ Հաշվի առնելով, որ ռուսական ուժերն Արցախում անգամ մնալու մանդատ չեն ունենա երկու տարուց, ապա նրանք կարող են դա ստանալ որոշ ծառայության դիմաց, օրինակ՝ հենց նույն զինաթափման և նոր ստրատեգիական կետերի հանձնման, ինչպես Փառուխի հետ արեցին։

Սեպտեմբերի ագրեսիայից հետո ԱՄՆ և Ֆրանսիայի տված հնարավորությունը՝ վերջ տալու ադրբեջանական ուժի կիրառմամբ քաղաքականությունը մսխվեց։ Հայաստանն ու Արցախը կարող են դառնալ էլ ավելի խոցելի։ Հարցն անգամ Ալմա Աթայի փաստաթղթին հղումը չէ, որը շատ հավանական է Ադրբեջանի պնդմամբ էր մտցվել փաստաթղթի մեջ, այլ ընդհանրապես հայկական կողմի ստրատեգիական մոտեցման բացակայությունը։ 

– Ի՞նչ սխալ թույլ տվեց Փաշինյանը, առհասարակ, որքանո՞վ ենք մոտ այսպես կոչված խաղաղության պայմանագրի կյանքի կոչմանն այս փուլում, և որքանո՞վ է դա հնարավոր ընդհանրապես։

– Դատելով ՀՀ մի քանի պաշտոնյաների արդեն ամիսներ շարունակ կրկնվող հայտարարություններից՝ մինչև տարեվերջ։ Արդյոք Հայաստանը կստանա՞ խաղաղություն և կվերադառնա՞ մինչպատերազմյան անդորրին՝ չեմ կարծում։

Փաշինյանն ու իր թիմը չօգտվեցին եզակի հնարավորությունից՝ դուրս գալու Ադրբեջանի պարտադրած այսպես կոչված խաղաղության կամ, ավելի ճիշտ, կապիտուլյացիայի պարտադրումից։ Ալիևը լայնածավալ ագրեսիայի է դիմել ՀՀ արևելյան սահմանի գրեթե ողջ երկայնքով, իսկ Ռուսաստանը երկկողմ պայմանավորվածություններից հրաժարվել է, ՀԱՊԿ-ի անդամները պրոադրբեջանական դիրքորոշում են ընդունել։ Հիշենք՝ Ռուսաստանի դեսպանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հստակ կրկնեց, որ Սյունիքի միջանցքները հանձնելու գնով և դելիմիտացիայի դեպքում կկանգնի ազերական ագրեսիան։ Այս երեք հանգամանքը ազատում էր Հայաստանի ձեռքերը՝ նոր և վստահելի դաշնակից գտնելու համար։ 

Ադրբեջանն իր ստրատեգիական սխալն արեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը աննախադեպ ակտիվ քաղաքականություն սկսեց Հայաստանի նկատմամբ՝ ուկրաինական պատերազմի ֆոնին։ ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Փելոսիի նախօրոք պլանավորված այցը համընկավ ազերական ագրեսիայի հետ։ Փելոսին բերեց կարևոր և շատ հստակ առաջարկներ։ Այն է՝ Հայաստանը ունի հնարավորություն ընտրություն կատարելու ռուսական դաշինքի կամ ԱՄՆ-ի միջև։ ԱՄՆ-ի հետ իսկապես դաշնակցելու դեպքում դուք կստանաք իրական պաշտպանական կարողություններ։

Ավելին, ինչպես ԱՄՆ կոնգրեսակաները պարզ բացատրեցին՝ Ադրբեջանի հարձակումները կարող է զսպել ԱՄՆ-ն, բայց ոչ Ռուսաստանը։ Սա այն դիվանագիտական մեջքն է, հովանոցը, պատվարը, որ Հայաստանը արդեն տարիներ շարունակ չունի, ինչն այնքան պարզ երևում է 2020-ից ի վեր։

Արցախի հարցը, ինչպես ԱՄՆ դեսպանը հստակ նշեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, պետք է լուծվի Հելսինկիի եզրափակիչ ակտի սահմաններում, իսկ այս ակտը ազգերի ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը նույն հարթության վրա է դնում, այն Մինսկի խմբի առաջարկած լուծման հիմքն է։

Արցախի հարցում Ռուսաստանը հստակ և մի քանի անգամ ի դեմս Պուտինի ասել է, որ Արցախը Ադրբեջան է։ Ավելին՝ ռուսական կողմը կարգավիճակի մասին ոչինչ չի ասում՝ առաջարկելով հետաձգել, բայց այդ հետաձգման համար Ադրբեջանը գին է պահանջում, այդ թվում՝ ԼՂ պաշտպանության բանակի զինաթափումը։

Պետք է ավելացնել՝ Հայաստանի համար նոր անվտանգային դաշնակիցներ ունենալու պատուհանը բացվեց նաև Ֆրանսիայի շնորհիվ։ Ֆրանսիան, ի տարբերություն նախորդ տասնամյակների, հիմա արդեն հստակ դիրքորոշում ունի կոնկրետ պուտինյան Ռուսաստանի նկատմամբ։ Ֆրանսիան կոնֆլիկտի մեջ է պուտինյան Ռուսաստանի հետ և առավել համաձակ պլաններ կարող է իրականացնել հենց Հարավային Կովկասում, որ առաջարկվել են Փաշինյանին։ 

Սա չի արվել զուտ հայասիրությունից։ Իբրև Մինսկի համանախագահող երկիր և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ Ֆրանսիան ևս պատասխանատվություն է կրում միջազգային իրավունքի պաշտպանության համար։

Երբ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և ռուսական օրհնությամբ որոշեց ուժով հարցեր լուծել, մի բան որ արգելված է Երկրորդ համաշխարհայինից ի վեր, դա նաև հարված էր Ֆրանսիայի հեղինակությանը: Ֆրանսիայի Սենատի որոշումը, որ պահանջում է 1994 -ի սահմանների վերադարձ, հենց այդ ագրեսիայի չեղարկման քայլ էր։ Փաշինյանը փոխարենը ընտրեց ռուս-ազերական այսպես կոչված խաղաղության տարբերակը։

– Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Աշխատանքները կսկսվեն հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։ Ի՞նչ կարող էր անել ՀՀ իշխանությունը, որ չարեց։

– Իհարկե, ԵՄ-ի հարթակը ավելի բալանսավորված է՝ ի տարբերություն ռուսական միջնորդության, որը ագրեսիվ պլաններ ունի Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ։ Բայց, ընդհանուր առմամբ, գնալ արևմտյան միջնորդության և խնդրել բացարձակ նվազագույնը, ավելին՝ Բաքվի հիմնական ծրագիրը առաջ տանելը դիվանագիտական հաջողություն չէ։

Հայաստանն ուներ հնարավորություն և լուրջ պատճառ ի դեմս ազերական ագրեսիայի անցում կատարելու նոր անվտանգային համակարգի և ուղիղ աշխատելու ԱՄՆ-ի և նաև Ֆրանսիայի հետ։ Ի տարբերություն նախորդած տասնամյակներին, ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վատթար վիճակում են, և սա ևս մեծացնում է Հայաստանի ստրատեգիական արժեքը հենց ԱՄՆ-ի համար ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին։ 

Հայաստանը կարող էր կապիտալիզացնել իր ռեգիոնալ կարևորությունը՝ իր նոր ռազմավարական դաշինքի հիմքում դնել Հայաստանի համար կարևորագույն երկու հարցերի շուրջ հստակ աջակցության ակնկալիք։ Առաջինը՝ Հայաստանի անվտանգության հզորացում, հատկապես ԱՄՆ ռազմական, դիվանագիտական և էներգետիկ հարցերում օգնությամբ։ Երկրորդ՝ Արցախի հարցի լուծումը, ապագայում Ադրբեջանի հետ համապարփակ նորմալացման շրջանակներում։

Մինչ այդ կողմերը ադրբեջանցիների հետ մեկտեղ կարող էին աշխատել միջազգային իրավական մանդատ ունեցող խաղաղապահ ուժեր բերելու վրա։ Այսինքն՝ Հայաստանն ամեն ինչ պետք է աներ իր վզին բռնի պարտադրված 2020 թվականի նոյեմբերյան փաստաթղթից հրաժարվելու համար։

Սակայն Փաշինյանն ու իր թիմը գնացին այլ ճանապարհով։ Պրահայում Հայաստանը նախընտրեց ԵՄ-ի հարթակը, որն ի տարբերություն ԱՄՆ-ի չունի ռազմական կարողություն, բյուրոկրատական է և հաճախ կոնֆլիկտներում նախընտրում է հարցը փակել՝ տուժած կողմի շահերի հաշվին։ 2014-ից ի վեր ԵՄ-ի միջնորդությունը Ուկրաինայի դեպքում լավ օրինակ է, քանի որ այն գրեթե լիովին Ռուսաստանի շահերին էր համապատասխանում։ ԱՄՆ-ի ներգրավվածությունը նոր ագրեսիան կանխելու համար զսպող գործոնը՝ գոնե կարճաժամկետ առումով։

– Տիկի՛ն Գևորգյան, այս ընթացքում ՀԱՊԿ-ից դուրս գալու նախաձեռնություն է ձևավորվել։ Իշխանության ներկայացուցիչներն էլ սկսել են ավելի բաց տեքստով հայտնել իրենց անհամաձայնություններն ու դժգոհությունները Ռուսաստանից։ Ինչպե՞ս եք գնահատում՝ արդյոք այս պահին օրակարգային հարց պե՞տք է դառնա։

Մյուս կողմից էլ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը անանուն հեղինակից հոդվածաշար է հրապարակում՝ ներկայացնելով, թե ինչ է ուզում Ադրբեջանը, ինչ է ուզում Ռուսաստանը: Սրան ինչպե՞ս եք վերաբերում։

– Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ից և ռուսներից դժգոհելը այդքանով կսահմանափակվի։ Իսկ Մոսկվայի և Բաքվի համար կարևորն այն է, որ Երևանը հավատարիմ է մնում նոյեմբերյան փաստաթղթին։ Չեմ զարմանա, որ ի վերջո նաև ՀԱՊԿ դիտորդներ հայտնվեն ԵՄ-ի հետ զուգահեռ։

Հայաստանի իշխանությունները թերևս անհանգստացած էին Սյունիքով միջանցքները ռուս-ազերական հսկողությանը և օգտագործմանը հանձնելով։ Հայտնի արտահոսքը վարչապետի հետ համակցվող թերթում դա էր նաև ընդգծում։ Բայց Փաշինյանը դեմ չէ պատերազմի արդյունքները լեգիտիմացնող փաստաթղթին։

Իսկ մամուլի այդ արտահոսքը իրականում նաև շեղում էր բուն թեմայից՝ իսկ արդյոք Հայաստանը նման պայմանագիր հիմա՞ պետք է ստորագրի, եթե մի կողմ դնենք միջանցքների ռուսական հսկողության հարցը։ Անգամ ռուսների չվերահսկելու դեպքում, արդյոք ուժի սպառնալիքի տակ նման զիջումները նոր պատերազմի հիմք չե՞ն ստեղծում, այս անգամ արդեն՝ Սյունիքում։ Համենայնդեպս, Ադրբեջանն արդեն պետական մակարդակով նման հայտ է ներկայացնում, ինչպես նաև խոսում է փոխհատուցումների միջազգային պրոցեսի, փախստականների վերադարձի, ՀՀ վերազինումը թույլ չտալու մասին։

– Ի՞նչ խնդիրներ կառաջացնի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Արդյոք կա՞ն վտանգներ։

– ՀԱՊԿ-ից դուրս գալը Ռուսաստանի կողմից կդիտվի իբրև դավաճանություն։ Այն կարող է հանգեցնել հենց Հայաստանի ներսում անվտանգային ռիսկերի, ինչպես նաև՝ սահմաններին և Արցախում։ Էներգետիկ առումով կարող են լինել մատակարարման խնդիրներ, արտահանման սահմանափակում։ Բայց այս խնդիրների մեծ մասը կառավարելի է։ Դրա համար պետք է մշակել հակադարձ քայլեր՝ ապագա նոր գործընկերների հետ։

Որքան էլ զարմանալի հնչի, անվտանգային խնդիրները հատկապես Արցախում և սահմաններին թերևս ամենահեշտ կառավարելին են այս սցենարում։ Կարծեմ կասկած չի կարող լինել, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի նոր դաշնակցի՝ Հայաստանի դեմ դուրս կգա։ Էներգետիկ խնդիրների լուծման մոդելն արդեն մշակվում է ԵՄ-ում, և դա ևս կարելի է օգտագործել։

ՀԱՊԿ-ից դուրս չգալու վտանգն էլ պետք է քննվի։ Այս կազմակերպությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս և կապել է Հայաստանի ձեռքերը զինվելու առումով։ ՀԱՊԿ-ը եղել և մնում է ռուսական պրոքսի կառույց, որը գուցե նաև Ուկրաինայում օգտագործվի։ ՀԱՊԿ-ի շրջանակներում ռուսական սպառազինություն ստանալն այլևս անիրատեսական է առաջիկա տարիներին, քանի որ հենց Ռուսաստանն ինքը զենք է փորձում գնել անգամ Հյուսիսային Կորեայից։

Ավելին, ՀԱՊԿ-ը անվնաս մեռած մարմին չէ, ինչպես Հայաստանում փորձում են արդարացնել անդամակցությունը։ Սա մի բլոկ է, որում գրեթե բոլորը անդամները հստակ պրոադրբեջանական դիրքորոշում ունեն, թուրքական դաշինքի անդամներ են։ Վերջապես, ՀԱՊԿ-ը ներքաղաքական միջամտություններ կարող է անել և իբրև այդպիսին արդեն վտանգավոր է։

Հայաստանը կարիք ունի չոր փաստերի, վտանգների մանրակրկիտ մոդելավորման, գնահատականին, սցենարների մշակմանը։ Այս առումով ՀԱՊԿ-ի անդամակցությունը լավ օրինակ է։ Եթե ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս է գալիս, ապա հենց նման մոդելավորումից հետո պետք է անել, ունենալ քայլերի հերթականություն, որ ռիսկերը չեզոքացվեն։

ՀԱՊԿ-ից դուրս գալը նոր անվտանգային համակարգի ստեղծման առաջին, բայց ոչ միակ քայլերից պետք է լինի։ Նոր անվտանգային դոկտրինը պետք է մանրամասն ձևակերպի, թե որ դաշնակիցների հետ, ինչպես է գործելու հայկական պետական մեքենան՝ սկսած բանակից մինչև արտաքին քաղաքականը։

– Փաշինյան-Էրդողան հանդիպումներից հետո հաղորդագրություն տարածվեց, որ կողմերը շեշտել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը, մասնավորապես, երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման հարցերը: Ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպումը:

– Դատելով բաց ինֆորմացիայից՝ այս հանդիպումը Էրդողանն օգտագործեց իբրև հաշտարար հանդես գալու և դրանով իր վարկը ԵՄ-ում բարձրացնելու համար։ Դրա դիմաց Հայաստանը ոչինչ չստացավ, այլ միայն նույն թուրքական պատգամը, որ Ադրբեջանի շահերի պաշտպանությունն ավելի կարևոր է Էրդողանի համար։ Այսինքն՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, երբ Երևանը կստորագրի համաձայնագիր, որը Բաքվին գոհացնում է, ապա կկարգավորվեն հայ-թուրքական սահմանային հարցերը։

– Զենքի հետ կապված լուրջ քննարկումներ եղան, որ փաստորեն ՌԴ-ն չի տրամադրել, փոխարենը հիմա Հայաստանը Հնդկաստանից է զենք ձեռք բերում։ Ինչպե՞ս եք գնահատում դա։

– Ռուսաստանը հենց ինքը մեծ քանակության զենքի պակաս ունի ուկրաինական ճակատում։ Պատժամիջոցները, հատկապես կիսահաղորդիչներ Ռուսաստան արտահանելու վրա, լուրջ արտադրական պրոբլեմ են։ Իհարկե լավ է, որ Հայաստանը հնդկական զենք է ձեռք բերել, բայց սա Հայաստանի խնդիրները չի լուծում։ Հայաստանին անհրաժեշտ է լուրջ անվտանգային և դիվանագիտական հովանոց։

Իրատեսորեն՝ միայն ԱՄՆ-ն կարող է այն տալ՝ ՀՀ-ն ոտքի կանգնելու և վերազինվելու համար։ Նորագույն պատերազմը զենքի, մարտական նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ օդատիեզերական- և կիբեռուժերի և բանակի նորագույն կառավարման համադրում է։ Սա ակնհայտ է Ուկրաինայում, որտեղ ռուսական զենքի և մարդուժի գերակայությունը հարցեր չի լուծում։

Հայաստանի բանակը կարիք ունի ՆԱՏՕ-ական ստանդարտներին անցնելու, որպեսզի համանման ստանդարտներով կառուցված ադրբեջանական բանակին կարողանա դիմակայել։ Ի վերջո, միայն զինատեսակը չէ, այլ կապը, տնտեսական հնարավորությունները, էներգետիկ անկախությունը և վստահելի դաշնակիցներ ունենալն են, որ երկրին տալիս են զարգանալու և պաշտպանված լինելու հնարավորություն։ Առանց դրա անվտանգային մշտական ճգնաժամը կշարունակվի, իսկ դա միմիայն ՀՀ քաղաքական ղեկավարների ու քաղաքական խավի մեղքով է։

– Գերիների վերադարձը եղավ ԱՄՆ միջնորդությամբ։ Պատերազմը դադարեցվեց ԱՄՆ միջնորդությամբ։ Որքանո՞վ է Ռուսաստանը «հեռանում» Հայաստանից։

– Ռուսաստանը Հայաստանում ունի երկու հիմնական բազա։ Դա հայկական օլիգարխիան է, և այն թերևս չի փոխի իր հավատարմությունը այնքան ժամանակ, մինչև չսկսի ֆինանսական վնասներ կրել ռուսական ազդեցության մաս լինելու պատճառով։ Պատժամիջոցները գուցե այդ պրոցեսը արագացնեն։ Իհարկե, այդ խավը կարող է նույն կերպ անցնել թուրքական կամ ադրբեջանական ազդեցության տակ և դառնալ նրանց ջատագովը։

Երկրորդ և ամենակարևոր հենասյունը հայկական քաղաքական խավն է։ Չնայած ներքին կոնֆլիկտներին, Ռուսաստանի հարցում Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի և Սարգսյանի, ինչպես նաև ներկա իշխանության հայացքները համընկնում են։ Այն, որ ռուսական անվտանգային համակարգը չի գործում, բոլորն են հասկանում, բայց քաղաքական խավից շատերը հանրայնորեն չեն ընդունում։

Դատելով Փաշինյանի և իր թիմակիցների, խորհրդատուների հայտարարություններից՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից ամենայն հավանականությամբ դուրս չի գա, առավել ևս չի փորձի նոր դաշնակցային հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ։ Պատճառը իրականում ո՛չ հմտության, ո՛չ էլ կարողության պակասն է։ Պատճառը գաղափարական է։ Գաղափարապես ինչպես Փաշինյանը, այնպես էլ քաղաքական խավի մեծագույն մասը հակաարևմտյան են։

Արժեքային առումով գրեթե բոլորը հարաբերվում են Արևմուտքում ծայրահեղ ձախական կամ ծայրահեղ աջական խմբերի հետ։ Սա սովետիզմի արդյունք է։ Նրանք, օրինակ՝ ադրբեջանցիների նման չեն կարողանում պրագմատիկ աշխատել ԱՄՆ-ի և այլոց գործադիրների հետ, չեն կարողանում հստակ իրենց արժեքը ձևակերպել նրանց համար, հիմնականում նեղացկոտ թույլի վիճակում են։ Սա հայ-ռուսական հարաբերությունների մոդելն է, որը, կարծում եմ՝ դեռ կշարունակվի։ Դրականն այն է, որ առաջին անգամ 1980-ականներից սկսած դրվում են անկախության, անվտանգային ինքնաբավության, սեփական հարցերը սեփական նախաձեռնությամբ և ուժերով լուծելու, քաղաքականության մեջ ճկուն լինելու գաղափարները։

Սա թերևս 30 տարի ուշացած է, բայց լավ է, որ սկսվել է հայկական քաղաքական ինքնության ձևավորումը։ Այդ քաղաքական ինքնությունը դեռ շատ թույլ է, ի տարբերություն իր հարևանների։ Եթե անգամ Ռուսաստանը ֆիզիկապես հեռանա, ոչ ռուս քաղաքական ինքնությամբ հայերը կմնան, և քիչ հավանական է, որ կփոխվեն:

Մանե Հարությունյան

MediaLab.am