Ադրբեջանի մերձնախագահական ԶԼՄ-ի կեղծիքը Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևի մասին

Ադրբեջանի մերձնախագահական ԶԼՄ-ի կեղծիքը Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևի մասին
Ադրբեջանի մերձնախագահական ԶԼՄ-ի կեղծիքը Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևի մասին

Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի հետ կապվող Haqqin.az կայքը հրապարակեց «Իլհամ Ալիևի խոշորագույն հաղթանակը. Բրյուսելը հայտարարեց՝ «Ղարաբաղը կարող է միայն Ադրբեջանի կազմում լինել»» ծավալուն հոդվածը, որի հեղինակը՝ Տամիլա Ալիևան, գրում է, թե իբր «հեռացող տարվա դեկտեմբերի 12-ին Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (կողմ՝ 401, դեմ՝ 173) ընդունել է «ԵՄ ընդհանուր քաղաքականությունը արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտում» վերտառությամբ բանաձևը:

Հեղինակի մատուցմամբ, ԵԽ կողմից ընդունված այդ «ամենակարևոր բանաձևի նախագիծը ներկայացրել են միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դ. ՄաքԱլիստերը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականութան գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին», իսկ «փաստաթուղթը կրում է դոկտրինալ բնույթ, ամփոփում է անցնող տարում ԵՄ արտաքին քաղաքականությունն ու որոշում է ապագայում դրա ուղղվածությունը, և համարվում է ԵՄ բոլոր երկրների ու հաստատությունների կատարման համար իրավաբանորեն պարտադրող»:

Կեղծիք՝ առանց հոդվածի հղման ու մեջբերման

Այն, որ Ադրբեջանում, ինչպես ցանկացած ավտորիտար երկրում, ԶԼՄ-ները հասարակության համար մշտապես «հաղթանակի դափնիներ» են հյուսում, նորություն չէ: Սակայն ուշագրավ է, որ այդ հրապարակման միջոցով ակնհայտ սուտ է վերագրվում Եվրոպական խորհրդարանին ու ԵՄ-ին, թե իբր ինչպես «անցած տարվա անալոգային փաստաթղթում» էր վերահաստատվել, «Արևելյան գործընկերության տարածքի երկրներում, ներառյալ՝ Ադրբեջանում, հակամարտությունները պետք է լուծվեն միայն միջազգային-իրավական նորմերի ու սկզբունքների՝ ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության, հիման վրա: Լինելով 2017թ. Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի հռչակագրի տրամաբանական օրենսդրական շարունակությունը՝ բանաձևի այդ հոդվածը որոշակիացրել է Արևելյան գործընկերության 6 երկրներից 4-ի տարածքում առկա հակամարտությունների կարգավորման շրջանակը»:

Հատկանշական է, որ հրապարակման մեջ այդպես էլ ստույգ չի մեջբերվում Եվրոպական խորհրդարանի ոչ 2018թ. դեկտեմբերի 12-ի նիստում, ոչ էլ 2017-ի «տարեվերջյան անալոգային փաստաթղթի» որևէ հոդված, որը կունենար նշված բովանդակությունը: Սակայն դա չի խանգարում հեղինակին հեռուն գնացող եզրակացություններ անել ու «ԵՄ անդամ երկրների ու հաստատությունների կատարման համար իրավաբանորեն պարտադիր» երեք նոր «քաղաքական միտումներ» առանձնացնել, որոնք, իբր թե, այլևս ԵՄ ընդհանուր դիրքորոշումն են բոլոր հակամարտությունների, ներառյալ՝ ղարաբաղյան, կարգավորման վերաբերյալ.

  1. «2017թ. Արևելյան գործընկերության գագաթաժողովից մինչև ԵՄ բոլոր հաստատությունների բոլոր բանաձևերում գործընկերների ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, նրանց միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը աջակցությունը հանդիսանում են ԱլԳ երկրների հետ ԵՄ հարաբերությունների հիմքը, ինչպես նաև՝ նրանց տարածքում հակամարտությունների կարգավորման գլխավոր սկզբունքները»:
  2. «ԵՄ-ն միանշանակ ու վերջնականապես հրաժարվել է գործընկերներին «յուրայինների» ու «օտարների» բաժանելուց: Վերադարձ 2015թ. Ռիգայի գագաթաժողովին, երբ այդ բոլոր սկզբունքները օգտագործված էին միայն Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում առկա հակամարտությունների համար, այլևս չի կարող լինել: ԵՄ վերաբերմունքը բոլոր հակամարտությունների հանդեպ կրում է ամբողջական, միասնական և կայուն բնույթ»:
  3. «ԵՄ այդչափ ակնհայտ դիրքորոշումը, որը շարադրված է «Արևելյան գործընկերության» հռչակագրում, Եվրոպական խորհրդարանի երկու դոկտրինալ բանաձևերում ու Ադրբեջան-ԵՄ երկկողմ փաստաթղթում, փաստացի չգոյության է վերածել Բրյուսելում հայկական լոբբիստական կազմակերպությունների երբեմնի արդյունավետ գործունեությունը»:

Այս առումով հեղինակը չի վարանում հընթացս «դաժան ու թեժ դիվանագիտական մի ճակատամարտի» պատմություն հյուսել, թե ինչպես են «հիշյալ բանաձևի» ընդունման ժամանակ տապալվել «հիշատակված սկզբունքների շարքում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը ամրագրելու» Հայաստանի կառավարության ու Բրյուսելում հայկական լոբբիստական կազմակերպությունների ջանքերը:

Մինչդեռ՝ իրականում…

Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքում, ինչպես և կարգն է, միանգամայն հասանելի են ընդունված բոլոր զեկույցների, բանաձևերի տեքստերը: Կայքի համապատասխան բաժին այցելելու դեպքում դժվար չէ գտնել 2018թ. սեպտեմբերի 13-ին Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄաքԱլաստերի հեղինակված «Ընդհանուր արտաքին ու անվտանգության քաղաքականության իրականացման մասին տարեկան զեկույցը» (Annual report on the implementation of the Common Foreign and Security
Policy): Դրա հիման վրա ԵԽ կողմից դեկտեմբերի 12-ին քննարկումներիփոփոխությունների ու քվեարկության արդյունքում ընդունվել է «Ընդհանուր արտաքին ու անվտանգության քաղաքականության իրականացման մասին տարեկան զեկույց» նույնանուն բանաձևը:

Ընդունված փաստաթղթի միայն 19-րդ կետն է, որ վերաբերում է Արևելյան գործընկերության անդամ երկրների տարածքներում առկա հակամարտություններին, ինչը թարգմանաբար մեջբերենք ամբողջությամբ.

«Եվրոպական խորհրդարանը …. վերահաստատում է ԵՄ-ի հանձնառությունը՝ աջակցելու իր գործընկերների ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. ընդգծում է բոլոր սառեցված հակամարտությունները միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան լուծելու,  հակամարտությունների հետևանքով տուժած բնակիչներին, ներքին տեղահանվածներին և փախստականներին ցուցաբերվող աջակցությունն ավելացնելու և երրորդ երկրների, մասնավորապես, Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձերին հակազդելու անհրաժեշտությունը. վերահաստատում է Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցման և արևելյան Ուկրաինայում ռազմական միջամտության դատապարտումը. կոչ է անում շարունակական ջանքեր գործադրել Մինսկի համաձայնագրերի իրականացման ուղղությամբ և կոչ է անում երկարաձգել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները մինչև նա կհամապատասխանի այդ համաձայնագրերին. ըստ այդմ, դատապարտում է Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալիի/Հարավային Օսիայի գրավյալ շրջանների շարունակական ռազմականացումը և վատթարացող անվտանգության ու մարդասիրական իրավիճակը և կոչ է անում Ռուսաստանին կատարել 2008թ. ԵՄ միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները»:

Մի կողմ թողնելով այն, որ բանաձևի պրեամբուլայում հղում է կատարվում 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտին, որի հանրահայտ ու համահավասար (առանց որևէ հիերարխիայի) 10 սկզբունքներից մեկը ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքն է, 19-րդ կետի մեջբերումից նկատելի է, որ հակամարտությունների կարգավորման դեպքում խոսք է գնում ընդամենը դրանք «միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան լուծելուանհրաժեշտության» մասին: Նաև անհնար է չնկատել, որ ԵԽ արտահայտած մտահոգությունները կրկին վերաբերում են աներկբայորեն Ուկրաինայի ու Վրաստանի տարածք համարվող շրջաններում Ռուսաստանի հրահրած հակամարտություններին, ու այդ համատեքստում է Եվրոպական խորհրդարանը ճանաչում «գործընկերների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը»։

Իրականում, ԵԽ/ԵՄ այս նույն դիրքորոշումն ու համատեքստը գրեթե նույն կերպ արտահայտված են եղել նաև Ադրբեջանի նախագահականի տեսակետներն արտահայտող լրատվամիջոցի հիշատակած «Արևելյան գործընկերության» 2015թ. Ռիգայի և 2017թ. Բրյուսելի հռչակագրերում:

Ինչպես նկատում ենք, ԵԽ հիշյալ բանաձևում բացարձակապես բացակայում է այն, ինչի մասին գրված է ադրբեջանական ապատեղեկատվության մեջ, հետևաբար՝ պետք էլ չէ զարմանալ, թե ինչու հեղինակը հղման կետ ու հղման առարկա հոդված չի ունեցել: Այդպիսիք պարզապես չկան: Ավելին, փաստաթուղթը որևէ կապ չունի Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ու որ ոչ պակաս զավեշտալի է, 2017-ի «անալոգային փաստաթուղթը» կրկին նույնատիպ՝ «Ընդհանուր արտաքին ու անվտանգության քաղաքականության իրականացման մասին տարեկան զեկույց» է: Եվ վերջապես՝ եթե անգամ կարող է խոսք գնալ ԵՄ որևէ «դոկտրինալ փաստաթղթի» մասին, ապա դա 2016թ. ընդունված Եվրոպական միության «Արտաքին և անվտանգության քաղաքականության գլոբալ ստրատեգիան»/«2016 Global Strategy for the European Union’s Foreign and Security Policy» փաստաթուղթն է, որը հիշատակված չէ ադրբեջանական ապատեղեկատվության մեջ, սակայն հիշատակված է Եվրախորհրդարանի բանաձևում, ու կրկին, ամենևին չի պարունակում Ադրբեջանի իշխանություններին հաճո ու հոդվածում հիշատակված մոտեցումներն ու ձևակերպումները:

Ինչո՞ւ է Ադրբեջանի մերձկառավարական ԶԼՄ-ի միջոցով ԵՄ-ին կեղծիք վերագրվում

 Ռիգայի ու Բրյուսելի հռչակագրերից առաջինն Ադրբեջանի համար համարվում է անընդունելի, իսկ երկրորդը՝ ընդունելի է, և դա ունի մի քանի պատճառներ.

  1. Ներքաղաքական նկատառումներ՝ սեփական հանրությանը ներկայացնել, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը միաժամանակ «հաղթել» թե Հայաստանի կառավարությանը, թե նրա լոբբիստական կառույցներին, որոնք նախկինում՝ 2012-2015թթ., հաջողում էին եվրոպական կառույցներում ընդունվող փաստաթղթերում Ադրբեջանն ու ղարաբաղյան հակամարտությունը ԵՄ-ի համար «ոչ յուրայինների» խմբում ներառելիս, իսկ 2017-ի Բրյուսելյան հռչակագրում, 2018-ին ստորագրված ԵՄ-Ադրբեջան երկկողմ փաստաթղթում և 2018-ի դեկտեմբերի 12-ին ԵԽ ընդունած բանաձևում «շեշտն այլևս դրվում է Ադրբեջանի վրա»:

  2. Ադրբեջանի իշխանությունների մտահոգությունը, որ 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված, 2018-ի հունիսից ուժի մեջ մտած ու ցայսօր ԵՄ 28 անդամ երկրների կողմից վավերացվող ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի»՝ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող դրույթը կպրոյեկտվի նաև այժմ բանակցվող ԵՄ-Ադրբեջան գործընկերության շրջանակային համաձայնագրում: Իսկ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հռչակում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու նպատակը՝ «ճանաչելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ և տևական լուծմանն ուղղված ՀՀ հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնորդությամբ վարվող բանակցությունների շրջանակում դրա հնարավորինս շուտափույթ լուծմանը հասնելու անհրաժեշտությունը. նաև ճանաչելով այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների ու սկզբունքների հիման վրա, մասնավորապես, որոնք վերաբերում են ուժի կամ սպառնալիքի կիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների հավասար իրավունքներին ու ինքնորոշման իրավունքին, և արտացոլված են այն բոլոր հայտարարություններում, որոնք ընդունվել են ԵԱՀԿ 2008թ.16-րդ Նախարարական խորհրդից ի վեր՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շրջանակում, նաև նշելով ԵՄ կողմից նշված կարգավորման գործընթացին աջակցելու մասին պարտավորությունը»: Թերևս, Ադրբեջանում քաջ գիտեն, որ սա արդեն, հիրավի, ԵՄ անդամ 28 պետությունների ու բոլոր հաստատությունների միասնական, ընդհանուր դիրքորոշումն է հենց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ու նրանք չեն կարող երկու մոտեցում ունենալ՝ մեկը Հայաստանի համար, մյուսը՝ Ադրբեջանին հաճո սկզբունքների հիերարխիան ճանաչելով:

  3. Այս պահին ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում դինամիկան գոհացուցիչ համարելով՝ Բաքուն փորձում է մի կողմից սիրաշահել Բրյուսելին, թե երկկողմ հարաբերություններն այլևս դուրս են եկել 2012-2015-ի ճգնաժամից, մյուս կողմից էլ, միգուցե, ալիբի է ստեղծում բանակցվող շրջանակային համաձայնագրում սպասվող փակուղու համար, երբ ղարաբաղյան հակամարտության՝ իր համար հաճո ձևակերպմանը չհասնելու դեպքում հնարավորություն կունենա Բրյուսելին մեղադրել, թե նա է, որ խախտում է իր համար «իրավաբանորեն պարտադիր» դիրքորոշումը, որը թվարկված է «դոկտրինալ փաստաթղթերում», ու ԵՄ-ն է, որ կրկին վերադարձել է երկակի ստանդարտների իր վաղեմի դիրքորոշումներին:

  4. ԵՄ հետ փաստաթղթում ղարաբաղյան հակամարտության ձևակերպման շուրջ համաձայնության չգալով՝ ռազմական նախապատրաստություններ տեսնող Ադրբեջանի իշխանությունները կլեգիտիմացնեն մի նոր արկածախնդրության՝ ներկայացնելով, թե իբր ԵՄ արտաքին ու անվտանգության քաղաքականության դիրքորոշումը նույնպես համընկնում է Ադրբեջանի պահանջների հետ: Այդ մանիպուլյացիան վտանգավոր չէր լինի, եթե նման հայտարարությունից հետո պաշտոնական Բաքուն սովորություն չունենար հղում կատարել ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածին, որի ադրբեջանական մեկնաբանությամբ, ինքն «իրավունք ունի ցանկացած եղանակով վերականգնել իր խաթարված տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները»:

Թերևս, կարելի կլիներ աչք փակել ԵՄ-ին ու Եվրոպական խորհրդարանին ու այլ կառույցներին վերագրվող այս կեղծիքի վրա, եթե դրա նպատակը միայն 1-ին կետում նշված ներքաղաքական պատճառը լիներ: Այնինչ 2-րդ, 3-րդ ու 4-րդ կետերում նկարագրված հեռահար նպատակները անտեսվել չեն կարող:

Ստյոպա Սաֆարյան, ՄԱՀՀԻ հիմնադիր

www.fip.am