Փաշինյանը փորձում է ամեն գնով խաղաղություն կորզել, որպեսզի ժողովրդին ցույց տա, որ բոլոր կորուստների գինը հենց այդ խաղաղությունն էր. Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, Տավուշում արդեն տասը օրից ավելի է՝ ինչ բողոքի ակցիաներ են, Հայաստանի տարբեր մարզերում էլ տեսնում ենք, որ ժամանակ առ ժամանակ ճանապարհներ են փակվում, նաև մայրաքաղաք Երևանում։ Ի՞նչ զարգացումների կարելի է սպասել, արդարացված համարո՞ւմ եք մարդկանց բողոքը։

– Պետք է հասկանանք հետևյալը, որ տեղի ունեցողը հակասահմանադրական գործընթաց է, որ գործադիր իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից, իրականացնում է մի գործընթաց, որի վերաբերյալ հենց իրենք իրենց հայտարարության մեջ նշում են, որ մինչև հուլիսի մեկը նոր պետք է ընդունեն Սահմանազատման, սահմանագծման կանոնագիրքը։ 

Սա ամբողջովին հակասահմանադրական, հակաօրինական գործընթաց է ինչ-ինչ ակնկալիքներով, որի դրսևորումները չգիտենք, թե ինչպիսին են լինելու։ Այս առումով ժողովրդական հուզումները, դժգոհությունները ես շատ նորմալ եմ համարում, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ իրենց կարծիքն են արտահայտում իրականացվող գործընթացի վերաբերյալ։ Թե ինչ կլինի՝ չենք կարող ասել, բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը ողջունում է կողմերի միջև այս գործընթացը։ 

Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այն խաղադրույքը, որը դրված է տարածաշրջանի վրա, կարող է անկանխատեսելի ելք ունենալ։ Նիկոլ Փաշինյանը հիմա սկսել է մի գործընթաց, երբ փորձում է ամեն գնով խաղաղություն կորզել, որպեսզի ժողովրդին ցույց տա, որ բոլոր զոհողությունների, կորուստների գինը հենց այդ խաղաղությունն էր։ 

Բայց ես հեռու եմ այն մտքից, որ այս գործողություններով մենք գնում ենք խաղաղության, որովհետև սա միակողմանի զիջում է, ու Ադրբեջանը քայլ առ քայլ լուծում է իր առջև դրված ռազմավարական խնդիրները: Սա չի բերելու տևական խաղաղության, ճիշտ հակառակը՝ նրանց հիմնական նպատակը Սյունիքն է: Հիմա իրենք Տավուշում կստանան իրենց ուզածը՝ չտալով ոչինչ, նույնիսկ եթե այս գործընթացը վիժեցվի էլ, միևնույն է, նրանք Տավուշում արդեն քանդեցին մեր պաշտպանական գիծը, ստացան դիրքային առավելություններ, ինչը հնարավորություն կտա Ադրբեջանին ավելի ուժեղ դիրքերից հանդես գալ Հայաստանի դեմ պայքարում։ 

Հետևաբար, ես գտնում եմ, որ այն, ինչ հիմա իրականացվում է, չափից դուրս փխրուն ու վտանգավոր գործընթաց է, որը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ մեր երկրի համար։

– Իսկ համակարծի՞ք եք, որ այս ընդվզումը շուտով դառնալու է զանգվածային, իշխանությունը տեղի կտա, հրաժարական կներկայացնի։

– Ոչ մի բան Հայաստանում չեմ բացառում, որովհետև վերջին վեց տարում այնպիսի գործընթացների ենք ականատես եղել, որ ոչինչ չեմ բացառում։ Ես կարող եմ ասել իմ հասկացածը, որ գործող իշխանությունները նախկին իշխանությունների հետ կործանեցին Հայաստանն ու վտանգի տակ դրեցին նրա հետագա գոյությունը։ Հիմա, եթե մենք սրանց պետք է փոխենք նախկիններով, Հայաստանը որակական որևէ փոփոխություն չի ունենալու, ճիշտ հակառակը՝ ունենալու ենք մի իրավիճակ, երբ ամբողջ Հայաստանի գոյությունն է վտանգի տակ դրված լինելու։ 

Այսօրվա իրականությունը այդ երկու սեգմենտի գզվռտոցի հետևանքն է։ Այլ հարց է, որ հասարակությունն իսկապես դժգոհ է ու համաձայն չէ կատարվող գործընթացների հետ, այստեղ ես խնդիր չեմ տեսնում: Այո՛, հասարակությանը մոբիլիզացիա է անհրաժեշտ, այլ ոչ թե՝ տեղերի փոփոխություն, պետք է ձևավորվեն որակապես նոր իշխանություն ու մթնոլորտ, ու պետք է ձևավորվի որակապես նոր, ազգային իշխանություն։ 

– Պարո՛ն Նորիկյան, իսկ նման իշխանություն ձևավորելու նախադրյալներ տեսնո՞ւմ եք։

– Սաղմերը տեսնում եմ, դրա համար աշխատանք է պետք իրականացնել, իրականացվում է։ Որոշակի տևականություն է ենթադրում, կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո այդպիսի օրակարգ, քաղաքական ծրագիր կներկայացվի մեր ժողովրդին, համենայնդեպս, մենք այդ ուղղությամբ մտածում ենք։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am