Աղմկահարույց ձայնագրության հետքերով սկանդալի կենտրոնում հայտնված դպրոցի տնօրենը չի կալանավորվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը ոոշել է մերժել Երևանի թիվ 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, ինչը նշանակում է, որ դպրոցի նախկին տնօրենն ազատության մեջ է։

Այդ մասին տեղեկացնում է տնօրենի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Բացի այդ, դատարանը բավարարել է Լիպարիտ Սիմոնյանի բողոքը և ոչ իրավաչափ է ճանաչել դպրոցի տնօրենին ձերբակալելու մասին որոշումը։

Հիշեցնենք՝ թիվ 122 դպրոցում աղմկահարույց ձայնագրության հետքերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել էր դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը։

Ըստ իրավապահների՝ երևանյան դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում 1500 դոլար կաշառք է պահանջել։ Այդ մասին աղմուկից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի որոշմամբ, դպրոցի ղեկավարի իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցվել էր: