Նոր հնարավորություն Հայաստանի համար

Նոր հնարավորություն Հայաստանի համար
Նոր հնարավորություն Հայաստանի համար

Ապրիլի 4-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը Հայաստանում կարծես թե առանձնակի ուշադրության չարժանացավ:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն ու 32 գործընկեր կազմակերպությունները հայտարարել են ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի մեկնարկը՝ մինչեւ 2030 թվականը ծայրահեղ աղքատությունը վերացնելու առաքելությամբ:

Շատերին այդ առաքելությունը կարող է թվալ զուտ դեկլարատիվ, ավելին՝ գուցե ցինիկ, եւ կարող են  պնդել, որ խոշոր երկրները իրականում ոչ թե գործնական քայլեր են անում աշխարհում ծայրահեղ աղքատությունը վերացնելու, այլ հակառակը՝ աղքատ երկրների առավել աղքատացնելու միջոցով գլոբալ եւ անշրջելի հեգեմոնության հասնելու ուղղությամբ:

Մյուս կողմից, աղքատության համար առաջին հերթին պատասխանատու են աղքատ երկրներն իրենք՝ այդ երկրների «վերնախավերն» ու հասարակությունները: Գլոբալ մրցակցության հարցում գիտակցական, տնտեսական, քաղաքական, մշակութային անհամարժեքությունն առաջին հերթին հենց այդ սուբյեկտների պատասխանատվության տիրույթում է:

Հետեւաբար, այդ հարցում խոշոր տերությունների իդեալական եւ մարդասիրական քաղաքականության փնտրտուքն ու դրա բացակայության մասին դժգոհությունն այդքան էլ օպտիմալ անելիք չեն: Աղքատության խնդիր ունեցող երկրները պետք է դրսեւորեն խոշորների քայլերից օգտվելու կարողություն:

Հենց այդ իմաստով, ապրիլի 4-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած իրադարձությունը հետաքրքրական է Հայաստանի համար: Բանն այն է, որ Հայաստանը հանդիսանում է ԱՄՆ ՄԶԳ առաքելության ընտրած 20 երկրներից մեկը:

«Լաբորատորիան գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կներգրավի համաշխարհային հանրությանը, այդ թվում` գյուտարարների, գիտնականների, հետազոտողների, ձեռներեցների, ներդրողների և կորպորատիվ առաջնորդների` ներդրումներ կատարելու, առավել խոստումնալից և շահավետ լուծումները փորձարկելու և ընդարձակելու համար` օգնելով վերջ դնել ծայրահեղ աղքատությանը», հայտարարել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Ռաջիվ Շահը:

Ըստ նրա, զարգացման ոլորտում գիտության ու տեխնոլոգիաների դերը կարևորելու ջանքերը համապատասխան հիմքեր ունեն Հայաստանում, որը նախկին Խորհրդային Միության երբեմնի հիմնական հանգույցն էր էլեկտրոնային ծրագրերի մշակման, արդյունաբերական հաշվարկման, էլեկտրոնիկայի, և կիսահաղորդիչների արտադրության բնագավառում: Վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ն ներդրել է մոտ $ 45 միլիոն օժանդակություն ԳՏՆԳ-ին առնչվող հայաստանյան ծրագրերում, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրի, կառավարման և առողջապահության ոլորտներում: Կարդալ ավելին