Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրել նաև Սերժ Սարգսյանին

Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրել նաև Սերժ Սարգսյանին
Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրել նաև Սերժ Սարգսյանին

Այսօր Ազգային ժողովում կայանալու է ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը։

Իմ քայլը խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի գործունեության շրջանակներում քննարկելու են ապրիլյան պատերազմի հետ կապված հասարակությանը հուզող բոլոր հարցերը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝  քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը Սերժ Սարգսյանն էր, հնարավո՞ր է  նրան էլ հրավիրեն հանձնաժողովի նիստերին։ Ի պատասխան Տիգրան Կարապետյանն ասաց, որ որևէ անձի հրավիրելու կաշկանդվածություն չունեն՝ անկախ նրանից ներկա, թե նախկին պաշտոնյա է։ «Քննելու ենք ամբողջ գործընթացները, և եթե անհրաժեշտություն առաջանա Սերժ Սարգսյանին հրավիրել, կհրավիրենք»,- ասաց նա։

Կարապետյանը նշեց, որ նախկին և ներկա բոլոր պաշտոնյաներին հանձնաժողովը լիազորություն ունի հրավիրելու։ “Մենք չենք կարող անմեղության կանխավարկած խախտել և ասել, որ մարդիկ ունեն մեղավորություն, բայց եթե անհրաժեշտություն առաջանա լսել որևէ մեկին, կարծում եմ՝ խնդիր չկա»,- ընդգծեց պատգամավորը։