ԱԺ խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել Հերիքնազ Տիգրանյանի նշանակման մասին որոշումը

Ազգային Ժողովի խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակման մասին որոշումը: Այս մասին տեղեկացանք Ազգային ժողովի կայքէջից:

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը, առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում է. Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչել»,- ասված է որոշման մեջ:

Այդ որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ էր նշանակվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: