«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը
– Պարո՛ն Վարդանյան, նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է, ինչպիսի՞ քարոզարշավ են իրականացնում քաղաքական ուժերը:
– Ագրեսիվ քարոզարշավ է ընթանում և հիմնականում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, նա փորձում է նախկինների թալանի, կոռուպցիայի թեման առաջ տանելով՝ ձայներ ապահովել իր համար, իսկ սեփական ձախողումները, որպես կանոն, շրջանցում է:
Ռոբերտ Քոչարյանն առայժմ կարծես թե ավելի շատ ապագային միտված քարոզարշավ է տանում: Մյուս քաղաքական ուժերն էլ են ավելի շատ ապագային միտված քարոզարշավ իրականացնում, միակ քաղաքական ուժը, գործիչը, որն այս պահին ավելի շատ փորձում է անցյալի թեմաները, ձախողումները առաջ տանել, Նիկոլ Փաշինյանն է:
– Իսկ ինչո՞վ եք բացատրում հանգամանքը, որ գործող իշխանությունը շարունակում է հղում կատարել անցյալին:
– Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը հենց դա էլ պետք է աներ, որովհետև ժողովուրդը շատ մեծ վախեր ունի՝ նախկին իշխանությունների հետ կապված, քանի որ նրանց կառավարման տարիներին բազմաթիվ վատ բաներ են տեղի ունեցել, և հենց դա, ինչ-որ առումով մանիպուլացնելով, շահարկելով, նա փորձում է հավելյալ ձայներ ստանալ:
Եթե չլինեին նախկինները, ապա Փաշինյանի համար շատ ավելի դժվար կլիներ ձայներ ապահովելը:
– Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ ասել է, որ ընտրություններից հետո կադրային ջարդ է անելու, վենդետաներ են լինելու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք մարդկանց նկատմամբ հարկադրանքի են դիմել: Երեք տարի այս ուղղությամբ ոչինչ չանելուց հետո ինչո՞ւ է հիմա այդ մասին խոսում, արդյոք սա ծրագրայի՞ն ելույթ էր:
– Ցավալի է, որ հենց հարցը հասնում է իրեն, նոր է հիշում նախկին իշխանությունների մեղքերի մասին: Ո՞վ չգիտի, որ ներկայիս քաղաքապետների, համայնքների ղեկավարների զգալի մասը նախկինում զբաղված է եղել նախկին իշխանությունների համար ձայներ ապահովելով, ընդ որում՝ կեղծիքով ու ոչ ժողովրդավար ճանապարհով:
Դա իրենք էլ շատ լավ գիտեն, բայց քանի որ նախորդ ընտրություններին այդ համայնքների ղեկավարների մի մասն աշխատում էր Նիկոլ Փաշինյանի համար, նա չտեսնելու էր տալիս, իսկ հենց դուրս եկան իր դեմ, նոր սկսեց տեսնել: Սա շատ ծանոթ ձեռագիր է:
Նիկոլ Փաշինյանի խոսքերը վաղուց իր գործերին չեն համընկնում: Նա դեռևս 2018 թվականին էր խոսում քաղաքացու վրեժի և այլնի մասին, բայց նախկին ռեժիմի ներկայացուցիչներից շատ քչերը պատասխանատվության ենթարկվեցին, դրա համար էլ այսօր շատերը նրա ասածներին լուրջ չեն վերաբերվում:
– Պարո՛ն Վարդանյան, եթե Նիկոլ Փաշինյանը կամ Ռոբերտ Քոչարյանը չկարողանան հասնել իշխանության, ինչին ձգտում են, կարծում եք՝ կհաշտվե՞ն իրենց պարտության հետ, թե՞, ինչպես նշում են որոշ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ, բախումներն անխուսափելի կլինեն:
– Հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանն այդ առումով հստակ խոսք է տվել և, իշխանության լինելով, պարտավոր է այնպես անել, որ բախումներ չլինեն: Իհարկե մեկ-երկու միջադեպեր հնարավոր են, բայց դա պարտավոր են անմիջապես մարել:
Անկախ ամեն ինչից, իրենք են լինելու պատասխանատուն, որովհետև իշխանությունն այսօր իրենք են, և բոլոր ուժային կառույցներն իրենց ձեռքին են, այնպես որ, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի շահերից է բխում, որ որևէ բախում չլինի:
– Իսկ Ռոբերտ Քոչարյանը հեշտությա՞մբ կընդունի, եթե պարտվի:
– Եթե ընտրությունները չկեղծվեն, իսկ դրանք չեն կեղծվի, կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն էլ չի գնա բախման, այլ կփորձի ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալել ու այդ կերպ հակազդել Նիկոլ Փաշինյանին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am