Ստեղծվել է Վլադիլեն Բալյանի հուղարկավորության հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հուղարկավորության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Որոշման մեջ մասնավորապես նշված է.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկությունհանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա: Անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարական և ստեղծագործական բաժիններում, ղեկավարել է կրթական ու ստեղծագործական տարբեր հաստատություններ: 1964-1966 թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը, 1966 թ․ ստեղծել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը և մինչև 1972 թ․ եղել է տնօրենը: 1981-1986 թթ․ եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Վլադիլեն Բալյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային: Նրա ամենահայտնի գործերից են «Հազարան բլբուլ» բալետային սյուիտը, «Ամբոխները խելագարված» պոետորիան, «Իմ Հայաստան» պոեմըձայնի և ժողովրդական գործիքների անսամբլի համար, «Սիրո անհուն առեղծվածը» կամերային օպերան և բազմաթիվ այլ գործեր: Անվանի կոմպոզիտորը բազմաթիվ սիրված երգերի հեղինակ է «Սերս գաղտնի թող մնա», «Գյումրի-Լենինական», «Տարիներ հետո», «Սիրո երգ», «Մայրս փոքրիկ» և բազմաթիվ այլճանաչում գտած երգեր իրենց ուրույն տեղն ունեն երգիչ-կատարողների երգացանկերում: Սիրված կոմպոզիտորը Հայաստանի կոմպոզիտորների, ժուռնալիստների, Մոսկվայի հայերի միության անդամ էր, 2001 թվականից անդամակցում էր Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիային, «Հայաստան-Լիբանան» կազմակերպության նախագահն էր: Վլադիլեն Բալյանը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, 2002 թ․ պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով, իսկ 2010 թվականին ՀՀ մշակույթի նախարարության ոսկե հուշամեդալով:

Կոմպոզիտորի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 18.00-20.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում: Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա օգոստոսի 31-ին՝ ժամը 12.00-ից 14.00-ն: Անվանի կոմպոզիտորի աճյունը կամփոփվի Քաղաքային գերեզմանատան կենտրոնական պանթեոնում՝ (գաջի գործարանի հարևանությամբ):

Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։