Ալիևը Պուտինին հարվածում է Էրդողանի ցուցումով. Քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ալիեւը չէր գնա Պուտինի դեմ այդպիսի ցինիկ դեմարշի, եթե չունենար ավելի ուժեղ աջակցություն: Հասկանալի է, աջակցություն իր ղեկավարից՝ Էրդողանից: Ըստ այդմ, կարծում եմ, եթե խոսքը Պուտինի հետ համատեղ խաղի մասին չէ, որտեղ Ալիեւի ձեռքով է հարվածի արժանանում Փաշինյանը, ուրեմն Ալիեւը Պուտինին հարվածում է Էրդողանի ցուցումով:

Հատկանշական է, որ գերիների հարցում իրավիճակը փոխվում է այսպես ասած վերջին պահին, իսկ Պուտին-Փաշինյան եւ Պուտին-Ալիեւ շփումները ընթանում են Անկարայում Էրդողան-ԵՄ ղեկավարություն շփմանն ու սկանդալային պատմությանը զուգահեռ:

Արդյո՞ք Պուտինին հաջողվել էր Փաշինյանի ու Ալիեւի հետ շփումներով հասնել մի պայմանավորվածության, որին վերջին պահին միջամտել է Էրդողանը: Չունենալով ստույգ տեղեկատվություն այդ դերակատարների քայլերի մոտիվի մասին, մենք իհարկե կարող ենք դիտարկել միայն հնարավոր վարկածներ:

Այդ թվում եւ այն, որ Կովկասում Պուտինի համար ստեղծելով խնդիր, Էրդողանը կարող է ակնկալել այլ ուղղություններում նրանից կորզել իր խնդիրները լուծելու հարցում որոշակի քայլեր: Իսկ այստեղ թարմ ուղղությունը լարվող Ուկրաինան է, օրինակ:

Իսկ որքանով է իրատեսական Պուտին-Ալիեւ հարվածը Փաշինյանին: Տեսականում բացառված չէ ոչինչ, բայց արդյո՞ք այդտեղ կա այնքան կարեւոր մի խնդիր, մի հարց, որ Պուտինը անգամ իր հեղինակության հաշվին կգնա այդպիսի քայլի:

Չեմ տեսնում դրա ռացիոնալ անհրաժեշտությունը, որովհետեւ ՌԴ նախագահն այդ իմաստով չունի լծակի պակաս: Այլ հարց է, որ ավելի լայն մոտիվացիայով ստեղծված իրավիճակը թե ռուսաստանյան, թե Հայաստանի տնտեսա-քաղաքական շրջանակներ փորձեն օգտագործել Փաշինյանի դեմ իրենց պայքարում»: