«Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարի ԵՄ համաձայնագրից բխող քաղաքական բարեփոխումները». Արմեն Բադալյան

«Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարի ԵՄ համաձայնագրից բխող քաղաքական բարեփոխումները». Արմեն Բադալյան
«Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարի ԵՄ համաձայնագրից բխող քաղաքական բարեփոխումները». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

– Պարո՛ն Բադալյան, կան տեսակետներ, որ Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիրն ստորագրելով՝ Սերժ Սարգսյանը պարզապես ցանկանում է լուծել 2018 թվականին իր իշխանության շարունակականության հարցը: Ի՞նչ կապ եք տեսնում այս գործընթացների միջև:

– Եվրամիության հետ կնքված համաձայնագրի ու 2018 թվականի ապրիլից հետո Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացի միջև ոչ մի ընդհանուր բան չեմ կարող գտնել: Այսինքն՝ անկախ նրանից, Հայաստանի իշխանությունները կստորագրեի՞ն այդ համաձայնագիրը, թե՞ ոչ, ՀՀ իշխանությունների ձևավորման գործընթացը, այսինքն` թե ով է լինելու վարչապետը, այսպես թե այնպես որոշվելու է աշխարհաքաղաքական կենտրոնների համաձայնությամբ կամ միմյանց հակադրվելով: Աշխարհաքաղաքական ուժեր ասելով՝ նկատի ունեմ Ռուսաստանը և Արևմուտքը:

Երկրորդ` չի կարելի նույնականացնել համաձայնագրի կնքման գործընթացը և 2018 թվականի ապրիլից հետո իշխանությունների ձևավորման գործընթացը: Սրանք տարբեր գործընթացներ են, մեկը մյուսից չի բխում: Այսինքն՝ եթե գործող նախագահը ստորագրեց համաձայնագիրը, դա չի նշանակում, որ նա Եվրամիությունից անպայման դրսից կստանա վարչապետ դառնալու լեգիտիմությունը: Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ այս կամ այն երկրի ղեկավարը շատ լավ համաձայնագրեր է կնքել Եվրամիության այս կամ այն անդամ երկրի հետ, սակայն կարճ ժամանակ անց հենց նույն Եվրամիության երկրի կողմից ենթարկվել է բռնությունների: Դրա լավագույն օրինակը Լիբիան է, երբ դրա ղեկավար Քադդաֆին բավական մեծ շուքով ընդունելության արժանացավ Փարիզում, բայց կարճ ժամանակ անց այդ նույն ֆրանսիական ռազմական ինքնաթիռները ռմբակոծում էին Քադդաֆիի ավտոմեքենաների շարասյունը:

– Հանրության մոտ իր վարկը բարձրացնելու համար Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր նման քայլի գնալ:

– Հանրության մոտ վարկանիշ բարձրացնելու որևէ խնդիր չկա, որովհետև Հայաստանում հանրությունը ոչինչ չի որոշում: Ընտրություններն անցնել են, նախագահի ընտրարշավ այլևս գոյություն չունի: Առավել ևս, որ Հայաստանում ոչ թե ընտրություններ, այլ ընտրական միջոցառումներ են անցկացվում, որոնց ժամանակ գումարներ են բաժանվում: Այսինքն՝ հանրության մոտ վարկանիշ բարձրացնելու խնդիր իշխանություններն ընդհանրապես չունեն: Կան տեսակետներ, որ Սերժ Սարգսյանը ստորագրեց այս համաձայնագիրը և միակ գործիչն է, ում հետ Եվրամիությունը կարող է գործունեություն իրականացնել: Ասում են, թե իբր Սերժ Սարգսյանն ստացավ Եվրամիության լեգիտիմությունը: Բայց այս գործոնները միմյանցից չեն բխում. Եվրամիությունը շատ հանգիստ կարող է գործող նախագահի հետ կնքել այդ համաձայնագիրը, բայց ապրիլին այլ քաղաքական գործչի վրա խաղադրույք կատարել:

– ՀՀԿ-ն իր ձեռքբերումն է համարում այս համաձայնագրի կնքումը, ՀՀԿ-ական գործիչները հայտարարում են, թե Սերժ Սարգսյանն է այն գործիչը, որի օրոք «և՛-և՛»-ի քաղաքականություն է իրագործվում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

– Սա բացարձակապես ՀՀԿ հաղթանակի հետ ոչ մի կապ չունի: Սա Եվրամիության դիվանագիտության հաղթանակն է, որովհետև Եվրամիությունը նպատակ ունի Հարավային Կովկասում տարածելու իր ազդեցությունը: Հարավային Կովկասում նրանց համար ամենաբարդ հարցը Հայաստանն է, որովհետև Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, և ռուսական կապիտալն այստեղ բավական ներկայացված է:

Եվրամիությունը 2013 թվականին փորձեց ճակատային գրոհով վերցնել Հայաստանը` չհաջողեց, որովհետև Ռուսաստանն այդ գործընթացը կանխեց: Այն ժամանակ գործող նախագահը ենթարկվեց Ռուսաստանի իշխանությունների ճնշմանն ու մեկ գիշերվա մեջ փոխեց իր որոշումը: Եվ դրանից հետո Եվրամիությունը փոխեց իր մեթոդաբանությունը, այսինքն՝ փորձեց արդեն ոչ թե գրոհով վերցնել Հայաստանը, այլ քաղաքական մասով վերցնել:

Այսինքն՝ փորձեց իրեն միավորել Հայաստանի քաղաքական համակարգի հետ և դրա միջոցով ազդել տնտեսության վրա: Նախորդ դեպքում հակառակն էր` Եվրամիությունը փորձում էր սկզբում տնտեսությունը վերցնել, միավորել իրեն ու դարձնել ժողովրդավար՝ դրանով ազդելով քաղաքական համակարգի վրա: Հետևաբար, կարող ենք ասել, Եվրամիությունը հիմա հասել է այն նպատակին, որը 2013-ին դրել էր: Դրա համար էլ սա հենց Եվրամիության հաղթանակն է:

Երկրորդ` սա «և՛-և՛»-ի քաղաքականություն չէ: «Այն դեպքում կլիներ «և՛-և՛», երբ Հայաստանը, մնալով միայն որպես ՀԱՊԿ-ի անդամ, չլիներ ԵԱՏՄ-ի անդամ և Եվրամիության հետ կնքեր Ասոցացման համաձայնագիր, եթե ոչ տնտեսական, ապա գոնե քաղաքական մասով: Այսինքն՝ լիներ համագործակցություն ՀԱՊԿ-ի հետ, բայց քաղաքական ինտեգրումը` Եվրամիության հետ:

– Այս փուլում շատ է հնչում նաև հարցը, թե ինչո՞ւ այս անգամ Ռուսաստանը չխոչընդոտեց Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը:

– Որովհետև Ռուսաստանը տեսավ, որ այս համաձայնագրում տնտեսական կետեր չկան: Տարբեր պատճառներ կան. առաջինն այն է, որ սա տնտեսական փաստաթուղթ չէ, քաղաքական է, և Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարի ԵՄ համաձայնագրից բխող քաղաքական բարեփոխումները, որի արդյունքում կարող է նաև ժողովրդավարական դառնալ տնտեսությունը: Նրանք հույս ունեն, որ Հայաստանը կձախողի: Ասում են՝ գնա ստորագրիր, միևնույն է, դու անողը չես: Բայց Ռուսաստանն այս հարցում սխալվում է, որովհետև Եվրամիությունը կստիպի, որ Հայաստանը կատարի այդ համաձայնագիրը: Որքան Ռուսաստանը կարող է ստիպել Հայաստանի իշխանություններին, հավասարաչափ ճնշման լծակ ունի արդեն Եվրամիությունը:

Երկրորդ` եթե Ռուսաստանը փորձեր երկրորդ անգամ ճնշել, որ Հայաստանը հետ կանգներ այս համաձայնագրից, դա նշանակում էր նախադեպ ստեղծել Արևմուտքի համար. եթե Ռուսաստանը կարող է ճնշել ու հասնել իր ուզածին, ճնշումների կարող է ենթարկել նաև Արևմուտքն ու հասնել իր ուզածին:

Երրորդ` երկրորդ անգամ ճնշումը խիստ բացասական ռեակցիա կարող էր առաջացնել Հայաստանի հասարակության շրջանում: Իսկ եթե դրան գումարենք այն, որ ռուսական զենքի միջոցով տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, Ադրբեջանին վաճառվող զենքով սպանվեցին մեր զինվորները, և Արևմուտքը սա կարող էր շատ լավ խաղարկել, ապա Ռուսաստանն ի դեմս հայ հասարակության ձեռք կբերեր լրացուցիչ թշնամիներ: Ուղղակի այս անգամ Ռուսաստանը փորձեց խուսափել, առավել ևս, որ Ռուսաստանը չի փորձում Եվրամիությանը ևս մեկ անգամ հակադրվել՝ կապված պատժամիջոցների հետ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am