Վրաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի համար բանակցությունների հարթակ լինել․ Դարչիաշվիլի

Վրաստանի արտաքին գործերի նախարարի թեկնածու Իլիա Դարչիաշվիլին խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ Թբիլիսին ցանկանում է և պատրաստ է հարթակ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դարչիաշվիլիի խոսքերը մեջբերել է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

«Տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման առումով Վրաստանը կարևոր քայլ է կատարել «Խաղաղ հարևանություն» նախաձեռնության մեկնարկով։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր մասնակցությունն այս ուղղությամբ՝ մեր հարևան երկրների կարիքներին համապատասխան։ Մենք ցանկանում ենք, որ Թբիլիսին մեր հարևանների համար ապագայում դառնա մի վայր, որտեղ նրանք կկարողանան  քննարկել արդիական թեմաներ, որոնք կնպաստեն երկրների միջև վստահության ձևավորմանը»,- նշել է Դարչիաշվիլին։

Խորհրդարանում ելույթի ժամանակ նախարարի թեկնածուն նշել է նաև այն, որ Վրաստանի ղեկավարությունը տարածաշրջանում խաղաղության և կայունությանը նպաստելու համար կարևոր քայլեր է ձեռնարկել, որպեսզի Թբիլիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարթակ դառնա՝ հավելելով նաև որ Վրաստանի կառավարությունը նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի ղեկավարության ընթացքում ևս մտադիր է շարունակել աշխատանքը համաշխարհային հարթակում Հարավային Կովկասի դերի բարձրացման ուղղությամբ։

Նա ընդգծել է, որ, չնայած տարածաշրջանի բարդ իրավիճակին, Վրաստանը շարունակել է իր հավասարակշռված քաղաքականությունը և բազմիցս նպաստել է Հայաստանի և Ադրբեջանի շփմանը։

Դարչիաշվիլին համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման նպատակով Վրաստանը մտադիր է պահպանել և ավելի խորացնել երկկողմ ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի հետ։ 

2021 թվականի վերջին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախաձեռնել էր «Խաղաղ հարևանության նախաձեռնությունը» և առաջարկել Ադրբեջանին և Հայաստանին ստեղծել տարածաշրջանային հարթակ կողմերի միջև ոչ պաշտոնական երկխոսության համար։ 2022 թվականի հուլիսին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։