«Պետության զավթման մասով քաղաքական գնահատական չտալու հետևանքով են տեղի ունենում կադրային փոփոխությունները». Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

– Պարո՛ն Սաքունց, ինչպե՞ս եք գնահատում ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունը։ Արդյոք սա խոսում է այդ ոլորտների վատ կառավարմա՞ն մասին։

– Անկախ այն բանից, ուժային կառույցների ղեկավար կլինեն, թե ոչ ուժային, կադրային փոփոխություններն անխուսափելի են, որովհետև հեղափոխությունից հետո անցումային ժամանակահատվածում ենք գտնվում և մի համակարգից բովանդակային առումով պետք է անցում կատարենք ժողովրդավարական կառավարման համակարգի։ Բնականաբար, իշխող քաղաքական ուժի կադրային բանկը սուղ է, չի ձևավորված և չէր էլ կարող ձևավորվել օբյեկտիվ պատճառներով, որովհետև հեղափոխությունը պլանավորված չի լինում, որ ծրագրված իրականացնես ու մինչ այդ զուգահեռաբար ունենաս պատրաստի կադրեր։ Մյուս կողմից էլ՝ լուծվելիք խնդիրների բնույթը, իհարկե, դրանց ծավալը պահանջում են անընդհատ նոր մոտեցումներ։ Ուղղակի այստեղ հարցն այն է, որ մի կողմից փոփոխություններից չես կարող խուսափել, մյուս կողմից էլ՝ որևէ կերպ չպետք է պայմանավորես, թե արդյոք այդ փոխված կադրերը կարող են ինչ-որ քաղաքականության մեջ ներգրավվելով ինչ-որ խնդիրներ առաջացնել։ Մեկ-երկու հոգին, լինի ոստիկանապետը թե ԱԱԾ տնօրենը, չեն կարող զրոյից եղանակ ստեղծել։

Ավելի կարևոր խնդիր կա, որ էլի կարող են այդ ծառայությունների նշանակվելիք ղեկավարները փոխվել, և դրա պատճառը, իմ համոզմամբ, այդ ծառայությունների բովանդակության, լիազորությունների շրջանակի փոփոխությունն է, որը պետք է արվի, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է պահանջվում։ Հիմա մենք պաշտոնանկությունների պատճառները չգիտենք, թե ի՛նչ հիմնավորմամբ են այդ մարդիկ հեռացել։ Ուղղակի լրատվական հոսքում կան տարբեր մեկնաբանություններ, արձագանքներ, և դրանք բոլորը միտված են մի բանի, որ վարչապետը դժգոհ է եղել այդ մարդկանց աշխատանքից, բայց թե ինչո՛ւ, ի՛նչ խնդիրներով է դա պայմանավորված, չգիտենք։ Եթե նրանք ներգրավվելու են քաղաքական դաշտում և որպես զուտ անձեր հանդես գան, ոչ առաջինն են, ոչ վերջինը։ Իսկ թե ի՛նչ սկզբունքներով, ի՛նչ գաղափարներով ու արժեքներով են հանդես գալու, թե էլի հերթական անգամ անձնավորված ինչ-որ քաղաքական ուժ են ներկայացնելու, դա, կարծում եմ՝ որևէ հեռանկար չունեցող է, որովհետև հիմա քաղաքական դաշտի ձևավորման շրջանում ենք գտնվում, բայց անձնակենտրոն քաղաքական ուժը կամ կառույցները ապագա չունեն։ Գուցե իսկապես ինչ-որ սկզբունքների, արժեքների վրա են ձևավորվում, ես չգիտեմ։

– Իսկ այն քննարկումները, թե այս պաշտոնանկությունները կարող են բերել երկրում անկայունության, չափազանցվա՞ծ են։

– Սրանք ենթադրյալ մտահոգություններ են, թե իբր այդ և այլ մարդկանց պաշտոններից հեռացնելը կարող է բերել անկայունության կամ որևէ այլ անվստահելի իրավիճակի, դա որևէ հիմք չունի, որովհետև քաղաքական մեծամասնություն կա ԱԺ-ում, իսկ գործադիր իշխանությունում այդպիսի կադրային փոփոխությունները, եթե դրանք քաղաքական հետևանքներ ունեն, դրանց հետ կարող ենք գործ ունենալ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե մինչ այդ հասցնեն ինչ-որ քաղաքական ուժեր ձևավորվել և հայտ ներկայացնել։

– Եթե կադրային փոփոխությունները շարունակական լինեն, դա ինչի՞ մասին կվկայի։ Մի կողմից հայտարարվում է, որ նրանք չեն արդարացրել իրենց, մյուս կողմից՝ չկա համակարգային մոտեցում, սայլը տեղից չի շարժվում։ Նաև նշվում է, որ անվստահություն կա ուժայինների նկատմամբ, որտեղի՞ց է գալիս այդ անվստահությունը։

– Սայլը շատ դանդաղ է տեղից շարժվում։ Մենք ակնկալում ենք, որ խնդիրներն ավելի կարճ ժամանակում պետք է լուծվեն, ինչը տեղի չի ունենում։ Բայց ես տեղյակ եմ, օրինակ, որ ոստիկանության ռազմավարության հայեցակարգ է մշակված, ԱԱԾ-ի մասով չեղյակ չեմ։ Իհարկե կարիք կա ինստիտուցիոնալ փոփոխությունների, խոսքը իրավապահ մարմինների ձևավորման, խորհրդարանական վերահսկողության սահմանման, գործառույթների հստակեցման, պետական այլ մարմինների հետ աշխատանքների հստակեցման մասին է։ Մասնավորապես, ԱԱԾ-ից քննչական գործառույթները հանելու մասին է։

Չեն հստակեցված, թե ինչ բնույթի են լինելու այդ սահմանադրական փոփոխությունները։ Իսկ դանդաղության հետ կապված ես արդեն նշեցի կադրային բանկի ձևավորման խնդիրները, մյուս կողմից՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ նոր է որպես թիմ ձևավորվում, և աշնանային նստաշրջանից առաջ կարող ենք արձանագրել, որ առանձին օրենսդրական նախաձեռնություններ տեղի են ունենում։ Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքի վերաբերյալ փոփոխություններ են մշակվում, արդարադատության նախարարությունն է բավական լուրջ ռազմավարական փաստաթղթեր մշակել ու շրջանառության մեջ դրել։ Այսինքն՝ աշխատանքի պարարտ հող կա։ Իհարկե մենք ակնկալում էինք, որ քաղաքական գնահատական տրվեր պետության զավթման հետ կապված, բայց դրա շուրջ էլ դիսկուսիա է գնում։ Չկա մի հարց, որ չի քննարկվում, բայց կարևորն այն է, որ դրանք դանդաղ են ընթանում, և վերջնական դիրքորոշումների մասին մենք չենք իմանում։

– Իսկ ինչո՞ւ չի տրվում քաղաքական գնահատական։

– Իմ համոզմամբ, հենց քաղաքական գնահատական չտալու հետևանքով է, որ տեղի են ունենալու այդ կադրային փոփոխությունները։ Եթե տրվի քաղաքական գնահատական, նաև դրանով կամրագրվեն այն պահանջները, որ ներկայացվելու են այն պետական մարմիններին, որոնք անմիջականորեն օգտագործվել են պետության զավթման համար և այդ զավթման գործիքներ են հանդիսացել։ Այս առումով դեռ կան ոչ պատշաճ ընկալումներ, բայց կյանքը ստիպելու է, որ այդ գնահատականները տրվեն։ Դրանով ոչ թե մեկընդմիշտ մերժվում է և դրա նշանակությունը չի կարևորվում, այլ քանի որ գործընթացի տրամաբանությունն ուղղված է փոփոխություններ կատարելուն, այստեղ ուղղակի սուբյեկտիվ գործոններն այդ փոփոխությունների ապահովման երաշխիքների տեսանկյունից, որպիսիք ես համարում եմ նաև պետության զավթմանը քաղաքական գնահատական տալը, անցումային արդարադատություն իրականացնելը, սահմանադրական փոփոխությունների անցկացումը իշխանության թևերի տարանջատման և փոխզսպման սկզբունքների տեսանկյունից՝ սրանք են մի փոքր դանդաղում։

Բայց քանի որ այդ փոփոխությունները կատարելու կամքն առկա է, եթե նույնիսկ մի քիչ ուշ են կատարվելու, անպայման կատարվելու են։ Շատ կարևոր է, որ մենք տուրք չտանք մյուս ծայրահեղությանը, որ եթե հիմա չի արվում, նշանակում է ընդհանրապես ցանկություն չկա անելու։ Այս մեկ տարվա փորձը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ մի մասի մոտ չկար ընկալում, որ պետք է անցումային արդարադատություն իրականացվի, այսօր այդ ընկալումն արդեն կա։ Նույնը վերաբերում է դատական իշխանությանը. մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ այս ոլորտում ևս գործողությունները համարժեք չէին, բայց մենք կոնկրետ իրավիճակներում տեսանք, որ ոչ թե հրաժարվում են այդ փոփոխությունները կատարելուց, այդ փոփոխությունները կատարում են, ուղղակի այստեղ համակարգային մոտեցման չձևավորվածության պայմաններում իրապես հատային են լուծումները։ Բայց կարծես անխուսափելի է այդ հատային լուծումների մակարդակից անցումը համակարգային մոտեցման։ Մենք ունենք մի իրավիճակ, որ մեքենան, որը բարվոք չէ, միաժամանակ հընթացս վերանորոգման է ենթարկվում։ Դա բավական դժվար պրոցես է, բայց, իմ համոզմամբ,պետք է ինչ-որ պահի ուղղակի կանգնեցնել մեքենան և փոխել այն, նոր մեքենայով առաջ շարժվել։ Հընթացս մեքենան վերանորոգելու մեթոդը բավական դժվարացնում է աշխատանքը։ Փոփոխությունների տրամաբանությունը թելադրում է, որ պետք է ընդհանրապես մեքենան փոխվի, ոչ թե զբաղվել մեքենայի բարեկարգմամբ։

Մանե Հարությունյան

MediaLab.am