«Աննկարագրելի զգացողություն է, չէի պատկերացնում, որ էդքան մարդ կարող էր կանգնել իմ կողքին». Ֆեյսբուքից Ալավերդի՝ մի գրառման պատմություն

Երբ նոյեմբերի 25-ին Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց Ալավերդիում դժվար կացության մեջ հայտնված միայնակ մոր և երկու դուստրերի աջակցության մասին, չէր էլ պատկերացնում, թե իր նախաձեռնությունը ինչ մեծ արձագանք կգտնի: 

«Անկեղծ ասած, չէի սպասում, բայց հաջողությունը եկավ։ Երևի էդ ընտանիքից էր»,- «Մեդիալաբին» ոգևորված ասում է մասնագիտությամբ լրագրող, «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը:

Արման Ղարիբյանը միայնակ մոր՝ Նոնա Ղազարյանի և երկու անչափահաս դուստրերի համար տուն գնելու նպատակով դրամահավաք կազմակերպելու համար Ֆեյսբուքի իր էջում գրառում արեց. ընտանիքը վարձով էր ապրում և տան վարձը վճարելու խնդիր ուներ։

Արմանն ասում է՝ սկզբում երկմտում էր դրամահավաք կազմակերպելու հարցում, քանի որ կարծում էր, թե մարդիկ հոգնած կլինեին պատերազմից հետո բազմաթիվ հանրային դրամահավաքներին մասնակցելուց, սակայն ոչ միայն Ֆեյսբուքի իր ընկերները, այլև ոչ ընկերները ջերմ ու պատրաստակամ արձագանքեցին։

«Ինձ ոչինչ չէր մնում անել, քան ուղղակի արագ կազմակերպել փոխանցումները, որ հարթ և արագ ընթանան, և տուն արագ գտնենք»,- «Մեդիալաբին» ասում է նա։

Արմանը պատմում է, որ դրամահավաքի գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ երկու անչափահաս երեխաների մայրը՝ Նոնա Ղազարյանը, որին ճանաչում է մոտ 6 տարի, զանգահարել էր և ասել, որ վարձով տունը թանկացրել են, և իր համար դժվար է դա վճարելը։ 

«Նոնան աշխատում է, բայց կայուն աշխատանք չէ, կայուն եկամուտ չէ, երեխաների համար փոքր գումար է ստանում որպես նպաստ, և իրենց համար նույնիսկ 5000 դրամով տան վարձը թանկանալը շատ զգալի էր: Խոսքի մեջ նաև ասաց, որ իրենց քաղաքում տուն է վաճառվում, որն արժի 3000 դոլար։ 

Ես շատ զարմացա, մանավանդ գիտենք հիմա անշարժ գույքի գները Երևանում, կենտրոնում բնակարան կա, որ միայն մեկ ամսվա վարձն է 3000 դոլար։ Մտածեցի՝ գուցե հնարավոր է գնել, եթե այդքան էժան է»,- ասում է Արմանն ու նշում, որ որոշեց Ֆեյսբուքում այդ մասին գրել՝ ակնկալիքով, որ գուցե մարդիկ արձագանքեն։

«3000 դոլարը 1․5 միլիոն էլ չէր անում, մտածեցի, որ եթե ընդամենը 150 մարդ 10 հազար դրամ տա, փաստորեն էդ ընտանիքը տուն կունենա։ Էսօր ամեն ինչ թանկացել է, դու կարող է Երևանում մի սրճարանում նստես, էդ 10․000 դրամ նստի, և ես մտածեցի, կոպիտ ասած, երևանցիների համար էդ մեծ գումար չի, բայց եթե դու քեզ համար ոչ մեծ գումարը տալով երեխաների համար բնակարան գնես, դա ուղղակի հրաշալի է»,- պատմում է Արմանը:

Գրառումն անսպասելիորեն մեծ արձագանք գտավ, մեկը մյուսին հաջորդող «+» նշանները՝ նախաձեռնությանը միանալու համար հաշված ժամերի ընթացքում բազմապատկվեցին: Արման Ղարիբյանի խոսքով՝ մոտ 200 մարդ է նվիրատվություն կատարել, ընդհանուր հավաքվել է 2.568.000 դրամ: 

«Ես այսօր շատ հուզված եմ, Նոնան՝ էլ ավելի։ Վերջապես գործարքը կատարված է։ Երկու հայ երեխաներ, որոնք ծնված օրից վարձով տներում են ապրել, ձեր նվիրատվությունների շնորհիվ տուն ունեն»,- գրառումից մոտ մեկ ամիս անց ֆեյսբուքյան հանրույթի բարեգործության մասնակցություն ունեցողներին բարի լուր է հայտնել Արման Ղարիբյանը:

Բնակարանը գնել են 2.015.000 դրամով: Արմանն ասում է՝ ավելացված գումարով հնարավոր կլինի մի քանի կենսական հարցեր լուծել, օրինակ՝ գազիֆիկացման, գույք ձեռք բերելու, ջրի խողովակները փոխելու, քիչ թե շատ կենցաղային տարրական հարմարություններ ստեղծելու: 

Արմանը պատմում է, որ 2016-ին «Լոռի ԹիՎի»-ի մի ռեպորտաժից է տեղեկացել մոր և երեխաների մասին։ Ասում է՝ տեսանյութը հուզել էր նրան, քանի որ կինը, որը նոր էր երեխա ունեցել, ամուսնալուծվել էր և գնացել Վանաձորի քաղաքապետարան վառելափայտ խնդրելու։

«Պատահաբար ստացվեց, որ օրեր անց ես Վանաձորում էի, գնացել էի հենց կանանց իրավունքների թեմայով դասընթաց վարելու, և քանի որ ինձ հոնորար էին տվել դասընթացի համար, ուզեցի էդ գումարը էդ ընտանիքին տալ: Գումարը տալիս իր պատմությունն իմացա, որ նախկին ամուսնու կողմից բռնության է ենթարկվել, և գրեցի այդ մասին։ Հետո լավ կապ ստեղծվեց, առիթից առիթ հագուստ և փոքր գումարներ ենք ուղարկել իմ և ընկերներիս միջոցով»,- ասում է Արմանը։

Արմանը նշում է, որ օրեր առաջ, երբ Ալավերդիում էին տան առուվաճառքի գործարքի համար, քաղաքացիները որ իմանում էին՝ Նոնայի համար են բնակարան գնում, շատ դրական էին արձագանքում։

«Նոնան հույսը չի դրել միայն իմ կամ հասարակության վրա։ Ինքը շատ աշխատող է, իր երեխաներին նվիրված։ Ալավերդիում նրան բոլորը ճանաչում են, որ իմանում էին՝ իր համար ենք տուն առնում, ասում էին՝ արժանի է, լավ անուն ունի քաղաքում՝ որպես լավ մայր, լավ ծնող»։

Նոր տունը 63․7 քմ է։ Արման Ղարիբյանի խոսքով՝ արևակող է, լուսավոր, սակայն հին վերանորոգված, բայց քանի որ 20 տարի բնակեցված չի եղել, շատ վնասված չէ։

Նոնա Ղազարյանը, որն արդեն երեխաների հետ իր անկյունն ունի, դժվարանում է նկարագրել իր զգացողությունները, ասում է՝ անբացատրելի են ապրումները․ 

«Աննկարագրելի զգացողություն է, ես չէի կարա պատկերացնել, որ էդքան մարդ կարող է կանգնել իմ կողքին»,- հուզմունքով ասում է կինը։

Նոնան ասում է՝ այն գումարը, որ պետք է տան վարձին տար, հիմա կներդնի իր տան վրա, քիչ-քիչ կավելացնի այն, ինչ պակասում է։

«Սկզբում 15 հազար դրամ էի վարձ տալիս, հետո տանտերը 5000 դրամով վարձն ավելացրեց: 31 հազար դրամ նպաստով ոչ մեկը չի կարա էրկու էրեխա պահի։ Ճիշտ ա, աշխատում եմ, օրը 1500 դրամով, բայց օրեր են լինում, որ չեմ աշխատում։ 

Հիմա գործ չկա, փակվել ա, ռեստորանները փակ են, մատուցող եմ աշխատում, հարսանիքներին, մեծ ծնունդներին մատուցում եմ, բայց էդ ամեն անգամ չի։ Ամսվա մեջ 2-3 անգամ հարսանիք ա։ 20․000 դրամն էսօր իմ համար մեծ գումար է։ 

Ու, փառք Աստծո, տունը ստացվեց։ Տանը լիքը գործ կա անելու, բայց գիտեմ՝ իմն ա, քիչ-քիչ կանենք»,- հուզմունքով ասում է Նոնան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am