Մոսկվան ու Երևանը շուտով փաստաթուղթ կստորագրեն, որը կերաշխավորի ՀՀ-ում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը. Սերգեյ Լավրով

Մոսկվան ու Երևանը շուտով փաստաթուղթ են ստորագրելու, որը կերաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը: Ըստ Factor.am-ի , ուղիղ եթերում պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ընթերցողների հարցերին՝ այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Պատրաստվում է համաձայնագիր, որը կերաշխավորի, որ Հայաստանում օտարերկրյա զինվորականներ չեն լինի, և որ այնտեղ տեղի ունեցող ամեն ինչ թափանցիկ կլինի՝ առանց որևէ սպառնալիքի և վտանգի»,- ըստ աղբյուրի, ասել է Լավրովը:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու է Մոսկվան թույլ տվել, որ իր ռազմավական գործընկեր Հայաստանում ամերիկյան ներդրումներով բիոլաբորատորիաներ բացվեն, Սերգեյ Լավրովը պատասխանել է, որ նման լաբորատորիաներ կան և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում, և՛ Ղազախստանում, և՛ Ուզբեկստանում, և՛ Ուկրաինայում ու այլ երկրներում:

«Մենք այդ հարցի շուրջ խոսել ենք Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի հետ: Վրացիներն արդեն մեզ հրավիրել են՝ ծանոթանալու այդ բիոլաբորատորիաներին, հասկանալու համար, թե դրանք որքանով են վտանգավոր Ռուսաստանի և հարևան երկրների համար»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։