Բաքվի բանտում պահվող Լյուդվիգ Մկրտչյանը հունիսի 19-ից ի վեր չի կարողացել խոսել կնոջ՝ Հրանուշ Շահբազյանի հետ։ Այս մասին ահազանգում է Մկրտչյանի փաստաբան, SOAR-ի ղեկավար Լուսիանա Մինասյանը՝ նշելով, որ վերջին հեռախոսազանգի ժամանակ Մկրտչյանը հայտնել էր ծանր թուլության և ուշաթափության մասին։
Մինասյանը հրապարակային դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային՝ պահանջելով անհապաղ թույլ տալ, որ Լյուդվիգ Մկրտչյանը զանգահարի կնոջը։ Ուղերձում ասվում է.
«Նրան ուղարկել են սրտաբանական հետազոտության… և հետո՝ ոչինչ։ Ոչ մի ախտորոշում։ Ոչ մի բացատրություն։ Եվ դրանից հետո՝ լիակատար լռություն։ Նա 56-ամյա տղամարդն արդեն վեց տարի է՝ Բաքվի բանտում է»,-գրել է փաստաբանն ու նշել, որ վերջին բժշկական հետազոտություններն ահազանգում են վտանգի մասին։
Լուսիանա Մինասյանի խոսքով, նրա իրավիճակը գնալով վատացել է, նրա ընտանիքը անորոշության մեջ է, ոչ մի զանգ չկա։
«Մի զանգը չի ազատ նրան, չի բուժի նրան, բայց դա հնարավորություն կտա կնոջը լսել, արդյոք իր ամուսինը ո՞ղջ է, գիտակցություն ունի՞։ Դա առնվազն մարդկային արժանապատվություն է»,-մանրամասնել է նա։
Փաստաբանը հրապարակային կերպով դիմել է Ադրբեջանի իշխանություններին, Ադրբեջանի նախագահին՝ խնդրելով թույլ տալ, որ Լյուդվիգ Մկրտչյանն անհապաղ զանգի կնոջը։
«Էլ ոչ մի լռություն, ոչ մի անորոշություն, մեկ զանգ, հիմա»,-գրել է Լուսիանա Մինասյանը։



















