Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով արդյունք չունենք, որովհետև 2018-ին տեղի է ունեցել իշխանափոխություն, ոչ թե հեղափոխություն. Վարդան Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

– Պարո՛ն Հարությունյան, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և իր ընտանիքին պատկանող գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով ի՞նչ ակնկալիքներ ունեիք 2018 թվականից հետո, և ի՞նչ պատկեր ունենք այժմ:

– Կոնկրետ դեպքի մասով մանրամասներ չգիտեմ, սպասենք ընթացքին, բայց պետք է շատ կարճ ասեմ հետևյալը. տարիներ շարունակ մեր աչքի առաջ է գոյացել այդ ապօրինի գույքը, ու հանրությունը միշտ հույս է ունեցել, թե կգա մի օր, երբ ապօրինի գույքի համար մարդիկ պետք է պատասխան տան՝ կա՛մ այդ գույքը վերադարձնեն, կա՛մ փոխհատուցեն պետությանը: 2018 թվականից հետո անընդհատ այդ մասին խոսվում է, բայց առարկայական ոչինչ կամ լուրջ արդյունք չենք տեսնում: Թե ինչ կլինի ապագայում՝ չեմ կարող ասել, բայց պետք է արդեն ինչ-որ բան եղած լիներ:

Փաստորեն, 2018 թվականից հետո մեծ սպասելիքնե՞ր եք ունեցել այդ առումով:

– Այո՛, սպասելիքները շատ մեծ էին, ոչ միայն այս բնագավառում, բայց բոլոր բնագավառներում միայն տապալումներ ենք արձանագրում, իսկ այսօր մեծ հույսեր ու սպասելիքներ չունենք, մեզ անընդհատ կերակրում են խոստումներով, թե ինչ կլինի հետագայում՝ ասել չեմ կարող:

– Պարո՛ն Հարությունյան, իսկ ինչո՞ւ հեղափոխությունից հետո այս առումով մենք էական արդյունքներ չտեսանք: Իրավական համակարգի՞ խնդիրն էր, թե՞ այլ պատճառներ կային:

– Էական արդյունքներ ունենալու հնարավորություններ կային, ուղղակի 3 և ավելի տարի անց կարող ենք փաստել, որ հեղափոխություն չի եղել, տեղի է ունեցել իշխանափոխություն: Երբ մեր ակնկալիքները մեծ էին, երբ մենք վստահ էինք, որ ամեն ինչ լավ է լինելու, մենք գիտեինք, թե հեղափոխություն է տեղի ունեցել, բայց հետո դեպքերի զարգացումները, գոնե ինձ, բերեցին համոզման, որ հեղափոխություն՝ որպես այդպիսին, չի եղել, եղել է իշխանափոխություն, և իշխանության են եկել նոր մարդիկ, բայց կառավարման համակարգը հինն է մնացել: Եկել են պոպուլիստներ, որոնք մեզ անընդհատ խոստումներով են կերակրել ու կերակրում են:

– Այսինքն՝ պատճառն այն էր, որ ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխությո՞ւն էր եղել 2018 թվականին:

– Այո՛, եկել է ուժ, որը չուներ քաղաքական ծրագիր ու, ընդհանրապես, անելիքների ծրագիր չուներ, իրենց համար հանգիստ տեղավորվել են իշխանական սենյակներում:

– Պարո՛ն Հարությունյան, հեղափոխության կամ ձեր ասած՝ իշխանափոխության օրերին լսում էինք շատ-շատ մարդկանց անուններ, որոնց ներկայիս իշխանությունը մեղադրում էր թալանի, կոռուպցիայի, ապօրինի հարստացման համար: Հիմա ինչո՞ւ այդ մարդկանց գույքի նկատմամբ, օրինակ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի, որի մասին առավել հաճախ էին խոսում, արգելանք չի կիրառվում: Ինչո՞ւ, այսպես ասած, ավելի ստվերում գտնվող մարդկանց նկատմամբ են նման գործեր հարուցվում, իսկ առավել հայտնիների նկատմամբ՝ ոչ:

– Չեմ կարող ասել, որովհետև պետք է հասկանալ իշխանությունների տրամաբանությունը, իսկ այդ տրամաբանության մեջ ես չեմ կարող տեղավորվել, տեղեկացված չեմ ու չեմ էլ հասկանում: Այդ հարցը ինքս էլ կարող եմ ուղղել ցանկացած մեկին, այսինքն՝ հարցականները շատ են, պատասխաններ չկան:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am