Արցախում կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է

Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Արցախի Հանրապետությունում շարունակվում է իրականացվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

«Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժինը, որով կարող են պատվաստվել 7500 քաղաքացի Արցախ է ներկրվել Ռուսաստանի Դաշնությունից՝ ռուս-հայկական Լազարևյան ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի աջակցությամբ:

Պատվաստումների իրականացման արդյունքում կունենանք կորոնավիրուսի հետևանքով ծանր հիվանդության նվազում և մահացության դեպքերի բացառում:

Պատվաստումները կամավոր հիմքով են իրականացվում, բայց քաղաքացիները պետք է իրազեկված լինեն, որ կորոնավիրուսի կանխարգելման դեմ սա լուրջ պատվաստանյութ է: Նախկինում կորոնավիրուսային վարակ տարած անձինք ևս կարող են պատվաստվել:

Պատվաստումները իրականացվում են երկու դեղաչափով 21 օր ընդմիջումով: Այնուհետև քաղաքացիներին տրվում է նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագիր, որում նշվում են պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները և անձնական տվյալները: