«Ասում էին` լավ մասնագետներ ունեք, բայց ձեզ մոտ…հաշմանդամ, հիվանդ երեխաներ կան». ներառական կրթության անցնելը, ըստ մասնագետների իրավիճակ կփոխի

«Ասում էին` լավ մասնագետներ ունեք, բայց ձեզ մոտ…հաշմանդամ, հիվանդ երեխաներ կան». ներառական կրթության անցնելը, ըստ մասնագետների իրավիճակ կփոխի
«Ասում էին` լավ մասնագետներ ունեք, բայց ձեզ մոտ…հաշմանդամ, հիվանդ երեխաներ կան». ներառական կրթության անցնելը, ըստ մասնագետների իրավիճակ կփոխի

Հինգ տարի հանրակրթական դպրոց հաճախելուց` հետո նոր դպրոց տեղափոխվելով միայն Աննան սկսեց սովորել մասնիկներ գրել, տառերը կապակցել իրար, թվերը գումարել ու հանել:
Աննան մտավոր հետամնացության խնդիրներ ունի եւ նրա մայրը նշում է, որ նախկին դպրոցում երեխան անընդհատ բախվել է անհանդուրժողականության, նույնիսկ վիրավորանքների արժանացել ուսուցիչների կողմից:
«Ոչ մի ուշադրություն, ոչ մի բան, անիմաստ ներվայնանում էր երեխան էդ դպրոցում: Գրել, կարդալ անգամ չի սովորել: Իսկ մաթեմատիկայի ուսուցչուհին մի անգամ նույնիսկ շատ խիստ վիրավորել էր երեխային: Դե երեխան խնդիր ուներ, ագրեսիայից տետրը պատռել էր, ուսուցչուհին էլ ասել էր` зачем эту дуру привозят, эту идиотку »,-պատմում է Աննայի մայրը՝ Մարինե Մելիքյանը:

Սեպտեմբերին, ներառական կրթություն իրականացնող Երեւանի թիվ 100 հատուկ դպրոցում «նոր կյանք» սկսելով, Աննայի մայրն ասում է, որ «երեխայի տրամադրվածությունը ուսման եւ կյանքի հանդեպ լիովին փոխվեց»:

«Նոր դպրոցում շատ լավ է, քիչ-քիչ ադապտացվում է երեխան, եւ մանկավարժներն են լավը եւ երեխաները: Ես շատ գոհ եմ: Ուղղակի ափսոսում ենք, որ հինգ տարի ուշացած եկանք այստեղ»,-ասում է Մարինե Մելիքյանը:

Երեւանի թիվ 100 հատուկ դպրոցը 2002-ից ներառական կրթություն է իրականացնում: Աննայի համադասարանցի Լիաննա Գրիգորյանը, ով էպիլեպսիա ունի, ներառական կրթությամբ դպրոցում է առաջին դասարանից:

Լիաննայի մայրը առավոտյան աղջկա հետ դպրոց է գալիս եւ համբերատար սպասում մինչ դասերի ավարտը:

«Ես առաջին երեք տարին դասաերին նստել եմ երեխայիս հետ, հիմա տեսնում եմ, որ  փոփոխությունը մեծ է: Արդեն երկրորդ տարին է՝ իմ երեխան մենակ է դասերին նստում ու մեծ ուրախությամբ է գալիս դպրոց: Ես շատ գոհ եմ, որովհետեւ մեծ հաջողությունների ենք հասել: Այստեղ մեր երեխաները այդ անլիարժեքությունը չեն զգում, ինչ սովորական դպրոցներում»,-ասում է 6-րդ դասարանում սովորող Լիաննայի մայրը՝ Վարդուհի Հովհաննիսյանը:

Խնդիրներ ունեցող երեխաների ծնողները նշում են, որ ներառական կրթությանը միտված վերջին օրենսդրական փոփոխությունները միայն նպաստավոր կանդրադառնան «մթնոլորտի» վրա եւ առավել կհեշտացնեն երեխաների կրթությունը կազմակերպելը:

«Սա շատ կարեւոր է,-ասում է Վարդուհի Հովհաննիսյանը,-քանի որ այսօր ամեն համայնքում ծնողը կարող է երեխային դպրոց տանել եւ ոչ թե երկար ճանապարհ անցնել ներառական կրթություն իրականացնող եզակի հաստատություններ հասնելու համար»:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 24-ին Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն՝ սահմանափակ կարողություններով երեխաները կկարողանան կրթություն ստանալ հանրապետության բոլոր 1450 դպրոցներում:

«Քանի որ այդպիսի ծավալուն փոփոխությունները միջոցառումների մեծ ծրագիր են պահանջում, օրինագիծը նախատեսում է, որ մինչև 2022 թվականը սահմանափակ կարողություններով երեխաները կկարողանան ներառական կրթություն ստանալ հանրապետության բոլոր դպրոցներում: Մենք պետք է բոլոր երեխաներին հնարավորություն տանք ոչ միայն կրթություն ստանալու, այլ նաև ինտեգրվել հասարակությանը»,– նշել էր Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ներկայացնելով օրինագիծը:

Հայաստանում առաջին անգամ դպրոցներում ներառական կրթություն փորձնական իրականացվել է 2002-ից, իսկ 2005-ին, երբ հաստատվել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին» օրենքը տարեցտարի սկսել են ավելանալ ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը:

Այսօր Հայաստանում գործում է ներառական կթություն իրականացնող շուրջ 107 դպրոց, իսկ ՀՀ մյուս բոլոր դպրոցներում «Կրթության մասին» օրենքի փոփոխությունները կսկսեն իրագործվել 2014-ից:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈԻՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի տվյալներով՝ Հայաստանում  8 հազար հաշմանդամ երեխա կա, ինչը կազմում է երկրում ապրող երեխաների ընդհանուր թվի 1 տոկոսը։

«Հայաստանը ավելի քան տասնամյա ճանապարհ է անցել և առանձին դպրոցների մակարդակում հասցրել է արձանագրել լուրջ առաջխաղացումներ: Սակայն դպրոց առ դպրոց ներառական դարձնելու մոդելը, որը սկզբանական շրջանում արդյունավետ էր փորձ ձեռքբերելու և կարծրատիպերը կոտրելու համար, այլևս կենսունակ չէ: Ժամանակն է ներառական դպրոց կառուցելուց զատ կերտելու ներառական կրթական համակարգ»,-«Մեդիալաբին» ասում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանը:

Ըստ նրա՝ համընդհանուր ներառումը ենթադրում է, որ չեն լինի ներառական դպրոցներ և ոչ ներառական դպրոցներ: Բոլոր դպրոցները կընդունեն և կրթական ծառայություններ կմատուցեն բոլոր երեխաներին: Այս առումով նա շատ է կարեւորում նաեւ մանկավարժների վերապատրաստված լինելը:

«Երեխան իրեն անհրաժեշտ բոլոր հատուկ ծառայությունները կստանա դպրոցում: Այս համատեքստում անհրաժեշտ է, որպեսզի կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունները սերտորեն համագործակցեն»,-ասում է Պողոսյանը:

Նա կարեւորում է բոլոր դպրոցներում ներառական կրթության իրականացումն ու զարգացումը եւ մատնանշում որոշակի նախնական արդյունքեր.

«Եթե ամբողջ հանրապետության կտրվածքով ընդհանուր դպրոց են գնում հենաշարժողական և կամ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաների 61%-ը, ապա Տավուշի մարզում, որտեղ իրականացված պիլոտ ծրագիրը առաջին քայլերից էր բոլոր դպրոցները ներառական դարձնելու ուղղությամբ, գնում է 77%-ը, իսկ Երևանում, որտեղ կենտրոնացած են ներառական դպրոցների շուրջ կեսը, 70-ը»:

Երեւանի թիվ 100 դպրոցը, որ դեռ 2002-ից իրականացնում է ներառական կրթություն «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հետ, այսօր ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 54 աշակերտ:

«Համար մեկ հաջողությունը այստեղ այն է, որ երեխան իրեն հասարակության լիարժեք անդամ է զգում դպրոց մտնելու պահից, ծնողներն ու հարազատներն էլ շատ հանգիստ են: Երկրորդ դրական կողմը այն է, որ հանրակրթական դպրոցի աշակերտը շփվելով խնդիր ունեցող երեխաների հետ, դառնում է ավելի հանդուրժող, ավելի հոգատար, ավելի ջերմ, ավելի բարի եւ այսպես մենք առողջացնում ենք մեր հասարակությունը»,-ասում է Երեւանի թիվ 100 հատուկ դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանը:

Այդ փոփոխությունների մասին խոսում են անեւ դպրոցի մանկավարժները: Նրանք պատմում են, երեխաները մեծ ոգեւորվածությամբ եւ ուրախությամբ են հաճախում դասերին, ավելի հանդուրժող են, ջերմ:

«Սովորելով ու շփվելով խնդիր չունեցող երեխաների հետ՝ խնդիր ունեցող երեխայի աշխարհայացքը փոխվում է, սահմանափակ չի մտածում, հավասար է զգում մյուսների հետ, իրեն լքված չի զգում եւ շփման համար ավելի բաց ու ազատ է դառնում»,-ասում է թիվ 100 դպրոցի հոգեբանա Մարիաննա Գրիգորյանը եւ հավելում, որ երեխաների մոտ ադապտացիոն շրջանը հիմնականում տեւում է 3-4 ամիս:

Ըստ Օհանյանի՝ իրենք դպրոցում ձեւավորում են հասարակության մի փոքրիկ մաս, որտեղ բոլորը հավասար են, նայում են իրար առանց խղճահարության եւ հոգատար են միմյանց նկատամամբ:

«Իսկ 10 կամ 20 տարի անց մենք կտեսնենք, որ մեր դպրոցի աշակերտները ուր էլ որ լինեն՝ ուսումնական հաստատությունում, թե աշխատավայրում խիստ տարբերվելու են մյուս դպրոցների իրենց հասակակիցներից»,-ասում է Օհանյանը:

Նա վերհիշում է դպրոցի անցած 10 տարվա դժվարին ճանապարհը, որ հաղթահարել են դպրոցի մանկավարժները միասին՝ իրենց բազմակողմանի աշխատանքի շնորհիվ` կարեւորելով Հայաստանի բոլոր դպրոցներում ներառական կրթության առկայությունը, որպես նաեւ աշխատանք կարծրատիպերի վերացման:

«Մենք թաղամասում առաջինը իրականցրեցինք ներառական կրթություն, ծնողները երեխաներին բերում էին մեզ մոտ ու ասում, դուք շատ լավ մասնագետներ ունեք, բայց մենք չենք ուզում երեխա բերենք ձեր դպրոց, որովեհետեւ ձեզ մոտ հաշմանդամ, հիվանդ երեխաներ կան,-«Մեդիալաբին» պատմում է Օհանյանը,- Կամ էլ խմբակային նկար նկարվելիս ծնողը ասում էր, թող իմ երեխան չկանգնի այդ խնդիր ունեցող երեխայի կողքը: Դա կարծրատիպ էր, որ մեր դպրոցը հաղթահարեց, բայց այն պետք է հասարակության միջից վերացվի: Մենք այս ամենի միջով ծանր ենք անցել, բայց անցել ենք»:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի

© Medialab.am