Լիանա Տաշչյանը հուզմունքով է հիշում որդու խոսքը. «Մա՛մ, գալու եմ, չմտածես, լավ ա լինելու»։
Սակայն որդուն տեսնելու Լիանայի հույսը այդպես էլ չիրականացավ, 18-ամյա Գրիգորը պատերազմից չվերադարձավ։
Մեկ ամսվա զինծառայող էր Գրիգոր Տաշչյանը, երբ սկսվել է պատերազմը, Գրիգորը եղել է առաջնագծում, կռվել թշնամու դեմ, սակայն ընտանիքի անդամներին մշտապես հավատացրել է, թե որպես նորակոչիկ թաքստոցում է, մարտերին չի մասնակցում, մինչդեռ մինչև նոյեմբերի 6-ը Գրիգորը եղել է թեժ կետերում։
«Հադրութում է եղել, Մարտունիում, ինքը նույնիսկ ինձ չասեց, որ Շուշիում է։ Միշտ խաբում էր, որ պատերազմի մեջ ա, ասում էր՝ բունկերում ենք, հետո եմ ընկերներից իմացել՝ որտեղ ա եղել»,- հուզմունքով ասում է որդեկորույս մայրը։
Լիանան որդու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 6-ին, հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, դեպքը տեղի է ունեցել։ Գրիգոր Տաշչյանը զոհվել է Շուշիում հակառակորդի հարվածից։
«Մենք մինչև հիմա կոնկրետ չգիտենք՝ ինչ զենքի հարված է եղել, ուսից կամ դոշից ա եղել հարվածը»,- ասում է Լիանան ու հուզմունքով նշում՝ որդու զոհվելուց հետո կյանքը գլխիվայր շրջվել է։
Գրիգորի զինակից ընկերները Լիանային որոշ մանրամասներ են պատմել պատերազմի օրերից՝ ընդգծելով, որ Գրիգորի շնորհիվ են ողջ մնացել։
«Ասում էին՝ Գոքորը չլիներ, մենք հիմա չէինք լինի: 3 օր իրանք ուղղակի քայլել են անտառներով՝ առանց հրամանատարի, առանց ուտելիքի, արդեն ուժասպառ են եղել: Զինակից ընկերներից մեկն ասում ա՝ ես արդեն ոչ մի բան չէի զգում՝ ուր ենք գնում, ինչ ենք անում, ընկել եմ, ասում եմ՝ կմնամ, կմեռնեմ ստեղ: Գոքորն ասել է՝ թա՛փ տուր քեզ, իրա զենքը, ուսապարկը վերցրել է, ու իրան էլ հրել է, բրթել, որ քայլի։ Ասել է՝ ես ձեզ ստեղ ոչ մեկիդ չեմ թողնելու։ Պատմում ա՝ խրամատները, որ փորում էինք, ես ուժ չունեի, ուժասպառ ընկնում էի, ինքը գալիս էր, իմն էլ էր փորում, ու նենց էր փորում, որ ԱԹՍ-ի համար նկատելի չլիներ։ Միշտ կասկան դնում էր ու մեզ էլ ասում՝ չհանե՛ք, միշտ զենքը մաքուր ու պատրաստի վիճակում»,- պատմում է ընկերների ասածը Լիանան։
Մայրն ասում է՝ որդուց լուր չստանալուց հետո սկսել են փնտրել, սկզբում ասել են, թե որդին վիրավոր է․ «Ամսի 13-ին փոխարինող կոմբատին զանգեցինք, ասեց՝ չէ՛, վիրավոր չի, Շուշիի ներսում են, մենք պետք է էսօր Կարմիր խաչի օգնությամբ մտնենք-հանենք, համոզեց, որ ամեն ինչ նորմալ ա։ Ասեց՝ 7-ից հետո զանգեք, տղերքին դուրս բերած կլինենք, զանգեցինք, ասեց՝ չենք հանել։
Արդեն ամսի 15-ին են մտնում, դուրս բերում՝ զոհված»,- արցունքների միջից պատմում է Լիանան։
Գրիգոր Տաշչյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Մայրը հուզմունքով ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքն այլևս առաջվանը չէ։
«Իմ կյանքը չկա, ես չկամ, իմ կյանքն էլ ա կանգնել իրա հետ»,- ասում է Լիանան։
Լիանայի խոսքով՝ Գրիգորը տան լույսն էր, ուժը, ամեն ինչը։ «Ինքը ուրիշ էր, շատ կապված էինք, կիսվում էր գաղտնիքներով, համ ընկեր էր, համ որդի, ամեն ինչ»,- ասում է մայրը։
Գրիգորը սիրում էր կատակներ անել, աջակցող էր, հասկացող՝ ասում է մայրը։ «Բակում եթե տեսներ խեղճ երեխա, ինքը միշտ պաշտպանում էր, չէր թողնի նեղացնեին։ Իրան թաղում մեծից փոքր սիրում էին»։
Մինչև բանակ գնալը Գրիգորը կահույքագործություն է սովորել, մի քանի ամիս աշխատել։ Մայրն ասում է՝ որդու նպատակն էր տուն գնել, քանի որ վարձով էին ապրում։
«Ասում էր՝ գալու եմ աշխատեմ, մեր տունն ենք ունենալու։ Ասում էր՝ ես պիտի աշխատեմ, ամեն ինչի հասնեմ, լավ ապրենք, ոչ մի բանի խնդիր չունենանք։ Ինձ ասում էր՝ մե՛րս, դու պրոբլեմ չունես։ Միշտ էդ խոսքը ականջիս ա, իրա ամեն խոսքը հիշում եմ, ամեն բառը ինձ համար թանկ ա»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։
Արփինե Արզումանյան
MediaLab.am