Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության աշխատանքի դադարեցման մասին լուրը կեղծ է

2023թ. հունվարի 9-ից սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով:

Դա կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների եւ կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով:Այս մասին հայտնում է Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը:

Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Դեռ ավելին, շրջափակումից ի վեր հեռուստատեսությունը աշխատում է ավելի խիստ ռեժիմով՝ նպատակ ունենալով շրջափակման հետեւանքով ծագած խնդիրներն ավելի օպերատիվ վեր հանել եւ դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին ավելի օպերատիվ իրազեկել բնակչությանը: