Պետությունը որբ է

Վահրամ Թոքմաջյան

Մեկնարկեցին հերթական գումարման ԱԺ աշխատանքները։ Իսկ ինչո՞ւ հերթական, որովհետև այս ռիթմի դեպքում շուտով հաշիվը խախտելու ենք, թե որ գումարման ԱԺ-ն է գործում։ Դատելով առաջին օրերի աշխատանքից՝ խուժան կինոների համաշխարհային ինդուստրիայի առաջատարները լրջագույնս պետք է պայքարեն Հայաստանի ԱԺ նիստերի հեռարձակման համար։

Տհաճ էր, ընկերնե՛ր, շատ տհաճ։ Տհաճ էր ամեն ինչ։ Տհաճ էր՝ սկսած կաթողիկոսի պահվածքից, որը վերջում Կնյազ Հասանովի կողմն անգամ չնայեց, և ՀՀ ամենատարեց պատգամավորի ձեռքն օդում մնաց, վերջացրած իշխանության ակամա թույլ տված կիքսերից։

Լինում են գյուղերի դպրոցներում ուսուցիչներ, որոնք արդեն 70-ն անց են ու գնացել վաստակած թոշակի։ Փոխարենն ընդունել են երիտասարդ, նորավարտ աղջկա, որն էլ ամուսնացել ու ֆիզարձակուրդ է գնացել։ Խեղճ ուսուցչին հետ են կանչում վաստակած հանգստից ու տալիս ամենաչար դասարանը։ Հենց այդ վիճակում էր Կնյազ Հասանովը։ 

Ընդհանրապես, ես կարծում եմ, որ հաջորդ գումարման ԱԺ առաջին նիստը պետք է վարի ոչ թե ամենաավագը, այլ՝ ամենավարժ կարդացողը։ Հենց այդպես։ Հիշո՞ւմ եք, երբ մենք փոքր էինք, դպրոցներում ընթերցանության՝ արագ ու հստակ կարդալու ստուգատեսներ էին կազմակերպվում։ 

Թող կազմակերպեն ու ամենավարժ կարդացողին հանձնարարեն անցկացնել ԱԺ նիստ և հետո, ստուգատեսի արդյունքում կարող է պարզվել, որ պատգամավորների մի զգալի մասը վարժ կարդալ չգիտի։ Իսկ ո՞վ ասաց, որ անգրագետներին պարտավոր ենք մեր վզին պահել։

ԱԺ-ն լավագույնս ապացուցեց, որ Հայաստանը որբ է։ Եթե վերանանք այսու օգտագործվող մտքի՝ «հանուն Հայաստանի Հանրապետության» ճոռոմությունից ու գանք բովանդակությանը, ապա ստիպված ենք փաստել, որ քաղաքական ուժերից որևէ մեկը, այդ թվում՝ կաթողիկոսն ու նախագահը, հանուն Հայաստանի Հանրապետության չէին ԱԺ-ում։ 

Նրանցից յուրաքանչյուրն ուներ յուր օրակարգը։ Դեռ լավ է, որ ամենայն հայոց գաստրալյորը՝ Արմեն Սարգսյանը, կտրվել էր օլիմպիական խաղերից և լայաղ էր արել ԱԺ ժամանել։ 

Ընդհանրապես այդ սուբյեկտն առանձին քննության առարկա է, թե օրեր շարունակ ինչ էր անում Ճապոնիայում մի երկրի նախագահ, որը կքած է պարտության ծանրագույն բեռի տակ ու փաստացի սահմաններ չունի։ Թերևս Ճապոնիայում միայն չհանդիպեց «Աշտարակ կաթի» Հիրոսիմայի մասնաճյուղի ղեկավարի հետ։

Յուրաքանչյուրն ԱԺ էր եկել իր օրակարգով, ու բոլորն էին կեղծ։ Թե՛ կաթողիկոսը, որն ընդամենը ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, իսկ այսօր արդեն շաբլոն դարձած համերաշխության կոչեր անում, թե՛ Արմեն Սարգսյանը, որը բոլորին հասցրել է «էն բանից անել» արհեստական բանականության մասին յուր անիմաստ մտավարժանքներով, թե՛ ընդդիմությունը, որի ուզածը միայն շոու էր, թե՛ իշխանությունը, որի այդտեղ հայտնվելու հիմնական պատճառը ինքնապաշտպանական բնազդն է և ուրիշ ոչինչ։

Արձանագրենք, որ ընտրություններով Հայաստանի քաղաքական ճգնաժամը չլուծվեց։ 

Ֆորմալ առումով իհարկե կարող ենք խոսել ինչ-որ տոկոսներից, լեգիտիմության աստիճանից ու ընտրողի իրավունքից, սակայն ըստ էության ճգնաժամը կա ու դեռ երկար է շարունակվելու։ 

Ավելին՝ տարօրինակ կլիներ, եթե այդ ճգնաժամը վերանար։ Իսկ այս ԱԺ-ն՝ անհատական ու խմբային մակարդակում, այդ ճգնաժամի ցցուն ցուցիչն է, որը հերթական անգամ որբ է թողնելու Հայաստանի Հանրապետությունը։

Միայն մեկ արտաքին դետալ կա՝ միմյանց սազում են։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am