Նախագահ Սարգսյանը պաշտոնական այց կկատարի Սուրբ Աթոռ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ.տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այցի ընթացքում նախատեսված է նախագահ Սարգսյանի առանձնազրույցը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ:

Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակույթի, գիտության և հումանիտար, ինչպես նաև միջեկեղեցական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդում, հանդիպում կունենա և մշակութային ոլորտում փոխգործակցության խորացման հարցեր կքննարկի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ:

Հանդիպմանը կհետևի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: